Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

«Վերլուծական տեղեկագիր» հանդեսում է, որ պարբերաբար հրատարակվում են ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող հետազոտությունների արդյունքները:  Հանդեսի նոր լուսընծայված հատորը կրում է «2018 թ. իրադարձությունները Հայաստանում. ցանցային մտածողություն» խորագիրը, որում ամփոփված են 8 հոդվածներ:

 

Միջոցառման սկզբում ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ղեկավար և հանդեսի գլխավոր խմբագիր Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ այս վերլուծականը բավականին կարևոր նշանակություն ունի. «Այն նվիրված է համայնքների արձագանքին՝ կապված այն իրադարձություններին և խնդիրներին, որոնք տեղի ունեցան Հայաստանում անցած ամռանը»:

 

Կենտրոնի ղեկավարը փաստեց, որ ժողովածուում ներառված հոդվածներից երեքը  տեսական են, իսկ մնացածը՝ նյութի ուսումնասիրություններ. «Տեղեկատվությունը հիմնականում համացանցի միջոցով է հավաքագրվել, շատ դեպքերում տեսազանգերի օգնությամբ հարցազրույցներ են անցկացվել: Այդ ստացված տեղեկատվության վերլուծությունն էլ արտացոլված է ժողովածուում»:

 

 

Այնուհետև կենտրոնի  կրտսեր գիտաշխատող, պարբերականի խմբագրակազմի անդամ Աննա Գևորգյանն անդրադարձավ տպագրված նոր հատորում տեղ գտած հոդվածներին և դրանց հարցադրումներին՝ նշելով, որ հարցին, թե ինչու է ուսումնասիրված նյութը կարևոր, պատասխանում է համարի առաջին հոդվածը:

 

«Դավիթ Հովհաննիսյանի հեղինակած հոդվածում, որը հեղինակի կարդացած դասախոսության սղագրությունն է, նշվում է, որ այժմ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մեր «հիմա»-ն գնահատվում է որպես «ինֆորմացիոն շոկի դարաշրջան»: Այժմ տեղեկատվության ծավալն այնքան շատ է, որ դրա զտումը չափազանց մեծ ճիգեր է պահանջում: Այս ժամանակաշրջանում ավելի է կարևորվում ցանցերի և ցանցապետությունների համատեքստը»,- պարզաբանեց Աննա Գևորգյանը:

 

Նրա հավաստմամբ, հոդվածագիրն առաջ է քաշում մի տեսություն, որի համաձայն՝ ցանցերը կարելի է բաժանել երեք տիպի. տեքստ և կենտրոն ունեցող ցանցեր, միայն կենտրոն ունեցող ցանցեր և միայն տեքստ ունեցող ցանցեր: 

 

«Եթե նշված տեսանկյունից նայենք հայերին և Հայաստանին, հարց է առաջանում, թե ինչպես կարող ենք տեղավորել երևույթները ցանցի, ցանցայնության ու ցանցապետության համատեքստում: Ո՞րն է տեքստ, ո՞րն է կենտրոնը: Եթե այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան անցած տարվա գարնանը և որոշակի փոփոխություն մտցրին տեքստի մեջ, ապա ինչպե՞ս են արձագանքել ցանցի մյուս հատվածները: Մեզ համար հետաքրքրական էր, թե ինչպես են ցանցի այդ մյուս հատվածները վերաիմաստավորել կապերը կենտրոնի հետ»,- ասաց կենտրոնի գիտաշխատողը:

 

 

Ժողովածուում ներառված տեսական հաջորդ հոդվածում, որի հեղինակը Նվարդ Մանասյանն է, քննարկվում է  օրենքից դուրս (մասնավորապես օրինազանց) գտնվող հաղորդակցության տեսակները սոցիալական խմբերում և դրանց ազդեցությունը հաղորդակցության մյուս տեսակների վրա՝ առաջնորդվելով Հեյդերի հավասարակշռության տեսության ու դրա հիման վրա իրականացված փորձարարական հաշվարկների վրա, ինչպես նաև փորձում ուրվագծել հնարավոր լուծումներ:

 

Իսկ ահա Նունե Դիլանյանի հեղինակած տեսական հոդվածում անդրադարձ է կատարվում 21-րդ դարի ցանցային կրթությանը, դրա մարտահրավերներին և հնարավորություններին:

 

 

Ժողովածուում ներառված մյուս հոդվածներում ներկայացված են արդեն Մոսկվայի հայերի, Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի, Իրանի և իրանահայերի, ֆրանսահայերի և ամերիկահայերի արձագանքների վերլուծությունները, որոնք, ըստ հոդվածագիրների, բազմաթիվ նոր հարցադրումներ են առաջ քաշում:

 

Տեղեկացնենք, որ նոր ժողովածուն նախատեսված է քաղաքագետների‚ մշակութաբանների‚ սոցիոլոգների‚ ազգագրագետների‚ հայագետների, արևելագիտական, պատմական և միջազգային հարաբերությունների բաժինների ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար:

 

Քնար Միսակյան

ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի երեք հատորների էջերում տեղ են գտել 103 հոդվածներ, որոնք ընտրվել են գիտական ամենամյա նստաշրջանում հնչած գրեթե 450 զեկուցումներից: Բոլոր հոդվածներն անցել են գրախոսության փուլը, իսկ հետո արդեն երաշխավորվել տպագրության: Ի դեպ, տպագրված հոդվածները հասանելի են նաև ԵՊՀ կայքում:

 

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, շնորհավորելով հոդվածագիրներին, ասաց, որ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուն մինչ այս տարեգիրք էր, մինչդեռ ԲՈԿ-ի նոր չափորոշիչների համաձայն՝ պարբերականը պետք է հրատարակվի տարեկան առնվազն երկու անգամ. «ԲՈԿ-ի կողմից ճանաչելիությունը պահպանելու համար ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուն հրապարակվելու է տարեկան երկու անգամ»:

 

 

ՈՒԳԸ նախագահը տեսապատկերի միջոցով որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց ժողովածուի վերաբերյալ: Նա մասնավորապես նշեց, որ տպագրված հոդվածների ավելի քան 70 %-ը հայերեն են, 17 %-ը՝ անգլերեն, իսկ 12 %-ը՝ ռուսերեն. «Հոդվածագիրների ճնշող մեծամասնությունը ներկայացնում է ԵՊՀ-ն, 16 %-ը՝ հայաստանյան այլ բուհեր, իսկ 13 %-ը՝ արտասահմանյան բուհեր»:  

 

Վանատուր Շերենցը մեկ անգամ ևս շեշտեց, որ ժողովածուում հոդված տպագրելու համար պարտադիր պետք է զեկուցմամբ հանդես գալ ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող ամենամյա գիտական նստաշրջանին. «Արդեն նշեցի, որ այս անգամ հնչած 450 զեկուցումներից տպագրվել են միայն 103-ը: Ընտրվել են այն հոդվածները, որոնք պարունակել են գիտական նորույթ, իսկ դրանց արդյունքներն էլ հիմնված են եղել գիտական մեթոդների վրա»:  

 

 

ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի նոր հատորների շնորհանդեսի ավարտին միջոցառմանը ներկա բոլոր հոդվածագիրները ստացան իրենց օրինակները:

 

Քնար Միսակյան

Ինչպես հայտնի է, 1917 թվականին Հովհաննես Թումանյանի ջանքերով ստեղծվում է «Հայկազյան» ընկերությունը, որը կոչված էր միավորելու հայ մշակույթն ու մտավորականությանը:
Իր հրապարակախոսություններից մեկում Թումանյանն անդրադառնում է «Հայկազյան ֆոնդի» ստեղծմանն ու առաքելությանը.
«Ազգ ենք և մինչև հիմա չունենք մեր ազգային պատմությունը։ Մեր ազգային պատմության նյութերը ցրված են վանքերում, փակված ձեռագրերից ու մեր շուրջը փռված հիշատակություններից՝ սկսած մինչև հեռավոր երկրների արխիվներն ու թարգմանությունները...

…Էս բոլոր նյութերը պետք է հավաքել գիտնականների, պատմագետների ձեռքերով, ուսումնասիրություններ կատարել, մենագրություններ գրել (մոնոգրաֆիա), և հետզհետե պատրաստել մեր ազգի գիտական ճշմարիտ պատմությունը …

Գրականություն ունենք, բայց դեռ մի ընդհանուր գրական լեզու չունենք։ Եղածն էլ աղքատ ու աղճատ և անկազմակերպ։ Պետք է հավաքել հայոց բառարանների, բովանդակ հայության լեզվական գանձերը, կազմել հայոց կենդանի լեզվի բառարանը, ստեղծել հայոց ազգային գրական լեզու։

Գիտություն չկա մեր մեջ։ Ե՛վ դպրոց, և՛ գրականություն, և՛ հրապարակախոսություն, և՛ հասարակական ու ազգային գործեր մեծ մասամբ հիմնված են տգիտության վրա ․․․» (Հ. Թումանյան, հ․ 4, Ե․, 1969 թ., էջ 397):

Այս հոդվածում Թումանյանն անդրադառնում է նաև հայ գեղարվեստին՝ ասելով, որ այն ընկած է երեսի վրա ու թողնված է մասնավոր մարդկանց խնամքին։ «Մինչդեռ բարձր քաղաքակիրթ ժողովուրդ դառնալու և կոչվելու համար առանց գեղարվեստի՝ ճար ու ճանապարհ չկա»,- գրում է նա։

Ահա այս խնդիրներին լուծում տալու համար Հովհաննես Թումանյանը ստեղծում է «Հայկազյան» ընկերությունը, որը սնվում էր հայ մեծահարուստների միջոցներով ու ապահովում էր ժամանակի գիտական միջավայրի կենսունակությունը։

Սակայն պատմության էջերը վերանայելը, գրական ընդհանուր լեզու ստեղծելն ու մշակութաբանությամբ զբաղվելը, այն սովորելն ու սովորեցնելը հնարավոր էր միայն գիտական հաստատության պատերի ներսում։ Հասկանալի է, որ «Հայկազյան» ֆոնդի հիմնական նպատակը, ի վերջո, Հայկական համալսարան հիմնելն է։

«Պետք է համախմբել հայ գիտնականներին, ստեղծել գիտություն հայերեն լեզվով և հայ գիտնականների կաճառ, գիտության օջախ, Հայկական Ակադեմիա։

Եվ պետք է ստեղծել Հայոց Համալսարան, ուր կարելի լինի բարձրագույն գիտությունները ավանդել ու սովորել հայերեն լեզվով։ Մեր տարրական ու միջնակարգ դպրոցների մեջտեղը պետք է կառուցանել ու պահել մի գիտության տաճար, մեր մանր ու մեծ ճրագների մեջտեղը պետք է վառել մի մեծ ջահ,- Հայկական Համալսարան»,- գրել է Հովհաննես Թումանյանը։

Օրինակ բերելով իտալացիներին, որոնք պատերազմի դաշտում՝ խրամատում, համալսարան են բացում ու զբաղվում գիտությամբ, Թումանյանը հարց է տալիս, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը խրամատներից այսքան հեռու չի կարող զբաղվել գիտությամբ։

«Եվ սրա մեջ է մեր ցեղի մեծությունն ու մեր կյանքի մեծ դրաման»,- գրված է հոդվածի վերջում։

Ysu.am-ին տված հարցազրույցում թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանն ասաց, որ հայոց մեծ բանաստեղծը շատ մեծ ոգևորությամբ էր զբաղվում «Հայկազյան» ընկերության ստեղծմամբ ու մեծ ցանկություն ուներ Հայկական Ակադեմիա հիմնելու։ Նա պատմեց, որ Թումանյանը բազմաթիվ հայ մտավորականների է կանչել՝ իր ծրագիրն իրագործելու համար։

«Նա ցանկանում էր, որ հայ մտավորականությունն ազատվի մանկավարժական գործից ու զբաղվի գիտությամբ։ Մտավորականությանը կանչելուց հետո՝ Պյատիգորսկում մի քանի ժողովներ է գումարում պրոֆեսոր Մառի ներկայությամբ, որտեղ քննարկվում ու ճշգրտվում են համալսարանին վերաբերող հարցեր»,- ասաց տիկին Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ Հովհաննես Թումանյանը, համալսարան հիմնելու գործին լծված լինելով մեկտեղ, ստեղծում էր կամավորներին զենք ուղարկելու ֆոնդ։

Ցավոք, այդ ժամանակ Թումանյանի՝ համալսարան հիմնելու ցանկությունը չիրականացավ։ Սակայն նա չի հանձնվում և Հրաչյա Աճառյանին գրված նամակներից մեկում ասում է, որ համալսարան չունենալը չի նշանակում չունենալ Հայկական Ակադեմիա։ Թեև Աճառյանը չէր կարող դասավանդել համալսարանում, սակայն Թումանյանն այս նամակում գրում է, որ նա ընդգրկված է հայ գիտությունը զարգացնողների և տարածողների խմբի մեջ։

«Վերջապես Ձեզ ի նկատի ունենք նաև էն խմբի մեջ, որ կազմված է լինելու մեր գիտնականներից ու բանասերներից և որին առայժմ Հայկական Ակադեմիա բարձր անունն ենք տալիս»։

Թեև Հովհաննես Թումանյանի՝ ազգային համալսարան հիմնելու ջանքերը ձախողվեցին, այսուհանդերձ 1919 թվականի մայիսին նա տեսավ Պետական համալսարանի հիմնադրումը։

 

Մարինա Առաքելյան

Միջոցառմանը ներկա էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, Լևոն Մուրադյանի հարազատները և ընկերները:

 

Ռաֆիկ Հակոբյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց համալսարանում Լևոն Մուրադյանի հետ ուսումնառության, ինչպես նաև աշխատանքային տարիներից հետաքրքիր դրվագներ:

 

«Նա ոչ միայն լավ ընկեր էր, այլ մեծ գիտնական: Նա իր կյանքն ապրեց մեծ գիտնականի առաքելությամբ՝ ծառայելով գիտությանն ու հայրենիքին: Անուրանալի է Լևոն Մուրադյանի ներդրումը ժամանակակից գերարագ օպտիկայի և լազերային ֆիզիկայի կարևոր ուղղություններում: Նրա տասնյակից ավելի աշակերտների զգալի մասը հաստատվել և ներկայումս հաջողությամբ աշխատում է հայաստանյան և արտերկրի հայտնի գիտական կենտրոններում։ Մեր նպատակն է ևս մեկ անգամ հիշել և մեծարել անվանի գիտնական ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր, գիտական ղեկավար, առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Լևոն Մուրադյանին»,-ասաց ֆակուլտետի դեկանը և հավելեց, որ 2018 թ. նոյեմբերի 29-ին Ֆիզիկայի ֆակուլտետի ՖԳՀԻ գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան անվանակոչվել է պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվամբ:

 

 

Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզմաթ․ գիտ. թեկնածու Աղավնի Կուտուզյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց պրոֆեսորի անցած ճանապարհը և գիտամանկավարժական գործունեության հիմնական ուղղությունները:

«Լևոն Մուրադյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական հրա­տարակումների, կիրառական բնույթի աշխատանքների շնորհիվ Լևոն Մուրադյանը ստացել է 10 արտոնագիր գերարագ օպտիկայի և մանրաթելային օպտիկայի բնագավառում, նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են բազմաթիվ ատենախոսություններ: 1991թ. սկսած պրոֆեսոր Մուրադյանը ֆակուլտետում կարդացել է տարբեր դասընթացներ՝ հիմք դնելով նոր ուղղությունների ու կրթական ծրագրերի»,- հավելեց նա:

 

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի վարիչ, ՖԳՀԻ տնօրեն, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոման Ալլահվերդյանն էլ վերհիշեց համատեղ աշխատանքային տարիներին տեղի ունեցած հումորային դրվագները:

 

«Նրան սիրում էին ուսանողներն ու ընկերները, նա այն եզակի մարդկանցից էր, որը չէր վարանում ծայրահեղ վիճակներից, փորձարարությունից ու ձախողումներից, փնտրում, գտնում էր նոր ծրագրեր ու տալիս աշխատելու հնարավորություն: Երիտասարդ սերնդի համակրանքը նախևառաջ այս հատկանիշներով էր պայմանավորված»,- ասաց Ռոման Ալլահվերդյանը:

 

 

Լևոն Մուրադյանի գիտամանկավարժական գործունեության և կյանքի հետաքրքիր պատմություններով ու հուշերով կիսվեցին նաև ֆակուլտետի դասախոսները, նրա ընկերներն ու նախկին ուսանողները:

 

Նշենք, որ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր, գիտական ղեկավար, առաջատար գիտաշխատող Լևոն Մուրադյանը վախճանվել է 2018 թ. սեպտեմբերի 19-ին:

 

 

Ներկայացնելով գիտական թեման՝ Կարեն Պետրոսյանը մանրամասնեց. «Հեղուկ բյուրեղները շատ կարևոր տեղ են զբաղեցնում մեր կյան­քում:

Մասնավորապես հեղուկ բյուրեղների կիրառությունը կարող ենք տեսնել հեռախոսներում, ժամացույցներում, համա­կար­գիչ­նե­րի էկրաններում, հեռուստաէկրաններում, ֆոտոխցիկներում և այլուր: Ի տարբերություն այլ օպտիկական նյութերի՝ հեղուկ բյուրեղների օպտիկական հատկությունները կարելի է հեշտությամբ կառավարել՝ փոփոխելով արտաքին ազդեցությունները: Այս կիրառական մեծ ներուժով է պայմանավորված, որ հեղուկ բյուրեղներն ուսումնասիրվում են տարբեր գիտնականների կողմից ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար գիտության տեսանկյունից»:

 

Գիտական թեմայի ղեկավարի խոսքով, նախագծի շրջանակում հետազոտությունները կատարվել են հիբրիդ կողմնորոշմամբ նեմատիկ հեղուկ բյուրեղների (ՆՀԲ) համար:

 

Այստեղ առաջին անգամ փորձնականորեն ուսումնասիրվում են հիբրիդ կողմնորոշված նեմատիկ հեղուկ բյուրեղների օպտիկական հատկությունները՝ լույսի կլանմամբ առաջացած ուղիղ ծավալային ընդարձակման հետևանքով մակածված հիդրոդինամիկական հոսքերով վերակողմնորոշման արդյունքում։

 

Մասնավորապես հիբրիդ կողմնորոշված ՆՀԲ կառուցվածքները հետաքրքրական են ցածրաշեմ գունավոր դիսփլեյների ստեղծման տեսանկյունից:  

 

Ծրագրի ղեկավարը նշեց, որ թեմայի շրջանակում ստացված արդյունքները հնարավորություն կտան ստեղծելու ցածրաշեմ օպտիկական տարրեր, որոնք կարող են օգտագործվել անգամ թույլ ջերմային աղբյուրներ գրանցելու համար:

Նադեժդա Տեր-Աբրահամյան