ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ 1-ԻՆ ՔԱՅԼԸ
[21.12.09]
ԵՊՀ-ում հետազոտական նոր կենտրոն է բացվում:
Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն հիմնելու մասին» ծրագրի շրջանակում ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Ստորագրող կողմերը ներկայացնում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, նորաստեղծ կազմակերպությունների աջակցմանն ու նոր ձեռնարկությունների ստեղծմանը: Կենտրոնը հնարավորություն կստեղծի ոչ միայն պատրաստել նոր մասնագետներ, այլեւ որակավորել, վերապատրաստել նորավարտ ուսանողներին, դասախոսներին, ոլորտում գործող մասնագետներին:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր ուրախությունը հայտնեց այն կապակցությամբ, որ կենտրոնի ստեղծման գործում ԵՊՀ-ն ընտրվել է որպես գործընկեր:
«Կենտրոնը կօգնի համալսարանին լուծելու կադրերի, հատկապես դասախոսների որակավորման եւ վերապատրաստման հարցը եւ կդառնա շարժիչ ուժ այն ընդհանուր գործընթացում, որը 2 տասնամյակ անց մեզ կդարձնի հետազոտական կենտրոն»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ բոլորովին էլ պատահական չէ, որ այս գործընթացում մեր երկրի գործընկերը Հնդկաստանի Հանրապետությունն է:
«Մեր ընկերությունը հաճախ մեծ շուկա մտնելու համար խնդիրներ է ունենում: Հնդկական շուկան նոր ձեւավորվող շուկա է: Այստեղ արդեն ստեղծվել եւ արագորեն զարգանում են մի քանի գլոբալ ընկերություններ: Մեզ համար այդ շղթային միանալը միջազգային շուկա մտնելու շատ ավելի հեշտ ճանապարհ է»,- նշեց Ներսես Երիցյանը:
Նախարարը հույս հայտնեց, որ կենտրոնը թույլ կտա լուծել մոտակա 5-7 տարիների ռազմավարության առաջադրած խնդիրների որոշ մասը, այն է` ունենալ ՏՏ ոլորտի գոնե մի քանի մտավոր սեփականություն, որոնք անցել են լիցենզավորումն ու գրանցվել են:
Կենտրոնն առայժմ գոյություն ունի միայն թղթի վրա: Կենտրոնի գրասենյակը տեղակայված կլինի ԵՊՀ 3-րդ ուսումնական մասնաշենքում: Պաշտոնական բացումը կկայանա 2010 թ-ի սեպտեմբերին:
[02.09.10]
[01.09.10]
[01.09.10]
[01.09.10]
[31.08.10]
[30.08.10]
[19.08.10]
[23.07.10]
[22.07.10]
[13.07.10]