ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾՈՒՄ
26.12.17
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾՈՒՄ
«Ամենախելացին» հեռուստանախագծում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արամ Դալլաքյանը հաղթող է ճանաչվել «Կրոն» անվանակարգում:

ԵՊՀ ուսանողը 2018 թ.-ին կմեկնի երկշաբաթյա ուխտագնացության Երուսաղեմ: Մրցանակը սահմանել է Արարատյան Հայրապետական թեմը:

 

Ի տարբերություն «Ամենախելացին» ինտելեկտուալ նախորդ մրցույթի (ուսանողական), որին կարող էին մասնակցել ՀՀ բուհերի բակալավրիատի ցածր կուրսերի ուսանողները,  այս տարի մասնակցելու հնարավորություն են ստացել նաև մագիստարտուրայի ուսանողները: Ընդ որում՝ մասնակիցները Հայաստանի ու Արցախի ուսանողներն էին:

 

«Առաջին անգամ, երբ ուսանողների համար կազմակերպվեց նախագիծը, որոշեցի չմասնակցել դրան, քանի որ ժամանակ չունեի, բայց արդեն այս եթերաշրջանին ընկերներս համոզեցին, որ մասնակցեմ և ուժերս փորձեմ, ես էլ համաձայնվեցի»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Դալլաքյանը:

 

Մրցույթին մասնակցել ցանկացողները հայտերը լրացրել էին դեռևս գարնանը: Նրանց հնարավորություն էր տրվել ընտրելու իրենց հետաքրքրող թեմաները: Արամ Դալլաքյանը նշեց, որ սկզբից էլ ցանկացել է ընտրել իրեն հոգեհարազատ թեմաները` կրոն, պատմություն, գրականություն. «Առանձնապես չեմ պատրաստվել դրանց. սեփական գիտելիքներիս վրա էի հույսս դրել»:

 

«Դպրոցում ու համալսարանում ստացած, ինչպես նաև սեփական ջանքերով ձեռք բերված գիտելիքներս տարբեր ոլորտներից շատ կարևոր էին ինձ համար»,- նշում է Արամ Դալլաքյանը:

 

ԵՊՀ ուսանողը մրցույթի ամբողջ ընթացքում առաջնորդվել է հետևյալ կարգախոսով՝ «Հանգստություն պահպանել ամեն իրավիճակում». «Յուրաքանչյուր խաղի, հատկապես 2-րդ փուլի ժամանակ շատ էի լարվում, բայց աշխատում էի հանգիստ մնալ, որ չշփոթվեմ ու հարցերին ճիշտ պատասխանեմ: Հանգստություն ասելով ավելի շատ նկատի ունեմ հավաքվածություն, չհուզվելու, չշփոթվելու կարողություն, բայց ոչ դանդաղություն, որովհետև մրցույթում շատ մեծ տեղ է հատկացվում արագությանը»:

 

Արամ Դալլաքյանի խոսքով՝ կարգախոսն արդարացավ, և հենց դրա շնորհիվ է, որ հասավ հաջողության:

 

«Մրցույթի ընթացքում ձեռք բերեցի նոր գիտելիքներ, նոր ծանոթություններ և կատարեցի իմ նպատակներից մեկը` շահեցի Երուսաղեմ մեկնելու ուղեգիրը»,- հավելեց Արամ Դալլաքյանը:

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am