Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Սահարյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից ներկայացուցիչներ, ասպիրանտներ և ուսանողներ, 57 գիտնական, որոնցից 37-ը՝ արտերկրից։

Միջոցառման սկզբում ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ողջունեց «Կոմպակտ աստղերի և ռելատիվիստական գրավիտացիայի արդի ֆիզիկա» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին և մաղթեց նրանց արդյունավետ աշխատանք։



Նշենք, որ գիտաժողովի ընթացքում, բացի զեկուցումներից, նախատեսվում են այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր։



Գիտաժողովի առաջին զեկուցումը կարդաց Ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ՖԳՀԻ) փոխտնօրեն Աննա Քոթանջյանը:

Մեզ հետ զրույցում գիտաժողովի կազմակերպիչ և բանախոս, Ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Սահարյանն ասաց, որ նմանօրինակ գիտաժողովներ անցկացվում են արդեն 5-րդ տարին, իսկ այս մեկը նվիրված է գերխիտ աստղերի ֆիզիկային և ռելատիվիստական գրավիտացիային։

«Այն Հայաստանի համար ապագայի ուղղություն է, քանի որ այս ուղղության հիմնադիրներից երկուսը եղել են Հայաստանից՝ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանը և Գուրգեն Սահակյանը։ Կարելի է ասել, որ Հայաստանն այս բնագավառում միջազգային մասշտաբով առաջատարներից է»,- նշեց պրոֆեսոր Արամ Սահարյանը:

Նա ասաց, որ գիտաժողովի արդյունքները հրապարակվում են միջազգային ամսագրերում, ինչը հնարավորություն է տալիս հանրայնացնելու մեր հետազոտությունների արդյունքները։

«Այս գիտաժողովը մենք նվիրում ենք Երևանի պետական համալսարանի 100-ամյակին։ Սա վկայությունն է այն բանի, որ համալսարանը եղել է և մնում է հանրապետության գիտության ամենակարևոր կենտրոններից մեկը»,- խոսքը եզրափակեց Ա․ Սահարյանը և շնորհակալություն հայտնեց միջոցառման կայացմանն աջակցող կազմակերպություններին։

Նշենք, որ միջազգային գիտաժողովը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 21-ը, իսկ գիտական հոդվածները տպագրվելու են «Particles» և այլ  միջազգային ամսագրերում։

 

Երևանում այսօր մեկնարկել է սպիտակ թզուկ պարունակող սեղմ կրկնակի աստղերին (Compact White Dwarf Binaries) նվիրված միջազգային գիտական համաժողովը, որը կազմակերպել է Մեքսիկայի ազգային համալսարանի պրոֆեսոր Գագիկ Թովմասյանը։ Նշենք, որ համաժողովն անցկացվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աջակցությամբ։



ԵՊՀ-ում անցկացվող միջոցառմանը ներկա էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, «Զարգացած մոլորակային համակարգեր սպիտակ թզուկ աստղերի շուրջ» խորագրով համաժողովի մասնակիցներ, ներկայացուցիչներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողներ, ինչպես նաև Շիրակացու ճեմարանի սաներ։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Վիեննայի համալսարանի դասախոս, «Զարգացած մոլորակային համակարգեր սպիտակ թզուկ աստղերի շուրջ» խորագրով համաժողովի մասնակից Վալերի Ղամբարյանը, որը ներկայացրեց բանախոսին և ասաց, որ վերջինս այս գիտաժողովի շրջանակում համաձայնել է հանրամատչելի ելույթ ունենալ նաև ԵՊՀ-ում։



Մինչ զեկուցմանն անցնելն աստղաֆիզիկոս Բորիս Գանսիկեն ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար։

Նա պատմեց սպիտակ թզուկների կարևորության մասին և ասաց, որ դրանք ուսումնասիրելու համար օգտագործում է գերժամանակակից տեխնոլոգիաներ:



Նշենք, որ պրոֆեսորի հետազոտություններն անցկացվում են «DESI», «WEAVE» և «SDSS-V» համագործակցության արդյունքում, որը հետագայում ընդլայնվելու է «Gaia»-ի կողմից չափված 100.000-ավոր սպիտակ թզուկների հետագա սպեկտրոսկոպիայով՝ վերլուծելով մեր պատկերացումներն արևային հարևանության ներկայիս և անցյալի աստղային ու մոլորակային բնակչության մասին։



