29.05.2017 | 
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ «ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ 1» ԱՄՍԱԳՐՈՒՄ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ «ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ 1» ԱՄՍԱԳՐՈՒՄ

ԵՊՀ տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ որոշել են լուսաբանել համալսարանի ակտիվ ուսանողական կյանքը ու պատմել բուհում հաջողությունների հասած ուսանողների մասին:
Ուսանողական խորհրդի Հասարակայնության հետ կապերի ու լրատվության հանձնաժողովի ջանքերով սկսվել է «Ալեք Մանուկյան 1» ամսագրի վերահրատարակումը: 
«Ամսագիրը վերջին անգամ լույս էր տեսել 2010թ.-ին, մենք էլ որոշեցինք այն վերահրատարակել, որպեսզի դրա միջոցով անդրադառնանք ուսանողության խնդիրներին ու ինքնադրսևորվելու հարթակ տանք ստեղծագործողներին»,- ասաց հանձնաժողովի նախագահ Դավիթ Մաթևոսյանը:


«Ալեք Մանուկյան 1» ամսագրի բաժինների ու թեմաների ընտրությունը կատարում է հանձնաժողովների անդամներից կազմված խմբագրակազմը, որում գերակռշում են Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ապագա լրագրողները: 
«Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող ուսանողների համար ամսագիրը փորձ ձեռք բերելու յուրահատուկ հնարավորություն է: Այստեղ առաջին քայլերն անող ապագա լրագրողները կարող են սխալվել և սովորել հենց սեփական վրիպակների վրա»,- նշեց Դավիթ Մաթևոսյանը:
Վերահրատարակված ամսագիրն ամբողջությամբ տարբերվում է իր նախորդներից, թե գույնով, թե ոճային առաձնահատկություններով, ամբողջությամբ փոխվել է նաև խմբագրակազմը: Մի քանի օր առաջ տպագրված առաջին համարն արդեն հասցրել է հետաքրքրել բազմաթիվ ուսանողների, ովքեր հնարավորություն կունենան ամսագրի 200 օրինակները գտնել Ուսանողական խորհրդում, դեկանատներում և գրադարանում: