Երևանի պետական համալսարանի Պատմության, Աստվածաբանության, Արևելագիտության ֆակուլտետների և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ 2018 թ. դեկտեմբերի 4-6-ին կազմակերպվում է Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական եռօրյա գիտաժողով: Գիտաժողովը ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները:
Գիտաժողովը կազմակերպող համապատասխան ֆակուլտետների գիտական խորհուրդների երաշխավորությամբ գիտաժողովի լավագույն զեկուցումները տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականի համարներում, որոնց էլեկտրոնային տարբերակներին հնարավոր կլինի ծանոթանալ ՈՒԳԸ հրատարակումների կայքում:
ՈՒԳԸ-ն ՀՀ-ում գործող ամենահին երիտասարդական գիտական կառույցն է, որի ձևավորման արմատները ձգվում են 1947 թվականից էլ վաղ:
ԵՊՀ ՈՒԳԸ պատմության հարուստ էջերում կարելի է տեսնել կայացած և հայտնի գիտնականների, նվիրյալ համալսարականների և ճանաչված մասնագետների, որոնց փորձը, հմտություններն ու հիշողությունները կփորձենք վերհանել «Հետադարձ հայացք» ծրագրի շրջանակներում, որը կվարի փորձառու ՈՒԳԸ-ական և ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի անդամ Վեներա Ստեփանյանը:
ՀՀ ամենահին ուսանողական կառույցն արդեն 70 տարեկան է։ Թեև 1947 թվականից ի վեր մեծապես փոխվել է թե՛ ՈՒԳԸ կազմը, թե՛ գործելաոճը, թե՛ իրականացվող ծրագրերը, սակայն նույնն է մնացել ուսանողների ու երիտասարդ գիտնականների գիտական գործունեությունը խթանելու, նրանց հոգևոր և ստեղծագործական զարգացմանը նպաստելու ձգտումը։
2017 թվականը խոստանում է հարուստ լինել Ուսանողական գիտական ընկերության հիմնադրման հոբելյանը նշանավորող բազմաթիվ միջոցառումներով, նոր նախագծերով ու ծրագրերով, որոնց շարքում հատկապես առանձնանում են հոկտեմբերին սպասվող միջազգային գիտաժողովը, ուսանողական կառույցների ու կազմակերպությունների՝ մայիսի 16-18-ը նախատեսվող երիտասարդական համաժողովը, ինչպես նաև ապրիլի 18-ից մայիսի 3-ն անցկացվող «Գիտախոս» հանրամատչելի զեկուցումների մրցույթը։ Խոշոր ծրագրերից են նաև Աշխարհագրության և երկրաբանության, Արևելագիտության, Պատմության և Ռուս բանասիրության ֆակուլտետների ՈՒԳԸ-ների կողմից կազմակերպվող գիտաժողովները, ինչպես նաև ուսանողական օլիմպիադաները, սեմինար-դասախոսությունները, գիտաճանաչողական այցերը, քննարկումները, բանավեճերն ու երկարաժամկետ դասընթացները՝ նվիրված ՈՒԳԸ 70-ամյակին։
Կառույցի հոբելյանի առթիվ նաև նոր հավելված է ավելացվել ՈՒԳԸ կայքում, որի շնորհիվ հնարավոր է ներբեռնել նկար՝ ավելացնելով «ՈՒԳԸ 70» մակնշումը՝ հնարավորություն տալով տարածել այն նաև սոցցանցերում։ Բոլոր հետաքրքրվածներին խորհուրդ ենք տալիս փորձել նոր հավելվածը ու դառնալ մեր վիրտուալ հանրության մի մասը:
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության գործունեությանը ծանոթանալու, կազմակերպվող միջոցառումների մասին տեղեկանալու և պարզապես բուհի ուսանողության գիտական կյանքին ծանոթանալու նպատակով հորդորում ենք հետևյալ մեր վեբ-կայքի ու ֆեյսբուքյան էջի թարմացումներին կամ ուղղակի այցելել ՈՒԳԸ աշխատասենյակ (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ):
ԵՊՀ ՈՒԳԸ գիտական խորհրդի որոշմամբ՝ յուրաքանչյուր ուստարվա երկրորդ կիսամյակում ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտական նստաշրջան, որին հնարավորություն են ունենում մասնակցելու ՀՀ բոլոր բուհերի ուսանողները, ասպիրանտները, հայցորդներն ու մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները: Նստաշրջանի զեկուցումների թեմատիկան ազատ է:
Այսպես, 2016 թ. տարեկան գիտական նստաշրջանը անցկացվելու է ապրիլի 25-29-ը: Նստաշրջանի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: Նստաշրջանի աշխատանքներն ընթանալու են 20 բաժանմունքներում՝
Աշխարհագրություն և երկրաբանություն
Աստվածաբանություն
Արևելագիտություն
Դեղագիտություն և քիմիա
Ժուռնալիստիկա
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Իրավագիտություն
Կենսաբանություն
Հայ բանասիրություն
Մաթեմատիկա
Մշակութաբանություն և արվեստաբանություն
Պատմություն
Ռադիոֆիզիկա
Ռոմանագերմանական բանասիրություն
Ռուս բանասիրություն
Սոցիոլոգիա
Տնտեսագիտություն և կառավարում
Փիլիսոփայություն և հոգեբանություն
Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
Ֆիզիկա
Համապատասխան ֆակուլտետների գիտական խորհուրդների երաշխավորությամբ գիտական նստաշրջանի լավագույն զեկուցումները տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականի համարներում, որոնց էլեկտրոնային տարբերակներին հնարավոր կլինի ծանոթանալ ՈՒԳԸ հրատարակումների կայքում:
ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկում է նոր ծրագիր:
Ձեզ ենք ներկայացնում «Չակերտներից դուրս» խորագիրը կրող հարցազրույցների շարքը, որի շրջանակներում պարբերական հարցազրույցներով կբացահայտենք ՈՒԳԸ-ականներին չակերտներից (ՈՒԳԸ-ից) դուրս՝ փորձելով հասկանալ նրանց մասնագիտական նախընտրություններն ու ոչ մասնագիտական նախասիրությունները, ուժեղ ու թույլ կողմերը, մոտիվացիան ու սկզբունքները:
Խորագիրը վարում է Տեղեկատվական հանձնաժողովի անդամ, Պատմության ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Ոսկանյանը: