Ուսանողական հարցումներ
 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի (28-րդ հոդված, 4-րդ կետ), ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ուսանողական հարցումների վերաբերյալ օրինակելի կանոնակարգի դրույթները` ԵՊՀ-ն 2002 թ-ին ներդրեց դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների համակարգը՝ որպես ուսանողների կողմից դասախոսական կազմի գիտամանկավարժական գործունեության և բարոյահոգեբանական հատկանիշների գնահատման մեխանիզմ (24.05.2002 թ.)։ Այդ մեխանիզմի կիրառումը նպաստեց ԵՊՀ դասախոսական հանրության շրջանում նոր դիրքորոշումների ձևավորմանը, ինչպես նաև դասավանդման գործընթացի բարելավմանը: Սակայն, այդ ժամանակ նկատելի էին նաև որոշ թերություններ՝ կապված հարցումների մեթոդաբանության և հուսալիության, ինչպես նաև ստացված արդյունքների վերլուծության և օգտագործման հետ:


Ուսանողների կողմից դասախոսական կազմի գնահատման մեխանիզմի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ հարցման մեթոդաբանությունը, ընթացակարգը և չափանիշները (հարցաշարը) պարբերաբար լրամշակվել և կատարելագործվել են (2003, 2004, 2009, 2010, 2011)։ Մասնավորապես, հարցումների արդյունքների օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նոր կանոնակարգում սահմանվեց հարցման ենթակա ուսանողների թվաքանակի առնվազն 2/3-ի մասնակցություն: Փոփոխությունները վերաբերում էին նաև հարցման արդյունքների քննարկումների կանոնակարգմանը և դրանց արդյունավետ կիրառմանը: Համաձայն վերոնշյալ կանոնակարգում կատարված փոփոխությունների, ինչպես նաև անաչառությունն ապահովելու նպատակով՝ հարցումները և տվյալների մշակումն իրականացվում է կենտրոնացված, հարցման անցկացման պայմանների և արդյունքների վերլուծության միասնական չափանիշների հիման վրա։ Հարցման արդյունքները քննարկվում են ամբիոնների, ֆակուլտետների գիտական խորհուրդների, այնուհետև ԵՊՀ ԳԽ նիստերում:

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ 2010-ին ընդունվեց դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցման նոր՝ լրամշակված կանոնակարգը (ԵՊՀ ԳԽ որոշում, 17.06.2010 թ.), վերանայվեց և ամբողջովին լրամշակվեց հարցաշարը։ Նոր կանոնակարգն առավել մանրամասն է լուսաբանում ուսանողական հարցման անցկացման, արդյունքների մշակման և դրանց օգտագործման ընթացակարգերը: Քննարկման արդյունքներն օգտագործվում են ինչպես դասավանդման մոտեցումները և կիրառվող մեթոդները կատարելագործելու, այնպես էլ դասախոսների պաշտոնակալման, առաջխաղացման և խրախուսման նպատակներով:

2011/12 ուստարում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներին մասնակցել է ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողական համակազմի (մոտ 18000 ուսանող) 77%-ը։ Գնահատվել է 6700 դասընթացներում պարապող դասախոսների դասավանդման որակը։ Հինգ բալանոց համակարգում հարցման միջին գնահատականը ամբողջ համալսարանի մասշտաբով կազմել է 4,53 (հարցման արդյունքները մանրամասն ներկայացվում են հարցումների վերաբերյալ տարեկան հաշվետվությունում)։

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am