Մեր մասին
Ռուս բանասիրության ֆակուլտետ



Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

ՈՒԽ նախագահ՝ Ղազարյան Հայարփի (լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություններ, 4-րդ կուրս)

Ծնվել է 1995թ. մայիսի 20-ին ք. Երևանում:

2000-2009թթ. սովորել է Վ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում, 2009-2013թթ. թիվ 46 ավագ դպրոցում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ:

2013թ.-ից առ այսօր սովորում է Ռուս բանասիրության ֆակուլտետի լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություններ բաժնում:

2014թ.-ից հանդիսանում է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ԵՊՀ Խորհրդի անդամ:

2015թ.-ին ընտրվել է ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ, ինչպես նաև ֆակուլտետային Գիտական խորհրդի անդամ: 

 

Ֆակուլտետի ՈւԽ անդամներն են
Ղազարյան Հայարփի
Միքայելյան Էմմա
Մելքոնյան Աննա
Սիմոնյան Սաթենիկ
Խալաֆյան Աննա 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը
Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հանդիսանում է ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարման մարմին և գործում է համաձայն ԵՊՀ ՈւԽ կանոնադրության: Ստորև ձեզ կներկայացնենք Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈւԽ-ի կողմից տարվող աշխատանքները ողջ տարվա ընթացքում և արդեն ավանդույթ դարձած այն տոներն ու միջոցառումները,որոնք իրականացվում են ՈւԽ-ի ջանքերով` ֆակուլտետում ուսանողների ակտիվությունը բարձր պահելու, ինչպես նաև ուսանողական բուռն ու հետաքրքիր կյանքը կազմակերպելու համար:Միջոցառումների մեծ մասը կրում են նաև ճանաչողական բնույթ:

Ֆակուլտետային ՈւԽ հիմնախնդիրներից մեկն է նորեկ ուսանողներին` առաջին կուրսի ուսանողներին, տեղեկությունների փոխանցումը: 2011թ.-ից. Ռուս բանասիրության ֆակուլտետում ավանդույթ է դարձել առաջին կուրսեցիներին դիմավորելու արարողությունը: ՈւԽ ներկայացուցիչները հանդիպում են նորեկների հետ, ներկայացնում ՈւԽ գործունեությունն ու գործառույթները, ծանոթացնում նրանց իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև ծանոթացնում առկա կրթական համակարգին, այս դեպքում Բոլոնյան գործընթացին, որի վերաբերյալ անցկացվում է նաև առանձին սեմինար, քանի որ յուրաքանչյուր ուսանող պետք է ծանոթ լինի այն կրթահամակարգին, որում նա սովորում է: Այս ամենից հետո Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները ունենում են բավականաչափ գիտելիքներ իրենց հետագա ուսումը բարեհաջող և գիտակ մարդու պես սկսելու և շարունակելո համար: Այսպիսով, ՌԲ ֆակուլետի ՈւԽ-ն առաջին հերթին ապահովում է ուսանողների տեղեկացվածությունը: 

Մյուս կարևոր քայլը, որն իրականացնում է ֆակուլտետային ՈւԽ-ն, առաջին կուրսեցիների հետ ճանաչողական կամ պատմամշակութային էքսկուրսիան է, ինչը նպաստում է նոր ուսանողներին ավելի լավ ճանաչելուն և լավ ժամանցի ապահովմանը: 

ՈւԽ կարևոր գործառույթներից մեկն է նաև ուսանողների ժամանցի կազմակերպումը: 2012թ.-ից ֆակուլտետում ավանդույթ է դարձել ամանորի նախաշեմին քաղցրավենիքի տոն-մրցույթի կազմակերպումը: Մրցույթի պայմանները հետևյալն են. յուրաքանչյուր կուրս հադես է գալիս իր «քաղցր սեղանով». ողջունելի են ինքնուրույն պատրաստված քաղցրավենիքները ,ժյուրիի անդամներն են ուսանողները և դասախոսները:Այն կուրսը, որն առավել շատ ձայն է հավաքում, նա ճանաչվում է հաղթող և ստանում հատուկ մրցանակ:

ՈւԽ մեկ այլ ավանդույթ է ֆակուլտետում տոն օրերին տոնական մթնոլորտ ստեղծելը: 2013թ.-ից Ռուս բանասիրության ֆակուլտետի նախասրահն ու ցուցատախտակները ցանկացած միջոցառումից և տոնից առաջ դատարկ չեն լինում, այլ զարդարվում են յուրօրինակ կերպով`ապահովելով տոնական տրամադրություն:

Կա ևս մի կարևոր ավանդույթ Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈւԽ-ում: Դա ֆակուլտետի ուսանողների ինտելեկտուալ մտքի զարգացումը խթանող «Ի՞նչ,որտե՞ղ,ե՞րբ» խաղի անցկացումն է,որը կազմակերպվում է 2012թ.-ից ՌԲ ֆակուլտետի ՈւԽ գիտակրթական հանձնաժողովի կողմից:

Շատ կարևոր էր նաև ՌԲ ֆակուլտետում Բանավեճի ակումբի բացումը, որը գործում է 2013թ. հոկտեմբերից: Ակումբը կազմակերպում է բանավեճեր տարբեր թեմաներով, ինչը օգնում է ուսանողներին փոխանակվել կարծիքներով, իմանալ ճիշտ բանավեճի կանոնները և զարգացնում է ուսանողների վերլուծական-դատողական միտքը:

Արդեն մի քանի տարի ՌԲ ֆակուլտետի ուսանողները մայիսի 9-ին այցելում են վետերանների տուն, որտեղ իրենց ելույթներով շնորհավորում են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իրենց մասնակցությունը ունեցած և քաջություն ցուցաբերած վետերաններին և լսում նրանց հետաքրքիր պատմությունները: ՌԲ ՈւԽ-ն պարբերաբար կազմակերպում է այցեր նաև դեպի հանրապետության տարբեր մանկատներ: Այս այցերը նունպես կդառնան բարի ավանդույթ ՌԲ ֆակուլտետում:

Արդեն մի քանի տարի է, ինչ ՌԲ ՈւԽ-ն ապրիլի 24-ին կազմակերպում է սեմինար-հանդիպում 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որտեղ ուսանողների հետ հանդիպում է Արա Պապյանը:

Վերջերս ՌԲ ֆակուլտետի ՈւԽ-ն տոնեց ԵՊՀ  ՈՒԽ 20 ամյակը, ինչի առիթով կազմակերպվել էր ֆակուլտետին հատուկ ֆլեշ-մոբ: