Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

Գիտաժողովը կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան համատեղ ջանքերով, այն նվիրված էր թուրքմեն մեծ բանաստեղծ և մտածող Մահթումկուլի Ֆրագիի ծննդյան 295-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական կազմից, ինչպես նաև Հայաստանում Թուրքմենստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը, Հայաստանում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Տիմուր Ուրազաևը, Թուրքմենստանում Հայաստանի նախկին դեսպան Արամ Գրիգորյանը, հյուրեր տարբեր դեսպանատներից, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, ճանաչված բանաստեղծ-թարգմանիչ Վարուժան Խաստուրը, դասախոսներ, գիտաշխատողներ, ուսանողներ:

Մեզ հետ զրույցում Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը նշեց, որ ԵՊՀ-ի համագործակցությունը Թուրքմենստանի գիտակրթական և մշակութային կենտրոնների, հատկապես՝ Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի հետ տասնյակ տարիների պատմություն ունի:

«Մենք հաջողությամբ համագործակցում ենք թուրքմեն գործընկերների հետ գիտության, կրթության, մշակույթի ամենատարբեր ոլորտներում: Մեր համալսարանականները Թուրքմենստանում և այլ երկրներում արդեն իսկ հրապարակել են տասնյակ գիտական աշխատություններ անգլերեն, ռուսերեն, հայերեն, թուրքմեներեն և մի շարք այլ լեզուներով՝ նվիրված հայ-թուրքմենական դարավոր մշակութային առնչություններին, դասական և ժամանակակից թուրքմենական գրականությանը»,- նշեց պրոֆեսոր Սաֆարյանը:

Գիտաժողովի մեկնարկին ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը՝ նշելով, որ 100-ամյա ԵՊՀ-ի ու Թուրքմենստանի գիտակրթական և մշակութային կենտրոնների համագործակցությունը երկար տարիների պատմություն և հարուստ ավանդույթներ ունի:

Նա ներկայացրեց հայ թյուրքագետների, մշակութաբանների, բանասերների և պատմաբանների համագործակցությունը թուրքմեն գործընկերների հետ՝ կարևորելով այն փաստը, որ թուրքմենական ԶԼՄ-ներն ԵՊՀ-ում կազմակերպված նախորդ հայ-թուրքմենական համատեղ գիտաժողովը իրավամբ կոչել են «բարեկամության տոն եղբայրական հայկական հողի վրա»:



«Մեր պրոֆեսորների նախաձեռնությամբ և գիտական խորհրդի երաշխավորությամբ է լույս տեսել անվանի թուրքմեն բանաստեղծ ու մտածող Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունների հայերեն երրորդ հրատարակությունը՝ Թուրքմենստանի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախաբանով»,- ասաց Արսեն Բաբաջանյանը:

Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը, շնորհակալական խոսք հղելով ԵՊՀ ղեկավարությանը գիտաժողովի կազմակերպման հարցերում օժանդակելու համար, ներկայացրեց Ֆրագիի ստեղծագործությունների առանձնահատկությունները:

«Պետք է նշել, որ խոսքի վարպետ և մարդասեր Մահթումկուլի Ֆրագիի ճակատագիրը սերտորեն կապված է թուրքմեն ժողովրդի ճակատագրի, կյանքի և պատմության հետ: Ֆրագիի պոեզիայում, որը կարելի է կոչել համամարդկային հոգևոր արժեքների հիմն, առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական, փիլիսոփայական և բարոյաէթնիկական հարցերը»,- նշեց Մուհամետգելդի Այազովը:

Թուրքմենստանում Հայաստանի նախկին դեսպան Արամ Գրիգորյանը, մեջբերելով Ֆրագիի ստեղծագործությունները, ներկայացրեց նրա դերը թուրքմեն ժողովրդի կյանքում՝ նշելով, որ Ֆրագին թուրքմենների համար նույնն է, ինչ Թումանյանը՝ հայերի, իսկ Պուշկինը՝ ռուսների համար:

Ալեքսանդր Սաֆարյանը նշեց, որ Ֆրագիի ծննդյան 295-ամյակին ընդառաջ «Հայագիտության հարցեր» հանդեսում լույս է տեսել իր և ԵՊՀ ՀՀԻ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանի «Հայ-թուրքմենական մշակութային կապերի և Հայաստանի և Թուրքմենստանի գիտակրթական համագործակցության մասին» վերնագրով ծավալուն հոդվածը, որի համառոտ հիմնադրույթները ներկայացրեց իր զեկուցման մեջ:



Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի թուրքմենական գրականության ամբիոնի վարիչ Ամաննեպես Շիխնեպեսովը մանրամասն խոսեց Ֆրագիի ստեղծագործական ժառանգության՝ թուրքմենական մշակույթի ու պատմության մեջ խաղացած բացառիկմ դերի, հայ և թուրքմեն արևելագետների համագործակցության մասին:

Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ Ամալյա Պետրոսյանը, ով Մահթումկուլիի անվան պետական համալսարանում հաջողությամբ պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը թուրքմեներեն ողջունելով հյուրերին, ասաց. «Մահթումկուլիի պոեզիան թուրքմեն ժողովրդի ազգային ոգու գրական արտացոլումն է: Նրա գրական ժառանգությունը դարձել է յուրօրինակ բարեկամական կամուրջ հայ և թուրքմեն ժողովուրդների համար: Թուրքմեն բանաստեղծի մեծարման երեկոն, որը կազմակերպվել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան և Երևանի պետական համալսարանի ղեկավարության ջանքերով, ապացույցն է այն բանի, որ հայ-թուրքմենական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում Մահթումկուլիի պոեզիան բացառիկ դեր է խաղում»:



Միջոցառումն ամփոփվեց հայ բանաստեղծ, թարգմանիչ Վարուժան Խաստուրի՝ Ֆրագիի ստեղծագործությունների ասմունքով և բախշիների՝ թուրքմեն մշակութային գործիչների երաժշտական համարներով:

Նշենք, որ Թուրքմենստանի դեսպանատունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր կազմակերպում են նաև հայ-թուրքմենական ազգագրական երաժշտության համերգ:

 

 

Մարի Ռաֆյան

ԵՊՀ-ի կողմից հիմնադրված «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ   ԲՈԿ-ի կողմից սահմանված դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում:

 

Պարբերականի նոր համարում տեղ են գտել ՀՀ-ն, Արցախի Հանրապետությունը, Բելառուսը, Իրանը, Լեհաստանը, Շվեյցարիան և Ռուսաստանը ներկայացնող 50 անվանի և երիտասարդ գիտնականների աշխատանքները՝ հասարակական գիտությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

 

 

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Հարությունյանը փաստեց, որ պարբերականում տեղ գտած 47 աշխատանքներից 45-ը գիտական հոդվածներ են, իսկ  2-ը՝ գրախոսություններ. «Հոդվածագիրներից 8-ը գիտությունների դոկտորներ են, 13-ը՝ թեկնածուներ, 23-ն ասպիրանտներ և հայցորդներ են»:

 

««Գիտական Արցախ» պարբերականը ոչ միայն գիտական նկրտումներ ունի, այլև գիտական դիվանագիտությունը հայկական իրականության մեջ ձևավորելու և զարգացնելու նպատակ»,- ասաց Ավետիք Հարությունյանը:

 

 

Հանդիպում-քննարկմանը ներկա էին պարբերականի խմբագրական խորհրդի անդամներ և հոդվածագիրներ, որոնք հանդես եկան շնորհավորական ուղերձներով և ընդգծեցին գիտական հանդեսի կարևորությունը:

 

Նրանք նաև մասնագիտական խորհուրդներ տվեցին՝ «Գիտական Արցախ» պարբերականն առավել կատարելագործելու և ճանաչելի դարձնելու համար: Մասնավորապես հնչեցին առաջարկություններ հոդվածները ռուսերեն և անգլերեն թարգմանելու, հրատարակման պարբերականությունն ավելի հաճախակի դարձնելու, հոդվածներն ըստ գիտական խորագրերի դասակարգելու վերաբերյալ և այլն, որոնք Ավետիք Հարությունյանն ընդունեց ի գիտություն և ասաց, որ ամեն ինչ կանեն՝ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար:

 

 

Միջոցառմանը ներկա էր նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, որը նույնպես շնորհավորեց հեղինակներին և «Գիտական Արցախ»-ին անխախտ պարբերականություն մաղթեց:

 

Հանդիպման ավարտին ներկաները ստացան պարբերականի իրենց օրինակները:

Քնար Միսակյան

Գիրքը ստեղծվել է «Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյն» մշակութային հիմնադրամի և Արաբագիտության ամբիոնի դոցենտներ Ալիս Էլոյանի ու Սոնա Տոնիկյանի համագործակցության շնորհիվ:
Արաբագիտություն ամբիոնի դասախոս Սեդրակ Հրայր Միքայէլ Յովսէփեանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց դասագիրքը:

Դասագրքի մասին խոսեցին նաև հեղինակներ Ալիս Էլոյանը և Սոնա Տոնիկյանը:



Գրական արաբերենի այս դասագիրքը ստեղծված է ոչ մասնագիտական բաժինների և լեզվի կենտրոնների համար: Այն սկսնակ երկրորդ՝ A2 մակարդակի է:

Ինչպես նշեցին գրքի հեղինակները, վերջինս բաղկացած է 15 դասից, որոնք համապատասխանում են այն հիմնական թեմաներին, իրավիճակներին, որոնց առնչվում են լեզու սովորողները:

Գրքի շապիկի ձևավորման հեղինակն է ամբիոնի դոցենտ Ռուբեն Միրաքյանը:



Ըստ հեղինակների՝ դասագրքի բաժինները՝ նոր բառապաշար, քերականություն, ընթերցանություն, ունկնդրում և այլն, տարանջատված են գույներով, ինչի արդյունքում լեզվի ուսուցումն առավել արդյունավետ է դառնում:



Հեղինակները ներկաների ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքին, որ դասագրքում հիմնականում փորձել են խուսափել տեքստերով նյութը ծանրաբեռնելուց և նախընտրել են պատկերներով, գրաֆիկներով աշխատել:

Նշենք, որ հետագայում նախատեսվում է լույս ընծայել դասագրքեր նաև լեզվի այլ մակարդակների համար:

 

Մարի Ռաֆյան

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերոնշյալ ֆակուլտետների և Լուիսս համալսարանի միջև համագործակցության հեռանկարները, միջբուհական համագործակցության հնարավոր ուղիները, ուսումնական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները: 

 

Ալեքսանդր Մարգարովը, ողջունելով հյուրերին, նրանց ներկայացրեց ԵՊՀ-ի պատմությունը, ֆակուլտետների կրթական և գիտական ծրագրերը, ինչպես նաև նրանց հրավիրեց մասնակցելու սեպտեմբերին ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

 

 

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետը մանրամասն ներկայացրեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների կրթական և գիտական ծրագրերն ու ներուժը:

 

Ալեքսանդր Մարգարովը պատմեց նաև ԵՊՀ-ի և Իտալիայի տարբեր համալսարանների համագործակցության ուղղությունների մասին, անդրադարձավ Իտալիայի բուհերի և ԵՊՀ-ի ուսանողների փոխանակման ծրագրերին: «ԵՊՀ-ն միշտ բաց է և պատրաստ համագործակցելու տարբեր բուհերի հետ»,- հավելեց Ալեքսանդր Մարգարովը:

 

Ռաֆայել Մարկետտին նշեց, որ Լուիսս համալսարանը ցանկություն ունի համագործակցելու «Միջազգային հարաբերություններ», «Տնտեսագիտություն» և «Իրավագիտություն» մասնագիտություններով: Նա նաև առաջարկեց Իտալիայի կողմից տրամադրվող կրթաթոշակով իրականացնել վերոնշյալ մասնագիտություններով սովորող ուսանողների փոխանակման ծրագրեր:

 

Ռաֆայել Մարկետտին ներկայացրեց Լուիսս համալսարանի կրթական, աշխարհի տարբեր բուհերի հետ ուսանողների փոխանակման ծրագրերը, ինչպես նաև պատմեց իրենց համալսարանի գիտական ներուժի մասին:   

 

Հանդիպման վերջում կողմերը հույս հայտնեցին, որ երկու բուհերի համագործակցության արդյունքում կիրականացվեն ուսանողների փոխանակման ծրագրեր: Նոր համագործակցությունը կնպաստի համատեղ հետազոտական և գիտական գործունեության իրականացմանն ու զարգացմանը:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան 

 

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից կազմակերպված միջազգային կոնֆերանսի նպատակն է համախմբել ոլորտի առաջատար մասնագետներին՝ քննարկելու ներկայիս ձեռքբերումները և նախանշելու առաջիկա քայլերը:

 

Մեզ հետ զրույցում լաբորատորիայի գիտաշխատող և միջոցառման կազմակերպիչ Էդուարդ Ալեքսանյանը փաստեց, որ կոնֆերանսին մասնակցության հայտ են ներկայացրել միջազգային ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ. «Ունենք հյուրեր տարբեր երկրներից՝ մասնավորապես Ռուսաստանից, Լեհաստանից, ԱՄՆ-ից և նույնիսկ Աֆրիկայից»:

 

Կոնֆերանսին զեկուցումներով հանդես են գալու հայաստանյան և արտասահմանյան գիտահետազոտական ինստիտուտների մասնագետներ, այդ թվում՝ ԵՊՀ-ից:

 

Էդուարդ Ալեքսանյանի հավաստմամբ, կոնֆերանսը նշանակալի իրադարձություն է հայաստանյան գիտական կյանքում և լրջորեն կնպաստի ոլորտի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև կխթանի միջազգային գիտական առաջատար կենտրոնների հետ առկա համագործակցությունների ամրապնդումը:

 

Քնար Միսակյան