05.08.2021 | 
Հասարակություն
«ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՓՈԽՎԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
«ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՓՈԽՎԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին:

Հովհաննես Հովհաննիսյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵՊՀ ժամանակավոր խորհուրդը, որը բաղկացած է 3 անդամից:

 

Վահրամ Դումանյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ռեկտորի նախկին ժ.պ. Գեղամ Գևորգյանին:

 

 

 «Ավելի քան երկու տարի է, ինչ որպես ռեկտոր միասին աշխատել ենք: Հեշտ ժամանակաշրջան չի եղել համալսարանի համար: Մենք հաղթահարեցինք համավարակ, պատերազմ, որոնց հետևանքները, սակայն, մինչ օրս առկա են: Համալսարանը կայունություն դրսևորեց, պատվով հաղթահարեց ու դեռևս շարունակում է լուծել առկա խնդիրները:  Շնորհակալ եմ բոլորին»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

 

Այնուհետև նախարարը հակիրճ ներկայացրեց Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը՝ շեշտելով, որ վերջինս տիրապետում է կրթական համակարգի նրբություններին և հստակ տեսլական ունի ոլորտում կատարվող բարեփոխումների վերաբերյալ:

 

ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարն իր ելույթում նշեց, որ այս հանդիպումից զատ՝ նախատեսում է հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպել բուհի յուրաքանչյուր դեկանի, ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ հասկանալու առկա խնդիրները:

 

 

«Համալսարանը պետք է դառնա իրապես կրթական հաստատություն, որը զերծ է քաղաքական որևէ երանգից: Ես նույնպես ապաքաղաքական եմ, ուստի անելու եմ ամեն ինչ, որպեսզի բուհի մթնոլորտը փոխվի: Բնականաբար, ես միայնակ չեմ կարող բարեփոխումներ իրականացնել, դրա համար յուրաքանչյուրն իր քննադատությամբ ու խորհուրդներով պետք է նպաստի այդ գործընթացին՝ ի շահ համալսարանի ու պետության: ԵՊՀ-ն պետք է առաջամարտիկ լինի՝ իր հետևից տանելով ամբողջ կրթության համակարգը: Այդ տեսանկյունից բավականին գործ կա անելու: Ես մոտավոր ծրագիր եմ կազմել ինձ համար, թե ինչպես ենք դա անելու: Այն դեռ կքննարկեմ բոլորիդ հետ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, իսկապես, ռեֆորմիստական է, ուստի հույս ունի, որ այն կընդունվի:

 

Վահրամ Դումանյանը համալսարանականներին հիշեցրեց, որ Հովհաննես Հովհաննիսյանը ժամանակավոր պաշտոնակատար է, առաջիկայում նախատեսվում է իրականացնել ռեկտորի ընտրության մրցույթ:

 

Հիշեցնենք, որ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ Արդարադատության նախարարի հրամանով օրեր առաջ ձևավորվել է ԵՊՀ ժամանակավոր խորհուրդ, որը կատարում է այն նույն լիազորությունները, ինչ Հոգաբարձուների խորհուրդը, այդ թվում՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը:

Այլ նորություններ
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։