«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
06.04.21
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Նավասարդից մինչև Նովրուզ» խորագրով գիտաժողով։

Գիտաժողովին ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հայ և իրանցի մտավորականներ ու ուսանողներ։

 

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին ու հյուրերին մասնակցության համար և նշեց, որ այսօրվա միջոցառումը նվիրված է հայ-իրանական մշակութային սերտ կապերին, որոնք իրենց արտացոլումն են գտնում նաև տոնացույցում, Նավասարդից մինչև Նովրուզ ընկած փոխառնչություններում։

«Ըստ էության հայերս և Հին Հայաստանը պահպանել ենք հին իրանական տոնացույցի կարևորագույն մի տարրը, որն այնտեղ մոռացության է մատնվել կամ վերաձևակերպվել է Նովրուզի տեսքով։ Ըստ այդմ՝ Հայաստանը շատ պարագաներում իրանական մշակույթի համար ունի թանգարանի նշանակություն»,- ասաց Վ. Ոսկանյանը։

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և ներկայության համար շնորհակալություն հայտնեց նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը. «Առաջին հերթին ուզում եմ ողջունել այս ուշագրավ միջոցառումը, որն Իրանագիտության ամբիոնի հերթական գիտական ձեռնարկումն է»։

Նա նշեց, որ չնայած համաճարակային բարդ պայմաններին՝ Իրանագիտության ամբիոնը շարունակում է իր գիտական և կրթական երթը, ապա շնորհակալություն հայտնեց ամբիոնի վարիչին գիտական նշաձողը բարձր պահելու համար։

 

«Իրանագիտության ամբիոնը և ԵՊՀ-ն ՀՀ-ի ամենակարևոր ու գիտական բոլոր չափորոշիչներին համապատասխանող արևելագիտական օջախներն են»,- հավելեց Ռ․ Մելքոնյանը։

«Նավասարդից մինչև Նովրուզ» խորագրով գիտաժողի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Զոհուրին։ Նա շնորհավորեց անցած տոները և շնորհակալություն հայտնեց նմանօրինակ միջոցառում կազմակերպելու համար։

 

«Տոները լավ առիթ եմ միմյանց ողջունելու, շնորհավորելու և մշակութային ավանդույթներով կիսվելու համար»,- ասաց դեսպանը։

 

Ողջույնի խոսքերից հետո 12 զեկուցողներ հանդես եկան Նովրուզի և Նավասարդի մասին ելույթներով՝ ներկայացնելով Նավասարդը հայկական իրականության մեջ ու Նովրուզը՝ որպես իրանական ինքնության բաղադրիչների մի հատվածի կերտող։

 

Մարինա Առաքելյան

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am