15.05.2018 | 
«Դասից դուրս» Մարտին Գրիգորյանի հետ
«Դասից դուրս» Մարտին Գրիգորյանի հետ

 

 ՄԵԾ ԱՐՎԵՍՏ ԿԱ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԲԱՅՑ ՈՉ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, ԱՅԼ ԲՆԱՏՈՒՐ

 Հարցազրույց Ֆիզիկայի ֆակուլտետի

Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ

Մարտին Գրիգորյանի հետ

1.    Որն է Ձեր կյանքի կարգախոսը:

 

Որքան հնարավոր է օգտակար լինել:

2.    Արվեստը կյանքի…

 

Մարդու գոյություն ունենալն ինքնին արվեստ է:

 3.    Երաժշտությունը…

 

Մերձեցում է թե շրջապատի տարբեր տարերի, թե ազգությունների ու պետությունների միջև:

4.    Գիրք, որը փոխեց  Ձեր հայացքները:

 

Ուսանողական տարիների կարդացած յուրաքանչյուր գիրք որոշակի ազդեցություն է ունեցել: Սիրում էի աֆորիզմներ կարդալ:

5.    Ձեզ մոտիվացնում է…

 

 

Ամեն մի լավ բան, օրինակ ձեր ժպիտը: Բոլորն անձրևից խորշում են, բայց բարակ անձրևը կարող է ինձ ոգեշնչել: Առվի կարկաչը, բնությունը: Ես ծնվել եմ Գեղաձոր գյուղում: Ալագյազի մաքուր օդը, մոտերքով հոսող ջուրը միշտ ոգևորել են ինձ: Քննությունից առաջ պարտադիր պիտի գնայի գյուղ:

6.    Ժպիտ է պարգևում…

 

Փոքրիկ երեխայի ծիծաղը, լավ հայի օգտակար աշխատանքը, լավ երաժշտությունը:

7.    Ձեզ տխրեցնում է…

 

Չարությունը, անհեթեթ կեցվածքը, ատելությունը, նախանձը: Հիշում եմ՝ հայրս ասում էր, որ նման մարդիկ դժբախտ են և նախանձությունն առաջին հերթին իրենց է ուտում:

8.    Երբեք մի ասեք…

 

Որ դիմացինը նույնը կտա Ձեզ, կփոխհատուցի:

 

9.    Այսօրվա սերունդը…

 

Շատ իրարամերժ է ու տաղանդավոր:

 

10. Դասախոս լինելը…

 

 

Կարծում եմ պիտի ծնվես դասախոս: Մեծ արվեստ կա դասախոսության մեջ, դերասանություն կա, բայց ոչ արհեստական, այլ բնատուր:

 

11. Լավ ապագա կերտելու համար պետք է…

 

Նվիրում, աշխատանք: Այլ հարց է, որ կլինեն խոչընդոտներ կամ խանգարողներ:

 

12. Լավ կրթության համար պետք է…

 

Միջավայր, ցանկություն, դժվարություններ հաղթահարելու կամք:

 

13. Ինչպես և ինչից սկսվեց մասնագիտական կողմնորոշումը:

 

Դա գալիս է բնավորությունից. ամեն ինչում տրամաբանական կապ եմ փորձում տեսնել: Մաթեմատիկան այն գիտությունն է, որ տարածություն կամ ժամանակ չի ճանաչում, այն փոքր տարիքից գրավել է ինձ:

 

14. Ինչպիսին պիտի լինի ուսանողն ըստ Ձեզ:

 

Ուսանողը սկզբում պիտի հարգի իրեն, հետո՝ դասախոսին:

 

15. Ինչպիսի նախադրյալներ կան Հայաստանում լավ մասնագետ դառնալու համար:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաները աշխարհում մեծ պահանջարկ ունեն: Իսկ հայ մաթեմատիկական դպրոցը, կարծում եմ, լավ վիճակում է: Հավատում եմ՝  կգտնվեն տաղանդավոր երիտասարդներ, որ կստանձնեն մաթեմատիկան բարձր պահելու իրենց վրա դրված առաքելությունը:

 

16. Ինչպես կարող է ուսանողը գտնել համալսարան- աշխատավայր տանող ճանապարհը:

 

Շատ ուժեղ ուսնողներին այդ ճանապարհը միանգամից է տրվում. կան գործարարներ, որ գտնում են այդ ուսանողներին: Կա ազատություն. ուսաողները կարողանում են աշխատել մասնավոր հիմարկներում:

 

 Հարցազրույցի տեսանյութը այստեղ:

                                                                                                                  Միլենա Մովսեսյան