10.09.2018 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
«ՄԻ ԲԱՎԱՐԱՐՎԵՔ ԱՐԴԵՆ ԻՄԱՑԱԾՈՎ, ԴՈՒՔ ԱՐԺԱՆԻ ԵՔ ԱՎԵԼԻԻՆ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ԴԱՍԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
«ՄԻ ԲԱՎԱՐԱՐՎԵՔ ԱՐԴԵՆ ԻՄԱՑԱԾՈՎ, ԴՈՒՔ ԱՐԺԱՆԻ ԵՔ ԱՎԵԼԻԻՆ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ԴԱՍԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Երևանի պետական համալսարանի դասախոսներն ու գիտաշխատողները ևս կողմ են այն գաղափարին, որ մոտիվացիան չափազանց կարևոր է: Նրանք էլ իրենց դասերն են տալիս ուսանողներին:

 Մեր նվիրական և ցանկալի երազանքների իրագործման  ճանապարհին, մեծ հաշվով, ամենախոշոր խանգարող հանգամանքը ծուլությունն է: Ծուլությունն անտեսել չի կարելի, բայց հաղթահարել կարելի է: Դրա համար ամենից արդյունավետ միջոցը մոտիվացիան է: Ուսումնական տարվա սկզբին «ysu.am»-ն հավաքել է մոտիվացիոն դասեր իր ուսանողների համար:

 Հարվարդը, ինչպես հայտնի է, աշխարհի լավագույն համալսարաններից մեկն է: Նոբելյան մրցանակին արժանացած հարվարդցիների թիվը տպավորիչ է ՝ 30 դափնեկիր: Այս ուսումնական հաստատությունն ավարտած մարդկանցից ոմանք պատմություն կերտող դեմքեր են (Ջոն Քենեդի, Ֆրանկլին Ռուզվելտ), ոմանք անհավանական հաջողակ և հարուստ բիզնեսմեններ (Բիլ Գեյթս, Մարկ Ցուկերբերգ) և այլն:


 Այսպիսով, ինչպե՞ս են Հարվարդի համալսարանի ուսանողները կարողանում այդքան աշխատել և իրագործել իրենց երազանքները: Ո՞րն է գաղտնիքը, իսկ ուսանողները պատասխանում են՝  մոտիվացիոն դասերը:

  1. Եթե դու հիմա քնես, երազումդ կտեսնես այն, ինչ ցանկանում ես: Բայց եթե արթուն մնաս և սովորես, ցանկությունդ կդարձնես իրականություն:
  2. Սովորելու համար տանջվելը ժամանակավոր է, տգիտության պատճառով տանջվելը՝ հավերժ:
  3. Ուսումը ժամանակը չէ, ուսումը ջանքերն են:
  4. Կյանքը միայն ուսումը չէ, բայց եթե դու չես կորողանում անցնել նրա նույնիսկ այս մասը, ինչպե՞ս ես հետո իմանալու, թե ինչի ես ընդունակ:
  5. Վայելիր մշտական աճելու հնարավորությունը:
  6. Այսօրը էլ երբեք չի կրկնվի:Չկա չարչարանք՝ չկա արդյունք:
  7. Ժամանակը երբեք չի կանգնում, բայց եթե դու ոչինչ չես անում, այն անցնում է աննկատ:

 Այս խորհուրդները շատ վաղուց դադարել են լինել միայն հարվարդցիների սեփականությունը: Նրանցով է դաստիարակվում եվրոպական և ամերիկյան ուսանողությունը: Իսկ ի՞նչ խորհուրդներով են ուսուցանվում ԵՊՀ-ի ուսանողները:


Երևանի պետական համալսարանի դասախոսներն ու գիտաշխատողները ևս կողմ են այն գաղափարին, որ մոտիվացիան չափազանց կարևոր է: Նրանք էլ իրենց դասերն են տալիս ուսանողներին:

 

Սովորելը լոկ դասերը սերտելը չէ։ Այս բառը հարկավոր է բառացի հասկանալ. սովորել հավասար է սովոր լինել: Ինչն անսովոր է` անորոշ է, անհարմարավետ, տագնապալի։ Ինչը սովորական է` հանգիստ է, հարմարավետ, վարժ։ Այսինքն, եթե սովորում ես, ապա տիրապետում ես իրավիճակին, հարմարվում և հարմարեցնում ես աշխարհը, կարող ես փոխել ինչ-որ բան, ազդեցիկ լինել, վայելել հոգևոր ու նյութական բարիքները։ Մեծ հաշվով, եթե հավակնում ես մարդ լինելու առաքելությանը` աշխարհում քո ներկայությունը հաստատելուն, գոյատևման պայքարում հաղթանակելուն, քո թողած ժառանգության մեջ հարատևելուն, ապա սովորելուն առաջնահերթ կարևորություն պետք է տաս ...

 

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Հրաչյա Հովհաննիսյան

 

 Գրականությունն օգնում է մեզ հնարավոր ու անհնարին ամբողջ բազմազանությամբ ու խորությամբ զգալ, ճանաչել ու վերապրել աշխարհը: Այն սովորեցնում է սիրել, ատել, տառապել, մտածել, հուզվել, զգալ. մարդը մարդ է դառնում կամ մարդ մնում այս ամենով: Ըստ այդմ էլ պետք չէ գոհանալ ձեր ունեցած գիտելիքներով, կարդացած գրքերով, մեկ մարդուն հասանելի զգացմունքներով ու փորձառությամբ. դուք արժանի եք ավելիին:


Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Հայկ Համբարձումյան

 

 Ամենաառաջնայինն այն է, որ համալսարանում ձեր (ուսանողի) հայտնվելը չպետք է դիտվի իբրև նպատակին հասնելու հանգրվան. բոլորովի՛ն: Համալսարանը մեկնարկ  է բազում այլ մեկնարկների, բայց երբեք հանգրվան: Սա նաև նշանակում է, որ ձեր ունակությունները մեկընդմիշտ տրված կամ սահմանված չեն, այլ ենթակա են փոփոխության: Սա էլ իր հերթին նշանակում է, որ դուք ունեք ընտրելու հնարավորություն, և ցանկացած մարտահրավեր ընդամենը Ձեր ունակությունները փորձարկելու կամ կատարելագործելու, ինչպես նաև նոր գաղափարներ և տվյալներ բացահայտելու միջոց է:


Պատմության ֆակուլտետի պ.գ.թ. , դոցենտ Սմբատ Հովհաննիսյան

 

 

 Ուսանողը պետք է լինի ակտիվ և նախաձեռնող: Շուտ հիասթափվելն անթույլատրելի է:


Կենսաբանության ֆակուլտետի դասախոս Կարեն Թռչունյան

 

Մարինե Առաքելյան

Այլ նորություններ
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը:
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»: