«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
08.04.21
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով:

Վարպետության դասը նախաձեռնել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, որի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց մասնակցության համար և խորհուրդ տվեց հետևել կենտրոնի կազմակերպած հանդիպումների մասին թարմացումներին. «Մենք պարբերաբար նախաձեռնում ենք հանդիպումներ և վարպետության դասեր ոլորտի առաջատար մասնագետների հետ, ուստի, հետևելով մեր կայքի թարմացումներին, դուք հնարավորություն կստանաք տեղեկացված լինելու մեր ապագա միջոցառումների մասին»:

 

«Մարմնի լեզուն գործնական կյանքում» վարպետության դասը վարող Հակոբ Մակդիսը ոլորտի առաջատար մասնագետներից է, և մեզ հետ զրույցում նա կարևորեց նմանաբնույթ միջոցառումների նշանակությունը:

«Այսպիսի հանդիպումների շնորհիվ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները հնարավորություն կունենան մարմնի լեզուն ավելի լավ  ուսումնասիրելու՝ տեղեկանալով ժամանակակից գիտական ուսումնասիրությունների մասին,  ինչի շնորհիվ կկարողանան բիզնեսում գրագետ հարաբերութուններ ստեղծել և պահել դրանք »,- շեշտեց  Հակոբ Մակդիսը:

Վարպետության դասի ընթացքում պարոն Մակդիսը նշեց, որ մարդն իր առօրյայում 30 րոպեի ընթացքում կարող է ուղարկել մոտ 800 ոչ վերբալ ազդանշան, և եթե մարդու ուղեղը բավականաչափ մարզված լինի, կկարողանա շատ երևույթներ ավելի պարզորոշ տեսնել։

 

«Ըստ ժամանակակից հետազոտությունների՝ հաղորդակցման մեջ մարմնի լեզուն առանձնահատուկ կարևոր է և կարող է վճռորոշ նշանակություն ունենալ բիզնեսի հաջողման գործընթացում»,- փաստեց բանախոսը:

Դասընթացի ժամանակ բանախոսը ներկայացրեց «V3» (ձայն, տեսք, լեզու) կանոնի կիրառումը գործնական կյանքում, անդրադարձավ հաղորդակցման ժեստերի տեսակներին. «Առավել ուշադիր պետք է դիտարկել  այն ժեստերը, որոնցով զուգահեռ շեշտվում է որևէ միտք կամ խոսք»:

Սահմանելով «Մարմնի լեզուն»՝ բանախոսը նշեց, որ այն իր մեջ ներառում է կեցվածք, ժեստեր, ձեռքսեղմում, աչքի կոնտակտ, դեմքի արտահայտություն:

 

Ըստ բանախոսի՝ մարմնի լեզուն կոնտեքստային համադրության լեզու է, որտեղ կարևորվում են ինչպես ժեստերը, այնպես էլ համատեքստը:

Վարպետության դասի վերջում տեղի ունեցավ «Դեմ առ դեմ» ձևաչափով քննարկում:

Անի Պողոսյան

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am