Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Faculty of Economics and Management
ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից Խորհրդային շինարարության ֆակուլտետում:
>

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսուցման համակարգը եռաստիճան է՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա (առկա և հեռակա ուսուցմամբ):


Բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությամբ՝ «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» և «Կառավարում»:


«Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտը կունենա գիտելիքներ և ունակություններ տնտեսագիտության տեսության, անցումային տնտեսության ուսումնասիրության, տնտեսագիտական մտքի պատմության, դրամավարկային, հարկաբյուջետային և մաքսային քաղաքականությունների, միկրոտնտեսական և մակրոտնտեսական գործընթացների ուսումնասիրման համար մաթեմատիկական և էկոնոմետրիկ մոդելավորման մեթոդների կիրառման, որոշումների կայացման, միջազգային տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի, մենեջմենթի, բիզնեսի կազմակերպման, տնտեսության պետական կարգավորման և այլ բնագավառներում:


«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտը կունենա գիտելիքներ և ունակություններ կորպորատիվ և հանրային կառավարման, բիզնեսի կազմակերպման, ռազմավարական կառավարման, մարքեթինգի, տնտեսության պետական կարգավորման, մասնագիտական տարբեր երևույթների ու գործընթացների ուսումնասիրման համար մաթեմատիկական և էկոնոմետրիկ մոդելավորման մեթոդների կիրառման, որոշումների կայացման, միջազգային տնտեսագիտության, ֆինանսների և այլ բնագավառներում:


«Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտը կունենա գիտելիքներ և ունակություններ կորպորատիվ և պետական ֆինանսների, ոչ բանկային ֆինանսական համակարգերի, դրամավարկային, հարկաբյուջետային և մաքսային քաղաքականությունների, բանկային գործի, հաշվապահության և աուդիտի, մասնագիտական տարբեր երևույթների ու գործընթացների ուսումնասիրման համար մաթեմատիկական և էկոնոմետրիկ մոդելավորման մեթոդների կիրառման, որոշումների կայացման և այլ բնագավառներում:


Մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է չորս մասնագիտությամբ՝ «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ», «Կառավարում» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» (առկա ուսուցման՝ ինը և հեռակա ուսուցման՝ ութ մագիստրոսական ծրագրերով):


Տնտեսագիտական կրթության որակական բարելավման, դասախոսական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման կարևորագույն նախադրյալներից է համագործակցությունը արտասահմանյան առաջավոր համալսարանների հետ: Ֆակուլտետը միջազգային համագործակցության ծրագրեր իրականացրել է դեռևս 1993 թվականից:


Միջազգային համագործակցության տարբեր ծրագրերի շրջանակներում պրոֆեսորադասախոսական կազմի զգալի մասը վերապատրաստվել է արտերկրում, ֆակուլտետում դասավանդել են արտասահմանյան հեղինակավոր բուհերի դասախոսները, իսկ ֆակուլտետի շատ դասախոսներ դասավանդել են արտասահմանյան բուհերում: Փոխանակման տարբեր ծրագրերով արտերկրի բուհերում ուսանել են ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նույնպիսի փոխանակման ծրագրերով, արտասահմանյան տարբեր բուհերի մի շարք ուսանողներ տարբեր ժամկետներով ուսանել են ֆակուլտետում:


Ֆակուլտետի միջազգային համագործակցության լուրջ ձեռբերումներից է ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի (ՍԽՊՀ) հետ պայմանավորվածությունը, մասնավորապես, առ այն որ 2020թ. սեպտեմբերից ամեն տարի ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի երկրորդ տարվա մինչև հինգ մագիստրանտներ կարող են ուսումը շարունակել ՍԽՊՀ-ի «Տվյալների վերլուծություն» ծրագրի 2-րդ կուրսում և ստանալ և՛ ԵՊՀ-ի և՛ ՍԽՊՀ-ի դիպլոմներ:


Ֆակուլտետում կազմակերպվող ուսանողական միջոցառումները հագեցած են և պայմանականորեն կարելի է բաժանել 4 մասի` գիտակրթական, մշակութային, մարզական և ինտելեկտուալ: Ֆակուլտետում կազմակերպվող միջոցառումներից կարելի է նշել տարբեր բիզնես խաղերը, հանդիպումները, սեմինար-քննարկումները: Տարվա ընթացքում կազմակերպվում են գիտաճանաչողական այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր: Միջոցառումների ցանկում հատուկ տեղ են զբաղեցնում բարեգործությունը և հայրենասիրական միջոցառումները: Ֆակուլտետում ակտիվ գործում են Ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը:


Ֆակուլտետի սաների մեծ մասն ուսումն ավարտելուց անմիջապես հետո աշխատանք է գտնում ՀՀ տնտեսության և պետական կառավարման համակարգի կարևորագույն օղակներում: Ֆակուլտետի բազմաթիվ շրջանավարտներ ուսումը հաջողությամբ շարունակում են արտասահմանյան հեղինակավոր բուհերում:


Ֆակուլտետի շրջանավարտների թվում եղել են ՀՀ փոխնախագահ, վարչապետ, փոխվարչապետ, նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, խոշոր ձեռնարկությունների և բանկերի ղեկավարներ և այլն: