«ԵՊՀ-Ն ՄԻԱԿ ԲՈՒՀՆ Է, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է HR ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐ»
13.10.17
«ԵՊՀ-Ն ՄԻԱԿ ԲՈՒՀՆ Է, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է HR ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐ»
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց տարածաշրջանային ՄՌ (մարդկային ռեսուրսներ) երկօրյա համաժողովը, որի շրջանակում անցկացվող էքսպոյում ներկայացվեց նաև ԵՊՀ «Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)» մագիստրոսական ծրագիրը:

«Փոփոխությունների կառավարում» խորագրով երկօրյա համաժողովը կազմակերպվել է «Cascade People & Business» ընկերության և Հայաստանի ՄՌ ասոցիացիայի կողմից:

 

Համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են փոփոխությունների կառավարման ոլորտում միջազգային որակավորում ունեցող 15 փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Դանիայից, Լեհաստանից և Ղրղզստանից, որոնք համաժողովի 2 օրերի ընթացքում կներկայանան ինչպես ելույթներով, այնպես էլ վարպետության դասերով:

 

Համաժողովին զուգահեռ՝ երկու օրերի ընթացքում գործելու է նաև ՄՌ էքսպո, որը ոլորտի մասնակից կազմակերպություններին հնարավորություն կտա ստեղծելու գործարար նոր կապեր, ձևավորելու ամուր մասնագիտական ցանց:

 

Էքսպոյին իր ուրույն տաղավարով ներկայացել է նաև ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը ԵՊՀ «Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)» մագիստրոսական ծրագրով: Մեզ հետ զրույցում մագիստրոսական ծրագրի ղեկավար, Հայաստանի ՄՌ ասոցիացիայի  անդամ և համաժողովի մասնակից Աննա Մաքսուդյանը նշեց, որ երկու տարով նախատեսված ծրագիրը գործում է այս ուսումնական տարվանից:

 

«Հայաստանում չկար որևէ բուհ, որը կպատրաստեր հենց մարդկային ռեսուրսների կառավարիչ: Պահանջարկը շատ մեծ էր, և հենց դրանից ելնելով՝ մեր թիմը Մայր բուհի աջակցությամբ իրականացրեց այս ծրագիրը, ինչի համար ես շատ հպարտ եմ: Իհարկե շատ բուհերում ծանոթանում են այս ոլորտին, բայց առարկայի շրջանակում այն չի կարող պատրաստել մասնագետ, որը հետագայում իր տեղը գտնի աշխատաշուկայում: Այսօր կարող եմ ասել, որ ԵՊՀ-ն միակ բուհն է, որը պատրաստում է HR մագիստրոսներ»,- ասաց Աննա Մաքսուդյանը:

 

 

Խոսելով էքսպոյի մասին՝ մագիստրոսական ծրագրի ղեկավարը նշեց, որ շատ արդյունավետ է համաժողովին զուգահեռ անցկացնել նաև նմանօրինակ միջոցառում. «Համաժողովում ներկա էին ոչ միայն հայաստանյան բազում կառույցների ներկայացուցիչներ, այլև արտասահմանցի շատ մասնակիցներ: Շատ լավ է, որ մենք հնարավորություն ունենք նրանց ներկայացնելու մեր մագիստրոսական ծրագիրը և ասելու, որ պատրաստում ենք աշխատուշակային անհրաժեշտ կադրեր»:

 

ԵՊՀ մագիստրոսական ծրագրի տաղավարն էքսպոյում ներկայացնում էին այդ նույն ծրագրի ուսանողուհիներ Մելինե Գևորգյանը, Մերի Պետրոսյանը, Սյուզաննա Հարությունյանը և Անի Խաչատրյանը:

 

Մեզ հետ զրույցում Մելինե Գևորգյանը նշեց, որ ծրագրում ներառված են արդիական ու մրցակցային գիտելիքներ փոխանցող առարկաներ: Անի Խաչատրյանն էլ հավելեց, որ մագիստրոսական ծրագիրը յուրահատուկ է նաև իր բնույթով. «Մեր դասերը շատ ինտերակտիվ բնույթ ունեն: Շատ հանդիպումներ ենք ունենում արտասահմանցի և հայ մասնագետների հետ, իրականացնում ենք փորձի փոխանակում և այլն»:

 

Տեղեկացնենք, որ համաժողովը, ինչպես նաև դրա շրջանակում անցկացվող էքսպոն կշարունակվեն նաև վաղը:  

 

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am