Էրազմուս+ ՊՐԻՆՏԵԼ նախագծի մեկնարկային համաժողով
26.02.18
Էրազմուս+ ՊՐԻՆՏԵԼ նախագծի մեկնարկային համաժողով
Ս.թ. փետրվարի 15 և 16-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» PRINTeL նախագծի մեկնարկային համաժողովը:

ԵՊՀ-ի ներկայացրած նախագիծը Եվրահանձնաժողովի ERASMUS+ ծրագրի շրջանակներում արժանացել է հավանության և ստացել եռամյա ֆինանսավորում 2018-2020 թթ. համար:



Նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի լուծմանը՝ այն է՝ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացմանը և նորարարությանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը: Ժամանակակից աշխարհում սա գերխնդիր է բարձրագույն կրթության գլոբալ համակարգերում:



Նախագծի հիմնական նպատակն է բարելավել ուսանողի ուսումնական փորձառությունը գործընկեր երկրներում և օժանդակել դասավանդման և ուսումնառության զարգացմանն ու նորարարությանը, աջակցել դասավանդման տեխնոլոգիաների և հետազոտության ինտեգրացիային, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը:



Մեկնարկային համաժողովին մասնակցում էին բոլոր գործընկեր հաստատությունները՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը և Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնը, Իլիայի պետական համալսարանը, Վրաստանի տեխնիկական համալսարանը և Յակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական համալսարանը, Բելառուսիայի պետական համալսարանը, Բրեստի պետական տեխնիկական համալսարանը և Յանկա Կուպալայի անվան Գրոդնոյի պետական համալսարանը, Բարսելոնայի համալսարանը, Պորտոյի համալսարանը, Լինշոփինգի համալսարանը, Լյուվենի կաթոլիկ համալսարանը և Էֆ-Էյչ Ջոաննեում համալսարանը:



Մեկնարկային համաժողովի առաջին օրը ԵՄ և գործընկեր երկրների համալսարանների ներկայացուցիչները ընդհանուր գծերով ներկայացրին իրենց բուհերը և կրթական համակարգի առանձնահատկությունները: Մասնակիցներն առանձնացրին նորարարական դասավանդման և ուսումնառության մեթոդների, գործող վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև այս ամենի իրականացման ճանապարհին ծառացած մարտահրավերների կարևորությունը իրենց ուսումնական հաստատություններում:



Համաժողովի երկրորդ օրը PRINTeL նախագծի աշխատանքային փաթեթները ղեկավարող համապատասխան բուհերը ներկայացրին տվյալ աշխատանքային փաթեթի գործողությունները, դրանց իրականացման ուղիները, ինչպես նաև կարևորեցին դասավանդման և ուսումնառության վիրտուալ ակադեմիայի հիմնումը՝ որպես դասախոսների և ուսանողների կարողությունների զարգացման վիրտուալ հարթակ:



Մեկնարկային հանդիպման եզրափակումն արեց նախագծի համակարգող ԵՊՀ Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, ով մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նախագծի ընդհանուր և ֆինանսական կառավարման հարցերին, ղեկավար կոմիտեի որոշումներին և կոնսորցիում քննարկումներին:

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am