ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
29.06.20
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է քրեակատարողական ընթացակարգի վերաբերյալ երկօրյա առցանց դասախոսություն։

Առցանց դասախոսությունների ընթացքում գերմանացի փորձագետներ Թոմաս Մյուլլերը (Քարլսռուհեի ՔԿՀ-ի ղեկավար) և Հայնց Բրյուխեն (Բադեն-Վյուրթեմբերգի քրեակատարողական կրթական կենտրոն) մասնակիցների համար հանդես կգան քրեակատարողական ընթացակարգի եվրոպական սկզբունքների, ՄԱԿ-ի ստանդարտների նվազագույն կանոնների և այլ թեմաների վերաբերյալ դասախոսություններով, ինչպես նաև կպատասխանեն նրանց հարցերին։

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանում IRZ-ի անմիջական գործընկեր Աննա Մարգարյանն ասաց, որ ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) միջև համագործակցությունը վաղուց է սկսվել. «Այս ժամանակահատվածում ֆակուլտետում դասախոսություններ են կարդացել IRZ-ի աջակցությամբ հրավիրված շուրջ տասը գերմանացի պրոֆեսորներ, դատավորներ, պրակտիկ աշխատողներ, անցկացվել են ուսանողական դատախաղեր, մեր ուսանողները և երիտասարդ դասախոսները մասնակցել են Գերմանիայում կազմակերպվող ամառային դպրոցների»:

 

Նրա տեղեկացմամբ, համագործակցության արդյունքում աջակցություն է ցույց տրվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին, որոնք իրականացվել են հիմնականում ֆակուլտետի դասախոսների կողմից։

 

Այսօր մեկնարկած երկօրյա դասախոսությունների սկզբում Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ շատ ընդարձակ և հեռանկարային ծրագրեր էին մշակվել, որոնցից շատերը, համավարակով պայմանավորված, կյանքի չեն կարող կոչվել․ «Բայց կարծում եմ՝ մեր գործընկերների ջանասիրության և մեր պատրաստակամության միասնության շնորհիվ մենք կարող ենք որոշ արդյունքներ գրանցել, որոնցից մեկն էլ այսօրվա հանդիպումն է»։

 

 

Իրավագիտության ֆակուլտետի դեկանը փաստեց, որ և՛ պրոֆեսորադասախոսական կազմը, և՛ ուսանողները մշտապես պատրաստակամ են նպաստել IRZ-ի ծրագրերի իրականացմանը․ «Մենք ամեն ինչ կանենք, որ դրանք հնարավորինս արդյունավետ կյանքի կոչվեն»։

 

Գագիկ Ղազինյանը կարևորեց նաև առցանց դասախոսությունների թեմատիկան՝ փաստելով, որ ՀՀ-ում այսօր Քրեակատարողական օրենսդրության շրջանակում իրականացվում են բարեփոխումներ, և այդ առումով ուսանողներին օգտակար կլինի ծանոթանալ եվրոպական սկզբունքներին և գերմանացի փորձագետներից լսել իրենց հուզող հարցերի պատասխանները։

 

Քնար Միսակյան

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am