
Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում (Մոլդովա)
Մագիստրոսական ծրագիր
«Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» (Մոլդովա)
«Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը հիմնադրվել է 2010 թ. «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիք» (EIDHR) ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Այն մեկամյա (60 կրեդիտ) միջմասնագիտական ծրագիր է, որը ներառում է իրավական, քաղաքագիտական և միջգիտակարգային մոդուլներ:
Այն Եվրահանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ հիմնադրված «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական յոթ ծրագրերից մեկն է: Դրանք են՝
- Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Եվրոպայում (Վենետիկ),
- Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Հարավարևմտյան Եվրոպայում (Բոլոնիա, Բոսնիա և Հերցեգովինա),
- Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Աֆրիկայում (Պրետորիա),
- Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Լատինական Ամերիկայում (Բուենոս Այրես),
- Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (Բանգկոկ),
- Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում (Երևան),
- Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Միջին Արևելքում (Բեյրութ)։
Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են մարդու իրավունքների և ժողովրդավարացման հիմնախնդիրները Արևելյան գործընկերության և հետխորհրդային այլ երկրներում: Այն նախատեսում է ուսանողների ակադեմիական շարժունություն և դասախոսների փոխանակում, ուսուցողական այցելություններ եվրոպական կառույցներ և մասնակից երկրներ: Ծրագիրն իրականացվում է անգլերենով:
Մարդու իրավունքներ «Գլոբալ Կամպուս» ցանցը, որը համակարգում է Վենետիկի մարդու իրավունքների և ժողովրդավարացման եվրոպական միջհամալսարանական կենտրոնը, այսօր ներառում է ավելի քան 100 համալսարաններ և ունի 300-ից ավելի շրջանավարտներ: «Գլոբալ Կամպուս»-ը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ։
Համագործակցություն
«Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրն իրականացվում է հինգ համալսարանների համագործակցությամբ: Մասնակից համալսարաններն են՝
- Երևանի պետական համալսարան (համակարգող),
- Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան,
- Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարան,
- Մոլդովայի պետական համալսարան,
- Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարան։
Ծրագրի կառուցվածքը և շարժունակությունը
«Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը համագործակցում և իրականացնում է ուսուցում տարածաշրջանի առաջատար համալսարանների` Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային, Կենտրոնական Ասիայի ամերիկյան, Մոլդովայի պետական և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանների հետ: Ծրագրի բաղկացուցիչ տարրերից է ուսանողների ակադեմիական շարժունությունը: Ուսումնառության ընթացքում յուրաքանչյուր ուսանող ստանում է հնարավորություն ուսանելու համագործակցող երեք համալսարաններից մեկում` մասնագիտանալով քաղաքական, իրավական և այլ ուղղություններով:
Առաջին կիսամյակն անցկացվում է Երևանի պետական համալսարանում:
Երկրորդ կիսամյակն անցկացվում է գործընկեր երեք համալսարաններից որևէ մեկում՝ հիմնված մոդուլի մասնագիտացման վրա.
- իրավական մոդուլը՝ Մոլդովայի պետական համալսարան, Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան,
- սոցիալ-տնտեսական իրավունքների մոդուլը` Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարան,
- միջգիտակարգային մոդուլը՝ Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարան։
Ուսումնամեթոդական պրակտիկա
«Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի արտադրական և ուսումնական պրակտիկայի տևողությունը կազմում է չորս շաբաթ: Յուրաքանչյուր ուսանող ունի հնարավորություն ընտրելու կամ առաջարկելու իր նախընտրած միջազգային կազմակերպությունը կամ պետական կառույցը, ինչպես Հայաստանում, այնպես էլ գործընկեր երկրներից մեկում:
Ծրագրի ուսանողները իրենց արտադրական պրակտիկան անցնում են ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարություններում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, «Սեյվ դը չիլդրեն»-ի գրասենյակում, «ՅՈՒՆԻՍԵՖ» միջազգային կազմակերպությունում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Ղազախստանում ՄԱԿ-ի գրասենյակներում, Ուկրաինայում ԵՄ պատվիրակությունում, Վրաստանում Եվրոպական և Եվրաատլանտյան ինտեգրման նախարարի գրասենյակում, ինչպես նաև Հայաստանի և գործընկեր երկրների հասարակական կազմակերպություններում:
Ո՞վ հնարավորություն ունի դիմելու
«Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը բաց է բոլոր այն դիմորդների համար, որոնք՝
- ունեն առնվազն բակալավրի աստիճան,
- տիրապետում են անգլերենին և ռուսերենին,
- ունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների թեմաներին առնչվող մասնագիտական հետաքրքրություն։
Գիտական, մասնագիտական փորձը վերը նշված բնագավառներում կդիտվի որպես առավելություն։
Ուսման վարձ և կրթաթոշակ
Առկա են անվճար և վճարովի տեղեր։ Ծրագիրն առաջարկում է սահմանափակ քանակությամբ կրթաթոշակներ, որոնք հոգալու են կեցության ծախսերը հյուրընկալող համալսարանում ուսանելու ժամանակահատվածում:
Ընդունելության, պահանջների և ժամկետների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել https://regionalmaster.net/ կայքէջում։
Ի՞նչ է հարկավոր ներկայացնել
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)․
- առցանց (online) լրացված հայտադիմում,
- լուսանկար (3X4 չափսի),
- դիպլոմ(ներ)ի պատճենները,
- դիպլոմ(ներ)ի միջուկ(ներ)ի պատճենը և նոտարական թարգմանությունը, եթե այն հայերենով չէ,
- զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
- անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
- ինքնակենսագրական (Curriculum Vitae),
- անգլերենով 2 մոտիվացիոն նամակ՝ ընդունելությանը և կրթաթոշակին վերաբերող (450-600 բառ),
- Էսսե (Essay, 1500-2000 բառ)
- ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Անհրաժեշտ փաստաթղթերը կցելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://regionalmaster.net/application-form/։
Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով, և անդորրագրի վրա չեն երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա անհրաժեշտ է ձեռագիր ավելացնել և սքանավորել:
*2023 թ. ԵՊՀ շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք՝ բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
Ընդունելության, պահանջների և ժամկետների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել https://regionalmaster.net/ կայքէջում։