Մեր մասին

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը ԵՊՀ ուսանողներին և ասպիրանտներին միավորող կառույց է: Նրա նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը: Այդ նպատակով ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, հրատարակում երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական հոդվածները:


ՈՒԳԸ աշխատանքները կանոնակարգվում են ԵՊՀ կանոնադրության պահանջներին համապատասխան: ԵՊՀ ՈՒԳԸ աշխատանքների հիմնարար փաստաթուղթը ՈՒԳԸ կանոնադրությունն է, որը հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից 2001 թ.: Ընթացիկ աշխատանքները կանոնակարգող փաստաթուղթը ՈՒԳԸ աշխատակարգն է, որի՝ ներկայումս գործող տարբերակը հաստատվել է 2015 թ.:

 

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դեռևս 1920-1930-ական թթ. ԵՊՀ տարբեր ամբիոններում սկսել են ակտիվ գործունեություն ծավալել ամբիոնային ուսանողական գիտական խմբակներ: 1947 թ. սեպտեմբերին հրավիրվել է այդ խմբակների անդամների ընդհանուր ժողով, և որոշվել է ստեղծել համահամալսարանական ՈՒԳԸ: ԵՊՀ ՈՒԳԸ առաջին նախագահն է դարձել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնի ուսանող, այժմ փիլ. գիտ. դոկտոր, պրոֆ. Յակով Խաչիկյանը: ՈՒԳԸ ղեկավար մարմինը կոչվել է կենտրոնական խորհուրդ: Յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվել են մի քանի գիտաժողովներ, գիտահետազոտական աշխատանքներ են տարվել մշտապես գործող խմբակներում և ուսանողական լաբորատորիաներում, հրատարակվել են գիտական հոդվածներ: 1970-ական թթ. յուրաքանչյուր ուսումնական տարվա կտրվածքով ՈՒԳԸ անդամների թիվը կազմել է առնվազն 800-1000, գիտական զեկուցումների թիվը՝ առնվազն 600-700, և եղել է ՈՒԳԸ ծրագրերի զգալի ֆինանսավորում:

1991 թ. ՈՒԳԸ աշխատանքները սառեցվել են, սակայն 1996 թ. մայիսի 25-ին այն վերահիմնադրվել է. ընդունվել է նոր կանոնադրություն, ընտրվել է ՈՒԳԸ ղեկավար նոր մարմին՝ Գիտական խորհուրդ: Վերակազմյալ ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ, այժմ՝ քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Ալեքսանյանը: Վերսկսվել է գիտաժողովների և դրանց լավագույն աշխատանքների հրատարակման կազմակերպումը: Այդ աշխատանքները շարունակվել են հաջողությամբ համակարգվել նաև հաջորդող տարիներին ՈՒԳԸ նախագահներ Ռուբեն Մարկոսյանի, Եզնիկ Միրզոյանի, Կառլեն Խաչատրյանի և Միքայել Մալխասյանի կողմից:


2015 թ. հուլիսից ԵՊՀ ՈՒԳԸ նախագահն է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասպիրանտ Մհեր Հակոբյանը: Ներկայումս յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվում է շուրջ 50 միջազգային, հանրապետական, համահամալսարանական և ֆակուլտետային գիտաժողով, որոնց ընթացքում ներկայացվում է մինչև 1000 գիտական զեկուցում: Վերականգնվել է ամենամյա գիտական նստաշրջանի անցկացման՝ խորհրդային տարիներին գոյություն ունեցած ավանդույթը: Իրականացվում են գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունների ուսուցման դասընթացներ:

2011 թ. դեկտեմբերից մինչև 2015 թ. ապրիլը ԵՊՀ 19 ֆակուլտետներում և Իջևանի մասնաճյուղում ՈՒԳԸ շրջանակներում կազմակերպվել է շուրջ 1800 միջոցառում, հրատարակվել են ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին համապատասխանող գիտական հոդվածների 19 և թեզիսների 4 ժողովածու, 5 մենագրություն, 2 մեթոդական ձեռնարկ, շուրջ 650 գիտական հոդված, ավելի քան 150 թեզիս: ՈՒԳԸ կառուցվածքային ստորաբաժանումներին անդամակցում է շուրջ 400 ուսանող և ասպիրանտ:


ԵՊՀ ՈՒԳԸ 68-ամյա պատմության ընթացքում ՈՒԳԸ անդամ է եղել ավելի քան 6700 ուսանող և ասպիրանտ, իսկ եթե հաշվի առնենք, որ ԵՊՀ ուսանողական գիտական առաջին խմբակն ստեղծվել է 1922 թ., ապա ՈՒԳԸ բովով անցած համալսարանականների թիվը շատ ավելի մեծ է: ՈՒԳԸ նախկին անդամներից և ղեկավար կազմի ներկայացուցիչներից շատերը ներկայումս ԵՊՀ ֆակուլտետների դեկաններ և դասախոսներ են:

 

ԵՊՀ ՈՒԳԸ տարբերանշանն է՝

ԵՊՀ ՈՒԳԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

 
 

 

ԵՊՀ ՈՒԳԸ ՊԱՏՎՈԳՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ

      • Միքայել Մալխասյան (2016 թ.)
      • Տիգրան Ղանալանյան (2015 թ.)
      • Կիմ Ավագյան (2013 թ.)
      • Եզնիկ Միրզոյան (2012 թ.)
      • Ռուբեն Մարկոսյան (2012 թ.)
      • Աշոտ Ալեքսանյան (2012 թ.)
      • Կառլեն Խաչատրյան (2012 թ.)
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին