19.04.2018 | 
«Դասից դուրս» Մհեր Հովհաննիսյանի հետ
«Դասից դուրս» Մհեր Հովհաննիսյանի հետ

«Դասից դուրսը» հարցազրույցների շարք է մեր դասախոսների հետ:
Մեր առաջին հյուրը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մհեր Հովհաննիսյանն է:

-Պարոն Հովհաննիսյան, ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը, եթե ունեք:
-Որպես այդպիսին հատուկ կարգախոս չէի ցանկանա նշել: Կա ապրելու սկզբունք. փորձել օգտակար լինելով առաջ գնալ:

-Ձեր կարծիքով արվեստը կյանքի…

-Արվեստը կյանքի կարևոր և անհրաժեշտ բաղադրիչ է, որը մարդուն մարդ ձևավորում:

-Իսկ եթե խոսենք առանձին ինչ-որ ճյուղի մասին,օրինակ երաժշտության…
-Երաժշտությունը տրամադրության հետ է կապված.ազգային երաժշտությունից մինչև ռոք բալադներ:

-Գիրք,որը փոխեց Ձեր կյանքը:
-Զարզանդ Դարյանի «Արծիվ Վասպուրականի»-ն:

 -Ձեզ մոտիվացնում է…

-Իմ ընտանիքը և այն մարդիկ, ովքեր շրջպատում և հավատում են ինձ:

-Իսկ ի՞նչն է Ձեզ տխրեցնում:
-Անտարբերությունը:

-Ժպիտ է պարգևում…
-Մարդկային տարրական առօրյա ուրախությունը:

-Երբեք մի ասեք …բացի երբեքից:
-Ես ինքս փորձում եմ «երբեք» բառը չօգտագործել: Պատմագիտության մեջ ևս որպես հաստատուն եզրույթ կիրառելը նույնպես ընդունելի չեմ համարում:

-Այսօրվա սերունդը
-Լուսավոր է:

-Դասախոս լինելը`
-Պատասխանատվություն:

-Ձեր կարծիքով լավ ապագա կերտելու համար ի՞նչ է հարկավոր:
-Նպատակասլացություն,աշխատասիրություն և սեփական խղճի առաջ հնարավորինս պատասխանատու և մաքուր լինելու ձգտում:

-Հայաստանում հնարավո՞ր է:
-Միանշանակ:

-Ո՞րն է եղել հայ ժողովրդի գոյության գրավականը:
-Նպատակասլացությունը:

-Հայոց պատմության լավագույն էջերից է…, որը առաջին պահին եկավ Ձեր մտքին:
-Առաջին պահին,որ եկավ իմ մտքին… այսօրն է:

-Իսկ Ձեր կարծիքով ի՞նչ է պետք Հայաստանի լավ ապագան կերտելու համար:
-Հայաստանի լավ ապագան կերտելու համար պետք է, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով:

-Ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթը Հայաստանն անվանել է հրաշքների երկիր,ինչի՞ հետ եք համեմատում Հայաստանը դուք:
-Սեփական տան:

-Ո՞րն է եղել ձեր հաջողության ճանապարհի առաջին քայլը:
-Ավելի շուտ երկու քայլ: Մեկը՝ դպրոցական տարիներին պատմաբան դառնալու որոշումս, մյուսը՝ դպրոցում պատմության ուսուցչի աշխատանքի հրավերը ընդունելը:

-Ինչպե՞ս և որտեղի՞ց է սկսվել մասնագիտական ուղղվածության կողմնորոշումը:
- Ես պատկանում եմ այն սերնդին,որը, ցավոք սրտի, դպրոցական տարիքում պատերազմ է տեսել: Մի բան, որը իմ մեջ հայրենիքս ավելի լավ ճանաչելու մեծ ցանկություն առաջացրեց: Ինչին նպաստեցին պատմության դասերը իմ հարազատ դպրոցում:

-Հասարակությունը ինչպե՞ս է ընկալում ձեր մասնագիտությունը,ի՞նչ համոզմունքներ կան, և ինչպե՞ս եք դուք վերաբերվում դրանց:
-Հասարակության տարբեր շրջանակներ մեր մասնագիտությունը տարբեր կերպ են ընկալում. անլրջությունից մինչև բարդ, պատասխանատու աշխատանքի: Մասնա-գիտությանս լուրջ եմ փորձում վերաբերվել: Կրթական ասպարեզում ինձ համար կարևորը քաղաքացի և արհեստավարժ մասնագետ դաստիարակելն է, իսկ գիտահետաոզոտական մասով՝ հնարավորինս գիտական և մյուս կողմից ոչ մասնագետի համար ընկալման առումով պարզ ու կիրառական ուսումնասիրություններ իրականացնելը:

-Ինչպիսի՞ն պիտի լինի ուսանողն ըստ Ձեզ,ո՞ր հատկանիշներն եք կարևորում:
-Նպատակասլաց, անաչառ, ժամանակն ու գիտելիքը գնահատող աշխատասեր հասուն անձ:

-Ինչպե՞ս կարող է ուսանողը գտնել համալսարանից աշխատավայր տանող ճանապարհը:
- Նախ սովորելու միջոցով կուտակած մասնագիտական գիտելիքների հարուստ պաշարն է, մյուսը՝ մասնագիտական դաշտի զարգացումներին ջանասիրաբար ներգրավվելն է, որում կրկին մեծ տեղ են զբաղեցնում գիտելիքը և դա նկատող ու ոգեշնչող դասախոսները:

-Ինչպիսի՞ նախադրյալներ կան Հայաստանում լավ մասնագետ դառնալու համար:
-Միանշանակ հնարավոր է լավ մասնագետ դառնալ: Նշածս հատկանիշներով զինված ուսանողը պետք է համբերատար և ջանասիրաբար գնա դրան, եթե ցանկություն ունի որ այդ նախադրյալները հօգուտ իրեն աշխատեն: Մյուս կողմից արդի աշխարհում անհրաժեշտ է անընդհատ կատարելագործվել և նույնիսկ ինչ որ կերպ նոր մասնագիտական հմտություններ ստանալ առաջնային մասնագիտության մեջ ավելի առաջատար լինելու համար:   

   

                                                                                                                                      Հարցազրաւյցը՝ Լիլիթ Մկրտչյանի