Ծրագրեր

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը 2016 թ-ի հունվարի 1-ից իրականացնում է «Հավելավճար հաշմանդամություն ունեցող համալսարանականներին»  ծրագիրը: Այս ծրագրի շնորհիվ հաշմանդամություն ունեցող ԵՊՀ բոլոր աշխատողները ստանալու են ամսական հավելավճարներ, ըստ հաշմանդամության խմբի՝

1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 20.000 դրամի չափով,

2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 15.000 դրամի չափով,

3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 10.000 դրամի չափով:

Համալսարանականները հավելավճար կարող են ստանալ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրամադրված հաշմանդամության խումբը հաստատող որոշումը ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն ներկայացնելուց անմիջապես հետո:

2011 թվականից ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը իրականացնում է «Անվճար իրավաբանական օգնություն համալսարանականներին» ծրագիրը: Ծրագրի միջոցով ԵՊՀ աշխատակիցներին տրամադրվում է ոչ միայն անվճար իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային, քաղաքացիաիրավական, ընտանեկան, վարչական խնդիրների վերաբերյալ, այլ նաև ԵՊՀ աշխատակիցների անունից իրականացվում է ներկայացուցչություն ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, քաղաքապետարանում, թաղապետարաններում, համատիրություններում, դատարաններում, ոստիկանությունում, բանկերում և այլ հաստատություններում:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը 2012 թվականից սկսած իրականացնում է «ԱՊՊԱ գումարի 10 տոկոսի հատուցում համալսարանականներին» ծրագիրը: Այդ ծրագրի շնորհիվ ԵՊՀ աշխատակիցները հնարավորություն ունեն իրենց և ընտանիքի անդամներին պատկանող ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրությունը իրականացնել սահմանված գումարից 10 տոկոսի հատուցման սկզբունքով:

2010 թվականի հունիսի մեկից ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն իրականացնում է «Ծննդօգնություն համալսարականներին» ծրագիր: Համաձայն այդ ծրագրի ծնվող յուրաքանչյուր առաջին երեխայի համար ԵՊՀ աշխատակցին հատկացվում է 35.000 ՀՀ դրամ գումար, երկրորդ երեխայի համար՝ 70.000, երրորդի համար՝ 105.000, այնուհետև՝ 35.000 ՀՀ դրամով ավելի յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար: Զույգ երեխա ծնվելու դեպքում հաշվարկը կատարվում է առաջին և երկրորդ երեխայի սկզբունքով, երկրորդ զույգի երեխայի դեպքում՝ երկրորդ և երրորդ երեխայի սկզբունքով: Այս ծրագրի շրջանակներում ծննդօգնություն կարող է ստանալ յուրաքանչյուր համալսարանական երեխայի ծննդյան վկայականը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում: 

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը իրականացնում է «Մատչելի հանգստի կազմակերպում համալսարանականներին» ծրագիր: Այս ծրագրի միջոցով ԵՊՀ աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամներն ու ուսանողները կկարողանան հանգստանալ ԵՊՀ ուսումնաարտադրական բազաներում, համեմատաբար, ավելի մատչելի գներով: Սոցիալապես առավել անապահով աշխատողների համար կարող է սահմանվել ուղեգրերի արժեքի մինչև 50 տոկոսի չափով փոխհատուցում:

Այս ծրագրի շրջանականերում ԵՊՀ աշխատողների այն կոլեկտիվները, որոնք ցանկություն կհայտնեն այցելել Հայաստանի, Ջավախքի և Արցախի պատմամշակութային և տեսարժան վայրեր` տրանսպորտային միջոցները կտրամադրվի անվճար:

 

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը իրականացնում է «Ներկայացումների անվճար տոմսեր համալսարանականներին» ծրագիրը: Ծրագրի միջոցով ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն ամբողջ ուումնական տարվա ընթացքում Երևան քաղաքի մի շարք թատրոններից ձեռք է բերում տարբեր ներկայացման տոմսեր, և անվճար տրամադրում ԵՊՀ բոլոր աշխատակիցներին:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը իրականացնում է «Դրամական աջակցություն համալսարանականներին» ծրագիր: Ծրագրի շնորհիվ առանձին դեպքերում և սոցիալապես խիստ անապահով համալսարանականներին հատկացվում է դրամական օգնություն:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը «Բուժօգնություն համալսարանականներին» ծրագրի միջոցով աջակցում է համալսարանականներին որոշակի չափով հոգալ բուժման ծախսերը: Ծրագրից կարող են օգտվել բոլոր այն անապահով համալսարանականները ովքեր կներկայացնեն բժշկական հաստատությունից տեղեկանք: Ծրագրից կարելի է օգտվել տարեկան երկու անգամ, բայց ոչ շուտ քան վեց ամիսը մեկ անգամ:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն իրականացնում է «Ծաղկաձորի ուղեգիր նորապսակ համալսարանականներին» ծրագիրը: Այս ծրագրի միջոցով ԵՊՀ յուրաքանչյուր նորապսակ աշխատակցի տրամադրվելու է  Ծաղկաձորի «Համալսարան» ուսումաարտադրական բազայի անվճար հնգօրյա ուղեգիր: Նորապսակ համալսարանականները ծրագրից կարող են օգտվել ամուսնության պետական գրանցման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում՝ նախօրորք ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: