07.12.2017 | 
ԱՆՑԿԱՑՎԵՑ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԽԱՂԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
ԱՆՑԿԱՑՎԵՑ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԽԱՂԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

Դեկտեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ակումբային միջբուհական առաջնության  եզրափակիչ փուլը: ԵՊՀ Ուսանողական խորհրդի Գիտակրթական հանձնաժողովը  հանրապետության 12 համալսարանների ուսանողներից ձևավորված 45 թիմերին հարթակ էր տրամադրել՝ մրցելու գիտելիքների ու տրամաբանության ոլորտում: Հաղթանակը «Anonymous» թիմինն էր:

 

Խաղը վարելու համար հրավիրվել էր «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Տիգրան Քոչարյանը, ով էլ հայտարարեց հաղթող թիմերի միավորները. 3-րդ տեղ՝ «Хаос»-21 միավոր, 2-րդ տեղ՝ «ЭВР»- 22 միավոր և առաջատար՝ «Anonymous»- 28 միավոր: Վերջինիս ավագ Ալլա Բաղդասարյանը նշեց, որ սիրում է թիմային խաղեր, առավել ևս՝ ինտելեկտուալ, բայց մասնակցության բուն նպատակը հենց հաղթանակն էր:

 

 

Լավագույն եռյակը ստացավ հավաստագրեր, նվերներ, հաղթողը իր հետ տարավ խաղի խորհրանիշ բուի տեսքով մրցանակը: Առաջնության լավագույն խաղացող ընտրվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող Արսեն Ահարոնյանը:

Առաջնության մասնակիցներից Կարինե Թադևոսյանի խոսքերով՝ խաղը ուղեղը մարզելու տրամաբանությունը աշխատացնելու լավագույն միջոցներից էր, իսկ դա երբեք ավելորդ չի լինում, իսկ Աննա Ազիզյանը կարծում է, որ  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը առօրյայում կիրառելի գիտելիքներ է տալիս:

 

Մասնակիցների հավաստմամբ՝ առաջնությունը գիտելիքներից բացի նաև նոր ընկերներ ու ջերմ հիշողություններ է տվել: Օրինակ՝ «Բրիտանացի գիտնականներ»-ի անդամ Անահիտ Ազատյանը սկզբում իր թիմակիցներից միայն մեկին է ճանաչել, առաջնության ընթացքում ճանաչել ու սիրել է նաև մյուսներին:

«Առաջնությունը կարելի է համարել ստացված, քանի որ գրեթե բոլոր մասնակիցները գոհ էին թե խաղերի որակից, թե աշխատակազմի աշխատանքից: Սպասելիքները իրոք մեծ էին և իմ կարծիքով՝ մենք արդարացրեցինք դրանք անցկացնելով իսկապես հաջող մի ծրագիր:»-ասում է առաջնության կազմակերպիչ Լևոն Առաքելյանը և հավելում, որ այս ամենը կունենա շարունակական բնույթ:

 

Արուսյակ Կապուկչյան