ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ | WWW.YSU.AM
Print Page

ՈՒՍՏԱՐԻՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՈՒՍՏԱՐԻՆ ԱՎԱՐՏՎԵՑ

17.07.12

Այս տարի Մայր բուհն ունեցել է 4489 շրջանավարտ:

Առկա ուսուցման 2632 ուսանողներ ստացել են բակալավրի, իսկ 1313-ը` մագիստրոսի աստիճան, որոնցից համապատասխանաբար 390-ը արժանացել է բակալավրի, 353-ը` մագիստրոսի կարմիր դիպլոմի: Հեռակա ուսուցման 476 ուսանողներից գերազանցության դիպլոմ է ստացել 11-ը, նույնքան էլ` 68 որակավորված շրջանավարտներից («Քիմիա» մասնագիտությամբ):

Ֆակուլտետներից յուրաքանչյուրը յուրովի էր կազմակերպել դիպլոմների հանձման արարողությունը: Մասնավորապես՝

Հուլիսի 3-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շուրջ 106 շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու մոտ: Այս նախաձեռնությունն իրականացվում է 2-րդ անգամ: Ըստ ավանդույթի` ամեն տարի շրջանավարտներն ավարտական դիպլոմները ստանում են Արեւմտյան Հայաստանի մայրաքաղաքներից մեկում:

Հուլիսի 7-ին ԵՊՀ-ում ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Երեւանի պետական համալսարանի կազմակերպած «Սփյուռք» ամառային դպրոցի սաները հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ հանձնեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտներին:

Իսկ ահա Տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտների համար հիշարժան դարձավ հուլիսի 11-ը: Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ եւ ուսանողներ:

«Այսօր ե՛ւ ուրախալի, ե՛ւ ինչ-որ տեղ նաեւ տխուր օր է, քանի որ մի կողմից լավ գիտելիքներով զինված նոր կյանք եք մտնում, մյուս կողմից էլ բաժանվում եք այն մարդկանցից, ովքեր ոչինչ չեն խնայել ձեզ կրթելու համար: Իհարկե, ձեզ մեծ գործեր ու հիշարժան օրեր են սպասվում, սակայն, այնուամենայնիվ, երբ մի հայացք հետ գցեք, կհասկանաք, որ ուսանողական տարիներն ամենաանհոգ ու լավ օրերն են եղել ձեր կյանքում: Բոլորիդ կանաչ ճանապարհ եմ մաղթում եւ որպես պատգամ հորդորում՝ ամեն տեղ, ամեն գործում միշտ հա՛յ մնացեք, ապրե՛ք, ստեղծագործե՛ք, մասնագիտական նոր վերելքնե՛ր նվաճեք ու, ամենակարեւորը, լավ ընտանի՛ք կազմեք եւ մի՛ մոռացեք, որ մեր երկրի քաղաքացին եք»,- ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին կայացած գիտխորհրդի նիստի ժամանակ ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության մասին զեկույց էր ներկայացրել Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Զեկույցի համաձայն՝ զբաղվածության առումով պատկերն այսպիսին է` ավարտելու պահին բակալավրիատի շրջանավարտների 7.8%-ն ունի մասնագիտական, 9.9%-ը` ոչ մասնագիտական աշխատանք, իսկ մագիստրատուրայի շրջանավարտների 50%-ն ունի ոչ մասնագիտական, 34.1%-ը` մասնագիտական աշխատանք: Հարցմանը մասնակցած շրջանավարտների 80%-ը համալսարանի տված տեսական գիտելիքների մակարդակը գնահատում է «լավ», սակայն ե՛ւ մագիստրատուրայի, ե՛ւ բակալավրիատի ուսանողների համար այնքան էլ գոհացուցիչ չէ օտար լեզուների իմացության մակարդակը:

// Երեւանի Պետական Համալսարան