

ԵՊՀ պատմության ֆակուլտետը, կանգնած լինելով համալսարանական կյանքի ձևավորման ակունքներում, մշտապես առանձնացել է գիտական ու հասարակական եռանդուն գործունեությամբ, ինչպես նաև՝ բանիմաց ու հեռանկարային կադրերի առատությամբ: Հատկանշական է, որ Պատմության ֆակուլտետում ուսանողական գիտական աշխատանքների ծավալումը սկիզբ է առել դեռևս 1920-ական թթ.:
Ձևավորված հարուստ ավանդույթների հենքի վրա ֆակուլտետի ուսանողական կյանքը մշտապես աչքի է ընկել գիտական ուղղվածություն ունեցող տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ: Գիտաժողովները, սեմինար-քննարկումները, բաց դասախոսությունները, հիշարժան իրադարձություններին ու գործիչներին նվիրված ցերեկույթները ֆակուլտետի առօրյայի անբաժան ուղեկիցներն են: Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած միջոցառումներից են դասախոսությունների շարքերը, դպրոցներում իրականացվող բաց դասերը, դպրոցական օլիմպիադաները և, իհարկե, միջֆակուլտետային ու հանրապետական գիտաժողովները: Ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները պարբերաբար մասնակցում են հանրապետական գիտաժողովների Գյումրիում, Վանաձորում և այլուր: Սերտորեն համագործակցելով ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ՈՒԳԸ-ների, ինչպես նաև «Վարդանանք» ռհդա-ի հետ, կազմակերպվում են սեմինար-քննարկումներ, մասնագիտական դասախոսություններ և այլն:
Վերջին տարիներին գեղեցիկ ավանդույթ է դարձել պատմաբանի օրվան նվիրված գիտաժողովի կազմակերպումը, որը համախմբում է մի քանի տասնյակ ուսանողների հանրապետության տարբեր բուհերից: Ֆակուլտետի ՈՒԳԸ անդամներն արժեքավոր զեկուցումներով բազմիցս հանդես են եկել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային հեղինակավոր գիտաժողովներում: Նրանց զգալի մասը, շարունակելով ակտիվ գործունեության ծավալումը, աչքի ընկնող դեր են կատարում գիտական, հասարակական, պետական կյանքի տարբեր ոլորտներում:
Տեղին է նշել, որ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահներ են եղել ֆակուլտետի ներկայիս դեկան, պ.գ.դ., պրոֆ. Էդիկ Մինասյանը և ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը: Գիտակցելով հարուստ ավանդույթների պահպանման ու խորացման անհրաժեշտությունը՝ ֆակուլտետի ՈՒԳԸ անդամներն այսօր էլ պատասխանատվությամբ ու նախանձախնդրությամբ են հետամուտ լինում տարաբնույթ միջոցառումների կազմակերպման գործին:
Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Սիրանուշ Բաղումյան (ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ, մագ. 2-րդ կուրս)
Ծնվել է 1995 թ. փետրվարի 28-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 2002-2013 թթ. սովորել է Գյումրու հ. 7 դպրոցում:
2013 թվականին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատ, 2017 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրա։
2014 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) անդամ է: 2016, 2017, 2018 թ. ճանաչվել է ֆակուլտետի ՈւԳԸ լավագույն անդամ: 2017-2018 թթ. պարգևատրվել է պատվոգրով և հավաստագրով ՈւԳԸ տեղեկատվական հանձնաժողովի աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու և ՈւԳԸ միջազգային 5-րդ տարեկան գիտական նստաշրջանի լուսաբանմանն ակտիվորեն մասնակցելու համար։
2017 թվականից դարձել է ֆակուլտետի ՈւԳԸ քարտուղար։ 2017-2018 թթ. արժանացել է պատվոգրի ֆակուլտետի ՈւԳԸ քարտուղարության աշխատանքներն արդյունավետորեն համակարգելու համար։
2018 թվականից դարձել է ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահը:
Գիտական հետաքրքրությունների շրջանն ընդգրկում է Հայաստանի և Հին Աշխարհի պատմությունն ու մշակույթը, մասնավորապես` Վանի թագավորության պատմությունը, ուրարտական, շումերական սեպագիր համակարգերը և այլն։
Վերջին թարմացումը՝ 19.03.2019
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |