ՅՈՒՐԻ ԼԱԶԱՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կենսագրություն
Յուրի Լազարի Վարդանյանը ծնվել է 20.08.1936 թ․ ՀՀ-ի ք. Գավառում (Նոր-Բայազետ) բժշկի ընտանիքում: 1944-1954 թթ․ գերազանց առաջադիմությամբ սովորել և ոսկե մեդալով ավարտել է թիվ 30 Երևանի միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո 1954 - 1959 թթ․ սովորել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժանմունքում: Համալսարանն ավարտելուց հետո 1959-1965 թթ․ աշխատել է ՀԽՍՀ ԳԱ-ի համակարգում որպես լաբորանտ, կրտսեր գիտ աշխատող, ավագ գիտ աշխատող և միաժամանակ համատեղության կարգով դասավանդել ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնում: 1960-1963 թթ․ առանց արտադրությունից կտրվելու սովորել է ասպիրանտուրայում, 1964 թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1965 թ-ից անցել է հիմնական աշխատանքի ԵՊՀ-ում որպես տեսական ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ: 1971 թ․ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1974 թ․ շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1974-1984 թթ․ եղել է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1984-2000 թթ․՝ ԵՊՀ ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի վարիչ: 1975 թ․ ընտրվել է ԵՊՀ-ում նոր կազմակերպված ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, որի պաշտոնում աշխատել է մինչև 2017 թ․:

1971-1990 թթ․ եղել է կոմկուսի անդամ: 1990-1995 թթ․՝ ՀՀ գերագույն Խորհրդի պատգամավոր, 1995-1999 թթ․ եղել է ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2014 թ․ շնորհվել է ՀՀ Գիտության վաստակավոր գործչի կոչում: Կյանքից հեռացել է 2019 թ. հոկտեմբերի 22-ին:

Անցյալ դարի վաթսունական թվականներին աշխատանքային գործունեություն ծավալած մտավորականությունը առանձնահատուկ էր իր աշխարհընկալմամբ: Ուսումնառության տարիներին հետպատերազմյան ժամանակաշրջանի զրկանքներն առատորեն ճաշակած այդ երիտասարդները ոչ միայն անկեղծորեն հավատում էին գործող հասարակարգի պայմաններում իրենց երկրի բարգավաճմանը, այլեւ պարզորոշ պատկերացնում էին այդ նպատակին հասնելու ճանապարհին իրենց սերնդին հատկացված վճռորոշ դերը: Նրանցից լավագույնները ուժ գտան ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին: Եվ այժմ, անդրադառնալով «վաթսունականների սերունդ» կոչվող երեւույթի թողած հոգեւոր եւ նյութական ժառանգությանը, կարելի է տարակուսել միայն, որ այդ ամենը մի սերնդի գործ է: Պրոֆեսոր Յուրի Վարդանյանը այդ սերնդին բնորոշ ներկայացուցիչներից է:
Ֆիզիկայի բնագավառում մի ողջ դար շարունակվող խոշորագույն հայտնագործությունների շարքը վաթսունական թվականներին էապես փոխել էր քաղաքակրթության պատկերը: Այդ ժամանակաշրջանում ասպարեզ մտած երիտասարդ գիտնականներից ոմանք, ոչ առանց հիմքի, գտնում էին, որ հասել է ժամանակը անդրադառնալու տիեզերքի ձեւավորման առեղծվածին: Երկրային պայմաններում բացահայտված բնության օրինաչափությունների ընդհանրացումը բացառապես ոչ երկրային պայմանների տիրույթ, ուր ջերմաստիճանը միլիոնավոր, իսկ նյութի խտությունը միլիարդավոր անգամներ գերազանցում է երկնայինը, գայթակղիչ էր և շատ հեռանկարային: Եվ իրոք, համաձայն ընդունված կարծիքի, հենց աստղաֆիզիկայի ոլորտում կատարվեց անկենդան բնությանը նվիրված վերջին շրջանի առավել նշանակալից հայտնագործությունների զգալի մասը: Առանց չափազանցության կարելի է պնդել, որ այդ հետազոտողների շարքում իրենց արժանի տեղն ունեն նաեւ հայ աստղաֆիզիկոսները եւ նրանց թվում անշուշտ պրոֆեսոր Յու. Վարդանյանը:

Յու. Լ. Վարդանյանի 1960-1963 թթ․ ասպիրանտուրայում պրոֆ. Գ. Ս. Սահակյանի ղեկավարությամբ կատարված աշխատանքները նվիրված էին գերխիտ նյութի և բարիոնային աստղերի ֆիզիկայի հարցերին: Այդ աշխատանքներում նրանք առաջին անգամ կարողացան կառուցել բարիոնային նյութի վիճակի հավասարումը մասնիկների միջև ուժեղ փոխազդեցությունների հաշվառմամբ: Այդ վիճակի հավասարման հիման վրա որոշվեցին գերխիտ երկնային մարմինների՝ բարիոնային աստղերի ներքին կառուցվածքը, աստղի զանգված-կենտրոնական խտություն ու շառավիղ-զանգված կախվածությունները: Բարիոնային աստղերի, ինչպես շատ հաճախ ասվում է նեյտրոնային աստղերի կայունության որոշման համար առանձնահատուկ նշանակություն ունեցավ այդ աստղերի գրավիտացիոն և բարիոնային զանգվածների փոխկապակցվածության ուսումնասիրությունը: Առաջին անգամ ցույց տրվեց, որ գերխիտ նյութում ուժեղ փոխազդեցության շնորհիվ բաբախիչներում բացի նեյտրոններից և պրոտոններից գոյություն ունեն նաև ծանր բարիոններ՝ հիպերոններ, իսկ աստղի զանգվածի արժեքը կարող է հասնել մինչև 1.5 արեգակնային զանգվածի:

Գերխիտ երկնային մարմինների տեսության վերաբերյալ պիոներական այս աշխատանքները լայն ճանաչում են գտել այդ բնագավառի գիտական շրջանակներում:

Իր աշակերտների հետ համատեղ նա հարաբերականության ընդհանուր տեսության շրջանակներում հանգամանորեն հետազոտել է պտտվող սպիտակ թզուկների եւ նեյտրոնային աստղերի հավասարակշռության և կայունության հարցերը: Հարաբերականության ընդհանուր տեսության շրջանակներում ուսումնասիրել է ջերմ բարիոնային և պիոնային աստղերի ու սպիտակ թզուկների ներքին կառուցվածքը: Որոշվել է այդ աստղերի սառչելու ժամանակը: Այնուհետեւ հետազոտվել են պտտվող և տատանվող նեյտրոնային աստղերի ու սպիտակ թզուկների գրավիտացիոն ճառագայթման առանձնահատկությունները: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նեյտրոնային աստղերի թաղանթում ընթացող բավականին մեծ էներգանջատմամբ ընթացող անհավասարակշիռ բետա- պրոցեսների հետազոտումը:

Պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանը համալսարանում գործող «Տարօրինակ քվարկները սպիտակ թզուկներում և նեյտրոնային աստղերում» բազային ֆինանսավորմամբ գիտական լաբորատորիայի գիտական ղեկավարն էր: Այդ լաբորատորիայում շարունակվել են գերխիտ աստղերի ֆիզիկայի վերաբերյալ հետազոտությունները, որոնք համահունչ են աշխարհում այդ բնագավառի դիտողական և տեսական արդի ձեռքբերումներին և միաժամանակ շատ հոգեհարազատ անցած դարի 60-ականներին Հայաստանում ձևավորված գերխիտ աստղաֆիզիկայի գիտական խմբի լավագույն ավանդույթներին: Որոշվել են նյութի քվարկային և հադրոնային վիճակների միջև փուլային հավասարակշռության ջերմադինամիկական պարամետրերը: Այդ արդյունքների հիման վրա հաշվարկվել են քվարկային կորիզով նեյտրոնային աստղերի ինտեգրալ պարամետրերը: Ցույց է տրվել, որ նեյտրոնային աստղերում քվարկային կորիզի առաջացումը կարող է ուղեկցվել տեսանելի ահռելի մեծ էնեգանջատմամբ: Ուսումնասիրվել են տարօրինակ քվարկային աստղերի ֆիզիկական առանձնահատկությունները: Ընդհանրացնելով աստղերի կայունության որոշման ստատիկ հայտանիշը՝ շրջանցելով բարդ հաշվողական եղանակները, որոշվել է ինքնակապված քվարկային կորիզով սպիտակ թզուկների կայունությունը:

Պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանը շուրջ 150 գիտական աշխատությունների հեղինակ է: Այդ հետազոտությունների արդյունքները զեկուցվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում և մտել գերխիտ երկնային մարմինների ֆիզիկային նվիրված սովետական և արտասահմանյան հեղինակների հայտնի մենագրությունների մեջ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են հինգ թեկնածուական ատենախոսություններ:

Յու. Լ. Վարդանյանի ամբողջ աշխատանքային գործունեությունը կապված էր Երեւանի պետական համալսարանի հետ: Նա հեղինակ էր հայերեն հրատարակված «Էլեկտրադինամիկա» բուհական դասագրքի:

Պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանը միշտ արձագանքել է հանրապետության տնտեսության զարգացման խնդիրներին: 1973-1979 թթ. նրա ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ Երեւանի պետական համալսարանում պատրաստվել են երիտասարդ մասնագետներ կառուցվող ատոմային էլեկտրակայանի ֆիզիկական լաբորատորիայում աշխատելու համար: 1974-1983 թթ. եղել է «Միջուկային ֆիզիկայի», իսկ 1983-2000 թթ. «Ալիքային պրոցեսների տեսության եւ ֆիզիկայի» ամբիոնների վարիչը: Կազմակերպման օրերից (1975 թ.) մինչև կյանքի վերջին տարիները պրոֆ. Յու. Լ. Վարդանյանը, որպես դեկան, ղեկավարել է համալսարանի առաջատար ստորաբաժանումներից մեկը` ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որն այդ տարիներին տվել է շուրջ երեք հազար բարձրորակ երիտասարդ մասնագետներ գիտության եւ արդյունաբերության այդ կարեւոր կիրառական ճյուղի համար:

Բեղմնավոր գիտամանկավարժական եւ կազմակերպչական աշխատանքները Յու. Լ. Վարդանյանը համալսարանում միշտ զուգորդել է ակտիվ հասարակական գործունեության հետ: 1990-1995 թթ. նա եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, իսկ 1995-1999 թթ. Ազգային ժողովի պատգամավոր: Իր պատգամավորական գործունեության տարիներին նա միշտ ուշադրության կենտրոնում է պահել գիտությանը եւ կրթությանը վերաբերող հարցերը, օգնել համալսարանին մի շարք խնդիրների լուծման գործում:

Պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանը հայտնի էր իր սկզբունքայնությամբ եւ անաչառությամբ, վայելում էր Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողության հարգանքը: Նա երկար տարիներ եղել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ուղղությամբ գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդների անդամ, ԵՊՀ կառավարման խորհրդի անդամ:

Պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանի գիտամանկավարժական եւ կազմակերպչական գործունեությունը բազմիցս բարձր գնահատականի էր արժանացել համալսարանի ղեկավարության ու կրթության եւ գիտության նախարարության կողմից: Պարգեւատրվել է ԽՍՀՄ «Աշխատանքի արիության համար» մեդալով (1970) եւ ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով (1980), ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով (1999), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2009) եւ ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալով (2009), ԵՊՀ երկու Ոսկե մեդալներով (2007 եւ 2010): Գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանը 2014 թ. արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Մեծ է պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանի դերը ռադիոֆիզիկայի ֆակուլտետում Սինոփսիս ընկերության հետ համատեղ իրականացվող «Գերմեծ ինտեգրալ սխեմաներ» մասնագիտացման կազմակերպման գործում: Ֆակուլտետի այս մասնագիտացումն ավարտած բազմաթիվ շրջանավարտներ այժմ հաջողությամբ աշխատում են այդ նշանավոր ընկերությունում:

Յու.Լ.Վարդանյանը կյանքից հեռացել է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին Երևանում:

ՅՈՒՐԻ ԼԱԶԱՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 
 

Գիրք/Book

Ալավերդյան Գ. Բ., Հարությունյան Ա. Ս., Վարդանյան Յու. Լ .

Էլեկտրադինամիկայի խնդիրների ժողովածու | մաս l., 135 էջ, Երևան, Դար հրատ., 2006

Ալավերդյան Գ. Բ., Հարությունյան Ա. Ս., Վարդանյան Յու. Լ.

Էլեկտրադինամիկայի խնդիրների ժողովածու. մաս 1 | Երևան, «ԴԱՐ» հրատ., 2006

Алавердян Г. Б., Арутюнян А. Р., Вартанян Ю. Л.

Нейтронные звезды с кварковым ядром. II | Основные интегральные и структурные параметры, Астрофизика, т.47, 65-78, 2004 (Astrophysics, v. 47, 52, 2004)

Վարդանյան Յու.Լ.

Դաշտի տեսութուն (էլեկտրադինամիկա), III հատոր,դասախոսություններ | ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 1980

Вартанян Ю.Л., Аджян Г.С.

О дифференциально вращающихся нейтронных звездах и белых карликах | Релятижистская астрофизика (сборник научных трудов), Минск, 1976
 

Հոդված/Article

Alaverdyan G. B., Harutyunyan A. R., Vartanyan Yu. L.

On small mass hybrid stars with quark core | Spacetime and Substance, v.2, No. 3(8), p.129-131, 2001 |

Alaverdyan G. B., Harutyunyan A. R., Vartanyan Yu. L.

Low-mass quark stars or strange quark white dwarfs | Astrophysics, v.44, p.265-275, 2001 |

Вартанян Ю. Л., Григорян А. К.

О странных кварковых звездах малых масс с корой | Астрофизика, т.44, 469-474, 2001 (Astrophysics, v.44, 382, 2001)

Vartanyan Yu.L.

Радиофизическому факультету ЕГУ 25 лет | Сборник научных статей, посвященный 25-летию основания Радиофизического факультета ЕГУ, Ереван, 2001, с.7-14

Вартанян Ю.Л. , Алавердян Г.Б., Арутюнян А.Р. , Григорян А.К.

Странная кварковая материя в сверхплотных звездах | Сборник научных статей, посвященный 25-летию основания Радиофизического факультета ЕГУ, Ереван, 2001, с.39-44
1   2   3   4   5   6   7   8   9   10   11   12   13   14   22  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Grigor Alaverdyan, Yuri Vartanyan

Impact of the MIT bag model parameters values on the maximum mass of neutron star with a quark core | The Modern Physics of Neutron Stars and Relativistic Gravity - 2017. p. 1 |

Yu. L. Vartanyan, G. S. Hajyan, A. K. Grigoryan, A. G. Alaverdyan, H. A. Shahinyan

Mass-radius relation of white and strange stars | The Modern Physics of Compact Stars and Relativistic Gravity 2015, 2015-09-30, 6 p.

Yu. Vardanyan, A. Grigoryan, H. Shahinyan

Pulsars with more exactly measured masses as possible candidates of strange stars | The Modern Physics of Compact Stars and Relativistic Gravity 2015, 2015-09-30, p. 14

Vartanyan Yu. L., Hajyan G. S. , Grigoryan A. K.

Stability Valley of Strange Dwarfs: When Can They Explode? | In book of abstracts of Int. Conf. on the Physics of Neutron Stars, eds: D. A. Baiko, Yu. A. Uvarov and D. G. Yakovlev, Saint-Peterburg,July 11-15, 2011, p.56

Vartanyan Yu. L., Harutyunyan A. R.

Superdense stars containing satange qark matter | In Proceedings of the Russian Conference on Physics of Neutron Stars, Saint-Petersburg, June 24-27, 2008, p.39.
1   2   3   4   5   6  |  Տեսնել բոլորը