Տեղեկատվական բնույթ ունեցող հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի, ՈՒԳԸ-ի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համատեղ նախաձեռնությամբ:
Հանդիպման սկզբում ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ վերջերս հիմնադրված «FAST» հիմնադրամի նպատակն է աջակցել ասպիրանտներին և նրանց համար ստեղծել լրացուցիչ հնարավորություններ, իսկ կրթաթոշակային ծրագիրը, որը կներկայացվի այսօր, իսկապես աննախադեպ է:
Այնուհետև «FAST» հիմնադրամի աշխատակից, հաղորդակցման և սոցիալական մեդիայի մասնագետ Արմինե Պետրոսյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, դրա նպատակները, սկզբունքները, խոսեց իրականացվող աշխատանքների և հիմնադրամի գործընկերների մասին:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի փոխնախագահ Ստեփան Մարգարյանն էլ ներկայացրեց կրթաթոշակային ծրագրի մանրամասները: Նա նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող տաղանդավոր այն ասպիրանտներին և ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն Հայաստանի առաջատար բուհերում բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում իրականացնելու գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ:
«Կրթաթոշակը եզակի հնարավորություն է, որը ֆինանսական և ինստիտուցիոնալ աջակցություն է ցուցաբերում: 2018-2019 ուստարվա համար մենք ունենք 40 կրթաթոշակ. 5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը տարեկան 7.000 ԱՄՆ դոլարի չափով, 25 մասնակի կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը տարեկան 3.500 ԱՄՆ դոլար և 10 ամբողջական կրթաթոշակ իգական սեռի ներկայացուցիչների համար՝ յուրաքանչյուրը տարեկան 7.000 ԱՄՆ դոլար»,- ասաց Ստեփան Մարգարյանը:
Խոսելով պայմանների մասին՝ հիմնադրամի փոխնախագահը նշեց, որ դիմողը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ազգությամբ հայ, լինի ասպիրանտուրայի կամ մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանող, լինի ոչ ավելի, քան 35 տարեկան և ունենա մագիստրոսի աստիճան՝ 3.7 ՄՈԳ-ով. «Դիմելուց պետք է ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որի մեջ ներառված կլինի հետազոտական ծրագրի նախագիծը (առնվազն երկու գրավոր նմուշ), դիմումին ուղեկցող նամակ, ինքնակենսագրություն, օտար լեզվի թեստի գնահատական («TOEFL»-ի դեպքում՝ առնվազն 79 միավոր), դիպլոմների պատճեններ և երկու երաշխավորագիր-նամակ: Ընդ որում՝ այս բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել անգլերենով»:
Ստեփան Մարգարյանը փաստեց, որ փաստաթղթերը ներկայացնելուց հետո սկսվելու է ընտրության փուլը. «Սկզբնական շրջանում ներկայացվում են պահանջվող բոլոր փաստաթղթերը, այնուհետև հիմնադրամի աշխատակիցները նախնական ուսումնասիրություն են իրականացնում, որից հետո ընտրված փաստաթղթերն ուղարկվում են մասնագիտական հանձնաժողովին, որն էլ իր հերթին կուսումնասիրի և ընտրված մասնակիցներին կհրավիրի հարցազրույցի: Հարցազրույցից կարճ ժամանակ հետո կտրվի պատասխան»:
Հիմնադրամի փոխնախագահը տեղեկացրեց նաև, որ ընտրված մասնակիցները հիմնադրամի հետ կստորագրեն պայմանագիր և կունենան մի շարք պարտավորություններ. «Մասնավորապես ասպիրանտները տարեկան երկու անգամ պետք է ներկայացնեն ակադեմիական առաջադիմության հաշվետվություն, պետք է մասնակցեն գիտական սեմինարների, գիտաժողովների, կլոր սեղան-քննարկումների, պահանջված դեպքում էլ հանդես գան որպես «FAST»-ի դեսպան, այսինքն՝ որոշակի միջոցառումների շրջանակում ներկայացնեն հիմնադրամը և կրթաթոշակային ծրագիրը»:
Նշենք, որ հանդիպման ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները պատասխանեցին նաև ներկաների հարցերին:
Տեղեկացնենք նաև, որ հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու և դիմելու համար կարող եք այցելել հիմնադրամի պաշտոնական կայք կամ անցնել հետևյալ հղումով:
Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:
Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ
Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am