ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
29.04.22
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի` Չինարենի և չինական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը» խորագրով մշակութային միջոցառում, որի նպատակն էր նպաստել հայ-չինական բարեկամական հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև կրթական և մշակութային համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ֆակուլտետի ուսանողները, որոնք չինարենով 3 առարկա են ուսումնասիրում (մասնագիտական հաղորդակցման հիմունքներ, դիվանագիտական այցելությունների և զրույցների վարում և դիվանագիտական վարվեցողություն), ներկայացրին հայ-չինական հարաբերությունների պատմությունը, զարգացումը և ձեռքբերումները, ինչպես նաև չինական թեյի, պանդայի դիվանագիտության մասին:

 

 

Խոսելով Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հաստատված տարիների դիվանագիտական հարաբերություններից՝ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը նշեց. «Հայաստանի անկախությունից ի վեր՝ անցած երեսուն տարիների ընթացքում, Չինաստանը մշտապես եղել և մնում է հայ ժողովրդի իրական բարեկամներից մեկը: Նշված ժամանակաշրջանում ամրապնդվող հարաբերությունները գնալով զարգանում են կայուն և հավասարակշռված, բարեկամության, համագործակցության, վստահության և կառուցողական ոգով»:

 

 

Կարևորելով երկու երկրի սերտ հարաբերություններն ու դրանցում Երևանի պետական համալսարանի ունեցած ներդրումը՝ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Չեն Մինն ընդգծեց. «Շատ ուրախ եմ, որ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասավանդվում է չինարեն, և մենք ամեն կերպ կաջակցենք, որ չինարենով հետաքրքրվող ուսանողների թիվն էլ ավելի շատանա: Հուսով եմ՝ չինարեն իմացող ուսանողներն ապագայում դիվանագիտական ոլորտում կզբաղեցնեն պաշտոններ և իրենց ներդրումը կունենան հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Հայ-չինական հարաբերություններն արդեն քանի տասնամյակ է՝ շարունակում են զարգանալ, և մենք ուրախ ենք, որ այս սերունդը ևս հետաքրքրված է երկու երկրների հարաբերությունների զարգացմամբ: Ես ինձ կրկին երիտասարդ եմ զգում՝ գտնվելով ԵՊՀ-ում»:

 

 

Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Ս. Նավասարդյանը ֆակուլտետում շուրջ յոթ տարի չինարեն դասավանդելը կապեց ուսանողների՝ լեզվի նկատմամբ դրսևորած մեծ հետքրքրության հետ. «2015 թ. հիմք դրվեց  ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Կոնֆուցիուսի ինստիտուտի համագործակցությանը, համատեղ ջանքերով բացվեց Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը: Ուսանողները մեծ հետաքրքրություն են տածում չինական մշակույթի և չինարենի նկատմամբ: Նրանք ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները, ինչպես նաև էլ ավելի խորացնել առկա կապերը: Իսկ այս համագործակցությունն արդեն տալիս է իր արգասիքները: Օրինակ՝ մեր լավագույն ուսանողներից մեկը, հաղթահարելով նախընտրական փուլը, հնարավորություն է ստացել մասնակցելու «Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթին»:

 

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am