ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
13.02.18
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, հայաստանյան մի շարք բուհերի ռեկտորներ և ուսանողներ:

 

Հյուրերին ողջունեց ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Ուրախալի է, որ մրցույթի արդյունքներն ամփոփվում են Մայր բուհում: Անկասկած, մենք ունենք հուսալի, առաջադեմ և խելացի ուսանողություն: Ուսանող, ով մեր պետության վստահության գրավականն է: Ազգի ճակատագիրը երիտասարդ քաղաքացու ձեռքում է, ու մենք պարտավոր ենք սատարելու և խրախուսելու նրան»:

 

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան էլ նախ անդրադարձավ միջազգային կրթական ոլորտի արդի հիմնախնդիրներին, ինչպես նաև կրթության բնագավառում ներկայումս իրականացվող փոփոխություններին:

 

 

«Արդեն շատ գեղեցիկ ավանդույթ է դարձել այս մրցույթը: Շնորհակալություն եմ հայտնում բուհերի ղեկավար մարմիններին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, քանի որ նրանց ջանքերով ստեղծվում է ոչ միայն գիտելիք ունեցող սերունդ, այլև ձևավորվում են պետության իսկական քաղաքացու հատկանիշներով օժտված անհատներ»,- նշեց նախարարը:

 

Ելույթներից հետո Լևոն Մկրտչյանը հավաստագրեր հանձնեց մրցանակակիր ուսանողներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և հաղթանակներ:

   

Լավագույնները պարգևատրվեցին հավաստագրերով և ՀՀ ԿԳ նախարարի կողմից սահմանված մեկանգամյա անվանական կրթաթոշակներով՝ 1-ին տեղ՝ 400.000 դրամ, 2-րդ տեղ՝ 270.000 դրամ և 3-րդ տեղ՝ 200.000 դրամ:

 

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ: Ուրախ եմ, որ աշխատանքս գնահատվել է: Շնորհակալ եմ մրցույթի կազմակերպիչներին, քանի որ մրցանակը ոչ միայն խրախուսող է, այլև պարտավորեցնող»,- ասում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության բաժնի 2-րդ կուրսի մագիստրանտ Մարիամ Մարտիրոսյանը:

 

 

2017 թ.-ի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողներն են ՀՀ 16 բուհ ներկայացնող 7 տարբեր ոլորտների 41 ուսանողներ:

 

Մրցույթն անցկացվել է 2 փուլով՝ ներբուհական և հանրապետական (միջբուհական իրականացվող): Ուսանողները բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով մրցել են հետևյալ ոլոտներում՝ բնագիտական (այդ թվում՝ մաթեմատիկական-տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:  

 

Հավելենք, որ մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակի հիման վրա, մրցույթի հանձնաժողովի կողմից հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի ուսման առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը (բացառությամբ մշակույթ-սպորտ ոլորտի, որտեղ գնահատվում են ուսման մեջ մասնագիտական ձեռքբերումները՝ ցուցահանդեսներ, մրցույթներ և այլն), ինչպես նաև հասարակական ակտիվությունը:

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am