Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

«Սահմանադրականության արդի մարտահրավերները» խորագրով գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության և սահմանադրական իրավունքի ամբիոնների կողմից:

 

ՌԴ ԳԱ ակադեմիկոս, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփա, մի շարք հայեցակարգային աշխատանքների հեղինակ Վլադիկ Ներսեսյանցի 80- ամյակին նվիրված գիտաժողովը բաղկացած էր երկու մասից. առաջին հատվածը նվիրված էր ականավոր գիտնականի թողած գիտական ժառանգության վերլուծությանը, իսկ երկրորդ հատվածը՝ սահմանադրականության արտի մարտահրավերներին:

 

Մեզ հետ զրույցում Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն ասաց, որ այսօր ամբողջ աշխարհում ցավալիորեն հեռացել է իրավունքի փիլիսոփայությունը գործնական իրավագիտությունից. «Այսօր մարդկային փոխհարաբերությունների կարգավորման համար բացառապես ապավինում են իրավիճակային կերպով ընդունված օրենքներին՝ անտեսելով փիլիսոփայությունը: Այս առումով այսօրվա գիտաժողովը նպատակ է հետապնդում ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն խնդիրը, որ օրենքը չի կարող առանձին գոյատևել իր փիլիսոփայությունից»:

 

 

 

Վարդան Այվազյանը փաստեց, որ ականավոր գիտնական Վլադիկ Ներսեսյանցը լուրջ հայեցակարգային աշխատանքներ է գրել, ինչի շնորհիվ նա հայտնի է ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ամբիոնի վարիչը պատմեց, որ անձամբ ճանաչել է գիտնականին դեռևս մանկուց, ոգեշնչվել նրա կենսակերպով և գաղափարներով. «Այս գիտաժողովի կազմակերպմամբ մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում մեծ գիտնականին, այլև փորձում ենք նրա թողած տեսաիրավական ժառանգությունն առաջարկությունների միջոցով համադրել գործնական իրավագիտության մեջ»: 

 

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ գիտաժողովի զեկուցումների շնորհիվ  բացահայտվելու է Վլադիկ  Ներսեսյանցի կերպարը թե՛ որպես մարդ, և թե՛ որպես մեծ գիտնական. «Վլադիկ Ներսեսյանցը ոչ միայն ականավոր գիտնական էր, այլև բանաստեղծ: Ովքեր ծանոթ են նրա ստեղծագործություններին, այդ թվում՝ նաև իրավագիտության ոլորտի աշխատանքներին, հաստատ ընկալել են նրա ազատ մտածելակերպը, չսահմանափակվելու և չկաշկանդվելու ձգտումը»:

 

ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ողջույնի խոսքում ասաց, որ իրավունքը հասարակության հիմնարար անկյունաքարն է, որի վրա կառուցվում են բոլոր հարաբերությունները. «Պետք է փաստել, սակայն, որ յուրաքանչյուրն իր ձևով է ընկալում այդ իրավունքն ու իր փիլիսոփայությամբ մոտենում կյանքին: Իմ տպավորությամբ՝ ակադեմիկոս Ներսեսյանցը զբաղվել է հենց այդ խորքային հարցով և իրավունքն ու փիլիսոփայությունը համադրել է իրար: Ուրախ եմ, որ այսօրվա գիտաժողովն արժանին է մատուցում ականավոր գիտնականին»:

 

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԲԴԽ նախագահ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը: Նա նշեց, որ ակադեմիկոս Ներսեսյանցն այն անհատականություններից էր, որը հասել էր մարդկային կատարելության՝ իր բոլոր դրսևորումներով. «Շատերը նշում են, որ նա նաև բանաստեղծ էր: Բայց ըստ ինձ՝ նա փիլիսոփա էր նաև այդ ձևի մեջ: Ես բախտ եմ ունեցել բավականին երկար շփվել մեր հայրենակցի հետ: Նա ոչ միայն գիտնական էր, այլև մարդաբան փիլիսոփա, որն իր ժամանակից շատ էր առաջ անցել»:

 

 

Նախքան զեկուցումներին անցնելը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները Սահմանադրական իրավունքի ամբիոնի աշխատակից Անահիտ Ղազարյանի օգնությամբ ներկայացրին մեծ գիտնականի կյանքն ու ստեղծագործությունը, ինչպես նաև նրա բանաստեղծական աշխարհը՝ ներկաների համար ընթերցելով վերջինիս գեղարվեստական գործերը:

 

Տեղեկացնենք, որ գիտաժողովին ներկա էր նաև Վլադիկ Ներսեսյանցի քույրը՝ Սիլվա Ներսեսյանցը:

 

«Սահմանադրականության արդի մարտահրավերները» խորագրով գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության և սահմանադրական իրավունքի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ԲԴԽ անդամներ, Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչներ և Արցախի Հանրապետության  նախագահի աշխատակազմի անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի վարիչ Ավետիք Հարությունյանը:

 

Գիտաժողովի աշխատանքներն ամփոփելով՝ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն առաջարկեց գիտաժողովում հնչած զեկույցները հրատարակել ժողովածուի տեսքով, իսկ Վ. Ներսեսյանցի գիտական ժառանգությանը նվիրված գիտաժողովները դարձնել ավանդական, յուրաքանչյուր տարի ակադեմիկոսի ծննդյան օրվա առթիվ հոկտեմբերին կազմակերպել Ներսեսյանցական ընթերցումներ:

 

Քնար Միսակյան

Ֆակուլտետի մրցանակին արժանացավ Սոցիալական անվտանգություն և միգրացիոն քաղաքականություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի մագիստրանտ Իրինա Եսայանը, 2-րդ մրցանակին՝ նույն մագիստրոսական ծրագրի մագիստրանտ Անժելա Ղալամդարյանը:

 

Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի մրցանակը շահեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Զարուհի Սիմոնյանը, Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի մրցանակը՝ Սոնա Ներսիսյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Սոցիալական աշխատանքի ասոցիացիայի մրցանակը՝ Արմինե Շախկյանը (ՎՊՀ):

 

Լավագույն մրցանակներ են ստացել նաև ֆակուլտետի ասպիրանտներ Տաթևիկ Կարապետյանը, Արևիկ Համբարձումյանը, Արմինե Խանանյանը, ինչպես նաև ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներ Սրբուհի Միչիկյանը, Վահան Ենգիդունյանը:

 

Մարի Ռաֆյան

 

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

Բանախոսին ներկայացրեց Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ Ռուբեն Գալեչյանի ուսումնասիրությունները կարևոր դեր ունեն, քանի որ Հայաստանը գտնվում է քարտեզային պատերազմի մեջ, իսկ հարևան երկրների քարոզչական մեքենաները հաճախ օգտագործում են քարտեզներ՝ ապացուցելու սեփական երկրի հնագույն պատմությունը: Այս տեսանկյունից, ըստ Ոսկանյանի, չափազանց կարևոր է ուսումնասիրել քարտեզները և թույլ չտալ պատմության կեղծումը:

Ռուբեն Գալչյանը խոսեց Լոնդոնի համալսարանում կովկասյան հետազոտությունների պրոֆեսոր, Վրաստանի, Հայաստանի և Բուլղարիայի պատմությունների մասնագետ Դևիդ Մարշալ Լենգի «Հայաստանը՝ քաղաքակրթության օրրան» («Armenia: cradle of civilization») գրքում տեղ գտած այն փաստը, որ տարածաշրջանի բազում երկրներից այսօր գոյություն ունեն միայն երկուսը՝ Հայաստանն ու Իրանը:

Բանախոսը ցուցադրեց հին սալիկ-քարտեզ, որի վրա Հայաստանը, Բաբելոնն ու Ատրպատականը ներկայացված են որպես աշխարհի կենտրոններ:

Անդրադառնալով պտղոմեոսյան, քրիստոնեական, հատուկ ծովագնացների համար ստեղծված պորտոլան քարտեզներին՝ Ռուբեն Գալչյանն առանձնացրեց պարսիկ աշխարհագետ Իսթախրիի 10-րդ դարի Աշխարհացույց քարտեզը, Իբն Հաուքալի 10-րդ դարի Հայաստանի, Իրանի նահանգ Ատրպատականի և Աղվանքի քարտեզը:

Ռուբեն Գալչյանը ներկայացրեց նաև Իսիդորի 12-րդ դարի Ֆրանսիական Աշխարհացույցը, Ղազվինիի Իսլամական աշխարհացույցը՝ 13-րդ դար, Վենետիկի վանական Ֆրա Մաուրոյի աշխարհացույց քարտեզը՝ 1460 թվական:

Դասախոսության ավարտին քննարկում ծավալվեց աշխարհագրական անունների և բաբելոնյան դպրության ավանդույթների շուրջ:

 