Զեկուցման վերջում պրոֆեսորը պատասխանեց ներկաների հարցերին և տեղեկացրեց, որ գիտաժողովը տևելու է մեկ շաբաթ։

Մարինա Առաքելյան

 

 

Տեղեկացնենք, որ վերոնշյալ մրցանակն անվանակոչվել է աշխարհի խոշորագույն գիտական ընկերության՝ «ASM»-ի նախկին նախագահ, ականավոր պրոֆեսոր Մոզելիո Շեխտերի պատվին և տրվում է այն գիտնականներին, որոնք զարգացող երկրներում ցուցաբերել են օրինակելի առաջնորդություն և նվիրվածություն, նպաստել են մանրէաբանության՝ որպես մասնագիտության, մանրէաբանական գիտության, կրթության և տեխնոլոգիաների առաջընթացին:

 

Այս առթիվ ysu.am-ը զրուցել է Արմեն Թռչունյանի հետ: Վերջինս հայտնեց մրցանակին արժանանալու մասին անակնկալ իմանալու,  տպավորությունների և հետագա անելիքների մասին:

 

«Անսպասելի և ուրախալի լուր էր, միաժամանակ՝ պատվաբեր և պարտավորեցնող, քանի որ խոսքը վերաբերում է աշխարհում մանրէաբանության զարգացմանը»,- նշեց  ամբիոնի վարիչը:

 

Վերջինիս տեղեկացմամբ, մրցանակի համար իրեն ներկայացրել էին ամերիկացի մանրէաբան մասնագետները. «Որոշումը կայացվել է բազմաթիվ կարծիքների արտահայտման և քննարկումների արդյունքում: Իհարկե, ինձ տեղեկացրել են միայն վերջնական արդյունքի մասին»:

 

Արմեն Թռչունյանը նշեց, որ անցյալ տարի այս մրցանակը շնորհվել է  Նեպալից մի մանրէաբան- համաճարակաբան պրոֆեսորի: 

 

Տեղեկացնենք, որ մրցանակն Արմեն Թռչունյանին կհանձնեն 2020 թվականի հունիսին Չիկագոյում:

 

«Մանրէաբանությունն այսօր ամենազարգացող ուղղություններից մեկն է, որը բժշկագիտության և կենսատեխնոլոգիաների համար ունի ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական բնույթ»,- ասաց Ա. Թռչունյանը:

 

Պրոֆեսորն իր գրանցած հաջողությունները պայմանավորում է մի քանի հանգամանքով. «Ինձ օգնում է իմ խառնվածքին բնորոշ գիծը՝ անընդհատ որոնումների մեջ լինելը: Ես փնտրում եմ այնպիսի հարցեր, որոնց լուծումներն ունեն միջազգային նշանակություն»:

 

Վերջինս գիտության մեջ հաջողություններ գրանցելը պայմանավորում է ինչպես միջազգային մակարդակով զեկուցումներ և դասախոսություններ կարդալով, այնպես էլ գիտության և կրթության ուղղությունները զուգորդելով: 

 

«Չկա լավ դասախոս առանց հաջող գիտության, և չկա հաջող գիտնական առանց լավ դասախոսության,- պնդեց պրոֆեսորը և հավելեց,- ես պատասխանատվությամբ եմ վերաբերում իմ կարդացած դասախոսություններին: Իմ բազմավաստակ փորձն ինձ ցույց է տվել, որ կայացած են այն դասախոսությունները, որոնք խնդրահարույց են և ունենում են ուսանողների ակտիվ մասնակցություն»:

 

Օրեր անց Ա. Թռչունյանը մեկնելու է Հունաստան՝ եվրոպական դպրոցում երիտասարդ դասախոսների համար դասախոսությամբ հանդես գալու. «Իմ դասախոսությունն ունկնդրող մասնագետները, որոնք աշխարհի տարբեր երկրներից են, մասնակցել են մրցույթի: Ես կարծում եմ, որ դա մեծ փորձ է լինելու իմ հետագա գործունեության համար»:


Պատրաստեց Անգին Խաչատրյանը

 

Սեպտեմբերի 12-15-ը տեղի ունեցող «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի նպատակն է քննարկել հայոց պետականության հետ կապված արդիական հիմնախնդիրներ, խթանել ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների գիտական գործունեությունը, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև Արցախը դարձնել գիտական հիմնախնդիրների քննարկման տարածաշրջանային և միջազգային կենտրոն:

 

Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և օտարերկրյա բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտներ, հայցորդներ, երիտասարդ գիտնականներ ու մասնագետներ:

 

Մեզ հետ զրույցում «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Հարությունյանն ասաց, որ այս տարվա գիտաժողովին մասնակցության հայտ է ներկայացրել աշխարհի 8 երկրի ավելի քան 120 մասնակից (Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հարավային Օսեթիա, Հայաստան և Արցախ). «Գիտաժողովին մասնակցում են այնպիսի անվանի գիտնականներ, որոնց զեկուցումները լսելն արդեն մեծ պատիվ ու հաջողություն է»:

 

Գիտաժողովի ընթացքում քննարկվում են պետականության ամրապնդման տեսական և գործնական հիմնահարցերը, Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխհարաբերությունները և համահայկական հիմնախնդիրները, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արդի մարտահրավերները, Արցախի Հանրապետության ինքնորոշման, կազմավորման և միջազգային ճանաչման հիմնահարցերը, Ղարաբաղյան հակամարտության ծագումն ու կարգավորման գործընթացը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի իրավական պատասխանատվությունը, հետխորհրդային տարածաշրջանի ճանաչված ու չճանաչված երկրների հասարակական-քաղաքական զարգացումներն ու հիմնախնդիրները, սահմանադրականության հաստատման հիմնախնդիրները ճանաչված և չճանաչված պետություններում, ինչպես նաև հայ մեծերի ժառանգության մերօրյա ընկալումն ու իմաստավորումը:

 

Ավետիք Հարությունյանը փաստեց, որ գիտաժողովի լավագույն աշխատանքները  տպագրվելու են ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունելի  հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականում:

 

Քնար Միսակյան

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ու Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպված գիտաժողովի նպատակը լեզվի, մշակույթի և փոխհարաբերության տարբեր խնդիրների քննություն է՝ գիտական ուսումնասիրությունների արդի միջգիտակարգային հարացույցի համատեքստում:

 

Վերոնշյալ գիտաժողովին ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, ամբիոնի  դասախոսներ, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր  Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Վարդան Պետրոսյանը, օտարերկրյա հյուրեր և դասախոսներ:



Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը. «Շնորհակալություն, որ ներկա եք գիտաժողովին, որը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, և  ձեր մասնակցությամբ նպաստելու եք մեր երկրում ու այլուր եվրոպական լեզուների ուսումնասիրության դասավանդմանը և զարգացմանը»:

 

Ս. Գասպարյանի դիտարկմամբ,  այս գիտաժողովը ևս մեկ փորձ է համախմբելու Հայաստանի գիտակրթական ոլորտի մասնագետներին, նրանց համար ստեղծելու մասնագիտական զրույցների ու քննարկումների, մտքերի և փորձերի փոխանակման բարենպաստ մթնոլորտ, խթանելու միջազգային կապերի ընդլայնումը և սահմանելու մասնագիտական առավել բարձր չափանիշներ: « Գիտաժողովը բավականին հագեցած ու խոստումնալից է ոչ միայն  100-ից ավելի մասնակիցներով և օտար երկրից ժամանած հյուրերով, այլև ծրագրում տեղ գտած գիտական ուղղությունների ու մոտեցումների բազմազանությամբ, որտեղ գերակայողը միջգիտակարգայնությունն է»,- նշեց ամբիոնի վարիչը:



Վերջինս տեղեկացրեց, որ գիտական այս նստաշրջանի առաջնակարգությունների շարքում տեղ են գտել նաև հայագիտական ուսումնասիրությունները:

 

«Այսօր հատկապես կարևորվում է օտար լեզուների և մասնավորապես անգլերենի իմացության դերն ազգապահպան ու ազգանպաստ խնդիրների լուսաբանման հարցում, և պատահական չէ, որ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը, Հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիան, գիտակրթական գործունեություն ծավալող «Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիա» միջազգային կազմակերպությունը ձեռնամուխ են եղել գիտաժողովներում և համապատասխան պարբերականների էջերում ներկայացնելու արդիական հնչեղություն ունեցող հայագիտական տարբեր քննական արծարծումներ»,- ամփոփեց խոսքը տիկին Գասպարյանը:

