ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԼՍԱՐԱՆ
12.02.18
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԼՍԱՐԱՆ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայաստան-Իրան բարեկամության լսարանի» բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

 

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ լսարանի բացումը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Իրանն ու Հայաստանը պատրաստակամ են երկու պետությունների միջև երկկողմանիորեն նպաստավոր, տրամաբանված, փոխշահավետ և բարեկամ ժողովուրդների մակարդակին հարիր հարաբերությունների ընդլայնմանը:

 

 

Լսարանի պաշտոնական բացման արարողությունից հետո դեսպանը Պալեանների անվան դահլիճում հանդիպում ունեցավ համալսարանականների հետ:

 

Պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ողջունեց հյուրին, ի դեմս դեսպանի՝ շնորհավորեց ԻԻՀ ժողովրդին Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձի կապակցությամբ և խոսքը փոխանցեց դեկան Գեղամ Պետրոսյանին, ով հանգամանալիորեն ներկայացրեց հայ-իրանական հարաբերությունների պատմությունն ու զարգացման փուլերը:

 

«Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական, մշակութային և տնտեսական անքակտելի կապերը դարերի պատմություն ունեն: Արդեն 26 տարի է, ինչ մեր պետությունները համագործակցում են միջազգային տարբեր կառույցների գործունեության շրջանակում՝ ի նպաստ երկու պետությունների զարգացմանն ու բարգավաճմանը»,- նշեց պրոֆեսորը և հավելեց, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում բացված լսարանը ոչ միայն նոր մղում կհաղորդի միջազգայնագետ ուսանողների հետաքրքրությունների ընդլայնմանը դեպի Իրանն ու իրանական մշակույթը, այլև մեծապես կնպաստի հայ-իրանական բարեկամական կապերի ընդլայնմանը:

 

Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնեց Մայր բուհի ղեկավարությանը՝ ի դեմս ռեկտոր Արամ Սիմոնյանի և դեկան Գեղամ Պետրոսյանի, և անդրադարձավ Իրան-Հայաստան առնչությունների պատմական կարևոր իրադարձություններին և դրանց նշանակությանը երկու երկրների միջև կապերի ընդլայնման ու զարգացման գործընթացում:

 

 

Ելույթից հետո դեսպանը պատասխանեց նաև ուսանողների հարցերին:

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am