Մարի Ռաֆյան

Գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Եվա Դալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայումս ձևավորված է հակաուռուցքային թերապիայի նոր ուղղություն, որը կապված է գենոմի ԴՆԹ-ի ընտրված տեղամասերում ոչ կանոնիկ կառուցվածքների՝ G-քվադրուպլեքսների և I-մոտիվների նպատակային առաջացման հետ. «Նման կառուցվածքների առաջացումը արգելափակում է թելոմերների սիթեզը կամ օնկոգեների էքսպրեսիան: Նշված տեղամասերում G-քվադրուպլեքս և I-մոտիվ կառուցվածքները կայունացնող կամ ապակայունացնող ուժերի բնույթը հասկանալն  առանցքային կարևորություն ունի, քանի որ թույլ է տալիս պարզաբանել գենոմում մոլեկուլային անջատիչների կենսաբանական դերը և հայտնաբերել դեղամիջոցներ, որոնք իրականացնում են գենոմի որոշակի հատվածներում նման կառույցների նպատակային առաջացումը կամ քանդումը»:

 

Նրա խոսքով, ԴՆԹ-ի նախընտրելի կոնֆորմացիաները և կայունու­թյունը կարգավորող բոլոր փոխազդեցությունների մեջ էական դեր են խաղում փոխազդե­ցություն­­ները ջրում լուծված համալուծիչների հետ. «Միզանյութը առավել հայտնի, լայնորեն օգտագործվող համալուծիչ է, որն ունի ուժեղ դենատուրացնող հատկություն սպիտակուցների և նուկլեինա­թթու­ների նկատմամբ»:  

 

Բանախոսի ներկայացմամբ, այս նախագծի շրջանակում նախատեսվում է հետազոտել միզանյութի ազդեցությամբ պայմանավորված G-քվադրուպլեքս-դուպլեքս և I-մոտիվ-դուպլեքս կառուցվածքային փոփոխությունները մարդու թելոմերային ԴՆԹ-ի 22-չափանի գուանինով հարուստ և կոմպլեմենտար ցիտոզինով հարուստ հատվածներում:

 

«Չնայած G-քվադրուպլեքսների առաջացման էներգետիկան ինտենսիվորեն հետազոտվել է և շարունակվում է հետազոտվել, մենք դեռևս քիչ գիտելիքներ ունենք G-քվադրուպլեքսները կայունացնող ուժերի հավասարակշռության մասին, որոնք թելադրում են ԴՆԹ-ի G-հարուստ հաջորդականությունների կոնֆորմացիոն նախընտրությունները կոմպլեմենտար C-հարուստ շղթայի առկայության կամ բացակայության պայմաններում: Հիմնվելով վերոնշյալի վրա՝ այս նախագծի խորհրդատու պրոֆեսոր Տիգրան Չալիկյանը (Տորոնտոյի համալսարան, Կանադա) առաջարկել է հետազոտությունների էքսպերիմենտալ ռազմավարություն, որն ուղղված է ԴՆԹ-ի ընտրված տեղամասերում G-քվադրուպլեքս (I-մոտիվ)-միթելանի շղթա և G-քվադրուպլեքս (I-մոտիվ)-դուպլեքս հավասարակշռության վրա տարբեր գործոնների ազդեցության բնութագրմանը: Այս նախագիծը շարունակությունն է Տիգրան Չալիկյանի հետ մեր համատեղ աշխատանքների: 2017 թ.-ին տպագրված համատեղ հոդվածում / J. Phys. Chem. B/ մենք ցույց ենք տվել որ միզանյութը կարելի է օգտագործել որպես անալիտիկ գործիք G-քվադրուպլեքսներ բնութագրելու համար, ինչպես արվում է սպիտակուցների կառուցվածքը ուսումնասիրելու համար»,- հավելեց Եվա Դալյանը:

 

Ըստ պրոֆեսորի՝ ստացված արդյունքները էքսպերիմենտալ հիմք են ԴՆԹ-ի G-քվադրուպլեքս առաջացնող հաջորդականությունների և այս կարևոր համալուծիչի նախընտրելի փոխազդեցությունների որոշման համար. «Սակայն G-քվադրուպլեքսների վրա միզանյութի մոլեկուլային ազդեցության հետագա ճշգրտման, ինչպես նաև G-քվադրուպլեքսների հետազոտման համար միզանյութի առավելությունների և օգտագործման սահմանների պարզաբանման նպատակով անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները: Մասնավորապես, ԴՆԹ-ի գուանինով հարուստ դուպլեքս տեղամասերում առաջացած G-քվադրուպլեքսների կայունության վրա միզանյութի դիֆերենցիալ էֆեկտը ավելի խորը հասկանալու համար  անհրաժեշտ է հետազոտել նաև միզանյութի ազդեցությունը I-մոտիվ–դուպլեքս անցումների վրա»:

 

Եվա Դալյանը նշեց, որ  այս հետազոտությունների արդյունքները թույլ կտան պարզաբանել G-քվադրուպլեքսների և I-մոտիվների առաջացման օպտիմալ պայմանները և ի հայտ բերել գենոմի կոնկրետ տեղամասում G-քվադրուպլեքսների կանխագուշակելի առաջացման եղանակները C-հարուստ կոմպլեմենտար շղթայի առկայության կամ բացակայության դեպքում:

 

Նշենք, որ գիտական հետազոտություններն իրականացվում են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, խումբը բաղկացած է ԵՊՀ 4 աշխատակիցներից, իսկ խմբի խորհրդատուն պրոֆեսոր Տիգրան Չալիկյանն է:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

  

 

Գիտական թեմայի ղեկավար, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ֆիզմաթ գիտ. թեկնածու Աննա Քոթանջյանը նշեց, որ ծրագրի շրջանակում հետազոտվելու են գրավիտացիոն դաշտերի, սահմանների և փակ (կոմպակտ) տարածական չափողականությունների ազդեցությունը քվանտային վակուումի հատկությունների վրա. «Հայտնի է, որ վակուումում առկա են քվանտային դաշտերի ֆլուկտուացիաներ։ Դրանց հատկությունները զգայուն են ինչպես արտաքին գրավիտացիոն և էլեկտրամագնիսական դաշտերի, այնպես էլ տարածության գլոբալ բնութագրերի (տոպոլոգիա, սահմաններ) նկատմամբ։ Մասնավորապես, փակ տարածական չափողականությունների առկայությունը հանգեցնում է վակուումի էներգիայի փոփոխության, որը հայտնի է որպես Կազիմիրի տոպոլոգիական երևույթ։ Այդպիսի չափողականություններ առկա են ինչպես հիմնարար փոխազդեցությունները նկարագրող ժամանակակից ֆիզիկական տեսություններում, այնպես էլ կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի մի շարք մոդելներում (գրաֆենային նանոխողովակներ, նանոօղակներ, տոպոլոգիական մեկուսիչներ և այլն)»։

 

Աննա Քոթանջյանը, պարզաբանելով գիտական թեմայի ուղղվածությունը, ասաց, որ արտաքին դաշտերի ազդեցությունը կարող է հանգեցնել նաև փակ տարածական չափերի երկայնքով վակուումային հոսանքների առաջացման. «Սա զուտ քվանտային երևույթ է և հիմնականում հետազոտվել է Տեսական ֆիզիկայի ամբիոնի գիտական խմբի կողմից։ Արդեն իսկ իրականացված հետազոտությունների արդյունքները կիրառված են գրաֆենային նանոխողովակների ու նանոօղակների նկատմամբ։ Ծրագրի շրջանակում շարունակվելու են այդ հետազոտությունները»։

 

Խմբի երիտասարդ անդամ, տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Նվարդ Սահարյանը, խոսելով իրականացվող հետազոտությունների կարևորության մասին, փաստեց, որ տիեզերաբանական մոդելների շրջանակում առաջացող հոսանքները  մեծամասշտաբ մագնիսական դաշտերի աղբյուր են. «Ժամանակակից դիտողական տվյալները վկայում են նման դաշտերի գոյության մասին և դրանց առաջացման համընդհանուր ընդունված մոդել ներկայումս գոյություն չունի։ Քննարկվող մոդելներից մեկում մեծամասշտաբ մագնիսական դաշտերի առաջացման համար անհրաժեշտ սաղմնային դաշտերը կապված են վաղ տիեզերքի արագացմամբ ընդարձակման փուլում էլեկտրամագնիսական դաշտի վակուումային ֆլուկտուացիաների հետ։ Վակուումային հոսանքները կարող են հանդես գալ որպես սաղմնային դաշտերի մակածման այլընտրանքային աղբյուր»:

 

Գիտական խմբի անդամ, Տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանը, անդրադառնալով իրականացվող հետազոտությունների սպասվելիք արդյունքներին, նշեց, որ դրանց հնարավոր կիրառությունների շրջանակը բավական լայն է. կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայից մինչև տիեզերագիտական մոդելներ. «Դրանք տեսական ֆիզիկայի ամբիոնում նախկինում կատարված աշխատանքների օրգանական շարունակությունն են: Դրանց հիմքը դրվել է ամբիոնի հիմնադիր, Հայաստանում ռելյատիվիստական գրավիտացիայի դպրոցի ակունքներում կանգնած ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի կողմից»:

 

Նշենք, որ գիտական ծրագիրն իրականացնող խումբը համագործակցում է Ֆրասկատիի ազգային լաբորատորիայի (Իտալիա), Պարաիբայի ֆեդերալ համալսարանի (Բրազիլիա), Բարսելոնայի Տիեզերական գիտությունների ինստիտուտի և Լայդենի համալսարանի (Հոլանդիա) գիտական խմբերի հետ։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան