ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
12.10.17
ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Այսօր համալսարանականների համար դասախոսությամբ հանդես եկավ Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր, միջնադարագետ Միքելե Նուչոտին:

Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի կողմից «Էրասմուս+» ծրագրի շրջանակում: Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը նշեց, որ իրենք արդեն 7-րդ տարին է, ինչ համագործակցում են Ֆլորենցիայի համալսարանի հետ: Մասնավորապես «Մետաքսի ճանապարհ»-ի մշակութային-պատմական «կերպարի» հետազոտությունը սկսել են 4 տարի առաջ:

 

«Սկսել ենք «Մետաքսի ճանապարհ»-ի Վայոց ձորի հատվածից: Այն մշակութային առումով ստրատեգիական նշանակություն ունի Հայաստանի համար: Մերօրյա բազմաթիվ միջազգային ծրագրերում «Մետաքսի ճանապարհ»-ի հետազոտության մեջ Հայաստանը ներառված չէ»,- ասաց Համլետ Պետրոսյանը:

 

Պատճառներից մեկը, ըստ ամբիոնի վարիչի, «Մետաքսի ճանապարհ»-ի տեսանկյունից Հայաստանի մշակութային ժառանգության ոչ պատշաճ ներկայացումն է: Վերջինս հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի հետազոտության առաջին հատորը. «Սրան զուգահեռ՝ որոշեցինք իրականացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր «Էրասմուս+» ծրագրի շրջանակում»:

 

Միջնադարագետ Միքելե Նուչոտին ներկայացրեց երկու դասախոսություն՝ «Միջերկրայքը և Իտալիան միջին դարերում. մշակութային ընդհանրացումներ» և «Մշակութային ժառանգությունը և համայնքային հնագիտությունը» թեմաներով:

 

Մեզ հետ զրույցում Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսորը նշեց, որ սա Հայաստանում իր առաջին դասախոսությունն է ընդհանուր լսարանի, ուսանողների համար. «Սկսած 2014 թվականից՝ Վայոց ձորում մեր հետազոտությունների արդյունքների հիման վրա սեմինարներ ենք անցկացնում իմ գործընկերներ Տատյանա Վարդանեսովայի և Համլետ Պետրոսյանի հետ: Բայց դա միայն արշավախմբի անդամների համար էր»:

 

Միքելե Նուչոտին կարևորեց համատեղ կազմակերպվող միջոցառումների անցկացումը և ասաց, որ դրանք թույլ են տալիս իրականացնել ոչ միայն հետազոտությունների, այլև ուսուցանման փոխանակման ծրագրեր. «Կարծում եմ՝ ուսուցման տարբեր մեթոդները, «Էրասմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների փոխանակումը իմ և Համլետ Պետրոսյանի աշխատանքն ավելի արդյունավետ են դարձնում»:

 

Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը հավելեց, որ «Էրասմուս+» ծրագրի շրջանակում 3 հայ ուսանողներ երկու տարի սովորելու են Ֆլորենցիայի համալսարանում, իսկ այնտեղից 2 ուսանողներ եկել են Մշակութաբանության ամբիոն:

 

Տեղեկացնենք, որ վաղը՝ ժամը 11:00-ին, Ֆլորենցիայի համալսարանի ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր Չեչիլյա Լուչին հանդես կգա «Միջնադարյան Եվրոպայի վանական ճարտարապետությունը» և «Ռենեսանսի քաղաքային տարածքի կազմակերպումը Ֆլորենցիայի օրինակով» թեմաներով դասախոսությամբ:

 

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am