 

ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանի անունից ներկաներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:

 

Վերջինս կարևորեց «Լեզու, մշակույթ և հաղորդակցություն» խորագրով միջազգային գիտաժողովում ընդգրկված թեմաների արդիականությունը. «Հաղորդակցությունը մեր կյանքի անբաժան մասն է, այն ֆենոմենն է, որը կենսաբանական անհատին սոցիալիզացիայի ընթացքում դարձնում է անձ: Հաղորդակցությունը մի անձին կարող է դարձնել արդյունավետ, մյուսին՝ պակաս արդյունավետ, որն իր հերթին ազդում է անհատի վերբալ վարկանիշի ձևավորման վրա: Ես բոլորիս մաղթում եմ արդյունավետ հաղորդակցում, որը կնպաստի նոր գիտելիքի բացահայտմանը, ինչպես նաև միջազգային կապերի զարգացմանը»:




 

Էլինա Ասրիյանը հայտնեց նաև, որ ԵՊՀ գիտական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի նիստի որոշմամբ, ԵՊՀ-ի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի  միջև համագործակցության խթանման գործում ունեցած անգնահատելի վաստակի, ԵՊՀ անգլերենի բանասիրության ամբիոնում ունեցած հաջողությունների համար լեզվաբան, ՄՊՀ լեզվաբանության ֆակուլտետի հիմնադիր, Լոմոնոսովի անվան ՄՊՀ օտար լեզուների և տարածաշրջանի մասին գիտության ֆակուլտետի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Սվետլանա Տեր-Մինասովային շնորհվել է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում:

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր  Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:


 

Նա նշեց, որ հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի պահպանման և առաջընթացի գրավականները եղել են լեզուն և դրանից առաջացած արժեհամակարգը: «Արագ զարգացող աշխարհում ամեն օր երևան են գալիս հաղորդակցության նոր եղանակներ, որոնք ենթադրում են նոր ապրելաոճ: Վստահ եմ, որ այս գիտաժողովի աշխատանքային ընթացքը  կարևոր առիթ է մատնանշելու և կիրառելու հաղորդակցության նոր եղանակներ»,- ընդգծեց դեկանը:

 

 Գիտաժողովի կարևորության և հետագա անելիքների մասին խոսեց նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը:

 

Վերջինս գիտաժողովի յուրօրինակությունը պայմանավորեց նրանով, որ այն անցկացվում է արդեն անվանափոխված ֆակուլտետում:

 

 «Լեզուն կենդանի օրգանիզմ է, որն անընդհատ բարեփոխումների և կատարելագործման գործընթացների մեջ է: Այս գիտաժողովը հիանալի հարթակ է ապագա մասնագետների և մեր գործընկերների մասնագիտական կարողությունները զարգացնելու»,- նշեց Գ. Բարսեղյանը:

 

Մաղթելով գիտաժողովի մասնակիցներին արդյունավետ աշխատանք՝ դեկանը հույս հայտնեց, որ  օտարերկրյա հյուրերը հիանալի հիշողություններով և տպավորություններով կհեռանան Հայաստանից:

 

Գիտաժողովի առաջին օրը ելույթներով հանդես եկան Իտալիայի, Լիբանանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Թուրքիայի, Կանադայի, Լեհաստանի նշանավոր գիտական կենտրոնների և համալսարանների դասախոսներ՝ ներկայացնելով «Լեզու և ճանաչողություն», «Լեզվի ոճական գործառություն», «Լեզվի ընդհանուր և համեմատական քննություն», «Գրականությունը ժամանակի և տարածության մեջ», «Հայագիտություն, պատմամշակութային անդրադարձ» խորագրերով զեկուցումներ:

 

Տեղեկացնենք, որ գիտաժողովի շրջանակում նախատեսվում են այցեր թանգարաններ, Մատենադարան, Սևան, Գառնի ու Գեղարդ:

 

Գիտաժողովի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:

 

 

 

 

 

Անգին Խաչատրյան