


ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության գործունեությունը հիմնականում կապված է մասնագիտական սեմինարների և լրացուցիչ դասընթացների կազմակերպման հետ: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն վերջին տարիներին պարբերաբար կազմակերպում է նաև տարաբնույթ սեմինարներ, կինոդիտումներ և հանդիպումներ արտադրական ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ֆակուլտետային ՈՒԳԸ ամենից առանցքային միջոցառումը ֆիզ. մաթ․ գիտ. թեկ. Պետրոս Պետրոսյանի հետ համատեղ կազմակերպվող գրաֆների տեսության սեմինարների շարքն է, որ անց է կացվում յուրաքանչյուր շաբաթ օրերին: Սեմինարները վարում են ոչ միայն ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, այլև հետազոտողներ ԵՊՀ-ից և այլ հաստատություններից: Սեմինարավարները ներկայացնում են ինչպես իրենց սեփական արդյունքները, այնպես էլ դասական ու նորագույն արդյունքներ միջազգային լավագույն ամսագրերից:
Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ սեմինարների մասնակիցները արտասահմանում գիտաժողովների մասնակցելուց հետո անցկացնում են մեկ կամ երկու սեմինար՝ պատմելով գիտաժողովում իրենց հանդիպած հետաքրքիր զեկուցումների մասին: Այս սեմինարների արդյունքում յուրաքանչյուր ուսումնական տարում ֆակուլտետում գրվում են գրաֆների տեսության վերաբերյալ տասնյակից ավելի կուրսային, ավարտական աշխատանքներ և մագիստրոսական թեզեր:
ԻԿՄ ՈՒԳԸ-ն պարբերաբար կազմակերպում է լրացուցիչ դասընթացներ այնպիսի թեմաներով, որոնք ընդգրկված չեն ֆակուլտետի կրթական ծրագրում: 2012-2014 թթ. կազմակերպվել են CUDA համակարգով զուգահեռ ծրագրավորման, Javascript և Python ծրագրավորման լեզուների դասընթացներ Udacity և Codecademy կայքերի նյութերի օգնությամբ: Javascript-ի դասընթացի արդյունքում ստեղծվել է հայերեն Վիքիպեդիայի ավտոմատ խմբագրման WikiAutoDates գործիքը:
2015 թ․ փետրվարից սկսած ֆակուլտետային ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվում են նեյրոնային ցանցերի վերաբերյալ վիդեոդասընթացներ Շերբրուքի (Կանադա) և Սթենֆորդի (ԱՄՆ) համալսարաններում կայացած դասընթացների նյութերով: Այս դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները ֆակուլտետի ուսանողներին թույլ են տվել մասնակցել հեղինակավոր Kaggle և TopCoder կայքերում կազմակերպվող առցանց մրցույթներին (շաքարախտային ռետինոպատիայի ախտորոշում, ձայնագրության լեզվի ճանաչում, դպրոցական քննական թեստերի լուծում), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում կայացած DeepHack.Q&A գիտական դպրոց-մրցույթին:
Յուրաքանչյուր տարվա ապրիլին ԻԿՄ ՈՒԳԸ-ն ակտիվորեն մասնակցում է ԵՊՀ ՈՒԳԸ գիտական նստաշրջանի աշխատանքներին: 2014 և 2015 թթ. ֆակուլտետային բաժանմունքում հնչել են շուրջ մեկ տասնյակ զեկուցումներ հիմնականում թվային մեթոդների, գրաֆների տեսության, ծրագրավորման թեմաներով:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Վերջին թարմացումը՝ 27.03.2018
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |