15.02.2018 | 
ՀԱՍՄԻԿ ՇԻՐՈՅԱՆԻ ԱՅՑԸ ԵՊՀ
ՀԱՍՄԻԿ ՇԻՐՈՅԱՆԻ ԱՅՑԸ ԵՊՀ

 «Ուկրաինայի ձայնը» նախագծից մինչեւ Հայաստան ու Դեպի Եվրատեսիլ,  այսօր էլ՝ ԵՊՀ։ Տաղանդավոր երգչուհի Հասմիկ Շիրոյանը հյուրընկալվել էր Մայր Բուհ։ Երգչուհին մեծ և դրական էներգիա բերեց իր հետ, որը փոխանցվեց ուսանողներին։

 

 

Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում նա խոսեց իր հաջողությունների, կարիերայի, եւ ծրագրերի մասին։ Դեպի Եվրատեսիլ մրցույթից ակնկալիքները մեծ են։ Հասմիկի հաջող ելույթի համար պրոֆեսիոնալներ են աշխատում։ Իսկ թե ինչ արդյունք կունենա, պարզ կլինի փետրվարին կայանալիք եզրափակիչ մրցույթում։ Առայժմ չի շտապում կարծիքներ հայտնել իր մրցակիցների երգերի ընտրության մասին, որևէ մեկին չի առանձնացնում։ Կարևորն ի վերջո Հայաստանի հաղթանակն է։ 

 

 

Երգչուհին մասնագիտությամբ հոգեբան է, ինչը երգարվեստում և, առհասարակ, տարբեր ոլորտներում միշտ օգնում է նրան։ Կյանքում առաջնորդվում է մեկ կարեւոր սկզբունքով՝ երբեք կանգ չառնել ու քայլել առաջ։

 Հանդիպման ընթացքում ուսանողներն առիթ ունեցան լսելու երգչուհու մրցութային երգը կենդանի ձայնով, իսկ դահլիճից ուսանողները նրան ձայնակցեցին: Ուսանողների այն հարցին, թե հնարավորության դեպքում ո՞ր երկրի անվան տակ հանդես կգա միջազգային մրցույթում՝ Հայաստանի՞, թե՞ Ուկրաինայի, երգչուհին պատասխանեց՝ միանշանակ Հայաստանի:

 

Նորա Հայրապետյան

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրս