13.04.2021 | 
Հասարակություն
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1000 ՄՂՈՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԵՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ, ԵՎ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՎԱԾ ԵՆ». ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1000 ՄՂՈՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԵՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ, ԵՎ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՎԱԾ ԵՆ». ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության ներկայացուցիչների հետ: Նախարարի հետ հարազատ ֆակուլտետ էին այցելել Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօթերևութաբանության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ.պ. Լևոն Ազիզյանը:

Ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ողջունեց նախարարի՝ գիտության ոլորտի ներկայացուցիչներին հանդիպելու, վերջիններիս հետ քննարկելու բնապահպանության ոլորտի խնդիրները և համատեղ ծրագրեր մշակելու նախաձեռնությունը. «Ուրախ ենք, որ մեր ֆակուլտետի շրջանավարտները չեն մոռանում հարազատ բուհը, պատրաստակամ են զարգացնելու ոլորտի առաջատար մասնագետների հետ համագործակցությունը»:

 

Ռոմանոս Պետրոսյանը նախ ներկայացրեց իր պաշտոնավարման տարիների ընթացքում մշակված ու մեկնարկած ծրագրերը և արդեն իսկ արձանագրված արդյունքները, անդրադարձավ առաջիկա նախագծերին: Նախարարը հատուկ ընդգծեց նաև, որ շրջակա միջավայրի կառավարման գործում երկրաբանի մասնագիտությունն առանցքային է, առանց մասնագետների դարբնոց համարվող ԵՊՀ-ի հնարավոր չէ խորքային բարեփոխումներ իրականացնել:

 

 

«Բնապահպանության ոլորտը, անկասկած, արմատական բարեփոխումների և շրջադարձային կտրուկ քայլերի կարիք ունի, սակայն առանց գիտական բաղադրիչի հնարավոր չէ ցանկալի արդյունքների հասնել: Ուստի անհրաժեշտ է այնպիսի գիտական հարթակ ստեղծել, որտեղ մեր գիտնականները հնարավորություն կունենան ասելու իրենց մասնագիտական խոսքն ու հանդես գալու գործնական կոնկրետ առաջարկներով»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանն ու ներկայացրեց այն խոշոր ծրագրերը, որոնք միտված են բնապահպանության ոլորտի առաջնահերթ համարվող խնդիրների լուծմանը:

 

Մասնավորապես, նախարարն անդրադարձավ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված լայնամասշտաբ ծրագրերին, որոնց առանցքային ուղղություններն են սիգի որսի կանոնակարգումը, օրենքով նախատեսված նիշից ներքև գտնվող շենք-շինությունների առաջնահերթ ապամոնտաժման աշխատանքները և լճի ափամերձ տարածքում գտնվող վարձակալության ու կառուցապատման իրավունքով տրված շենք-շինությունների ու հողատարածքների տոտալ գույքագրումը:

 

Անտառային ոլորտում նույնպես մի շարք խոշոր ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են ոչ միայն բնապահպանական նշաձողի բարձրացմանը, այլև ոլորտի աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծմանը:

 

««Հայանտառ» ՊՈԱԿ-ի 18 անտառտնտեսություններում հիմնում ենք անտառային կուլտուրաների տնկարաններ: Մինչև 2050 թ. նախատեսվում է կրկնապատկել հանրապետության անտառային տարածքները: Նմանօրինակ ծրագրեր են իրականացվում նաև Արցախում»,- ասաց նախարարը և հավելեց, որ ապրիլի 25-ին տեղի է ունենալու հանրապետական ծառատունկ, որի ընթացքում նախատեսվում է տնկել 300.000 տնկի՝ 100.000 Երևանում, իսկ մնացածը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային տարածքներում:

 

Ռոմանոս Պետրոսյանը խոսեց բնագավառի ամենախրթին ու ցավալի խնդրի՝ հանքարդյունաբերության, մասնավորապես պոչամբարների մասին՝ ընդգծելով, որ այս ճյուղը նույնպես պետության լուրջ վերահսկողության տակ է գտնվում:

 

«Ոլորտում, իհարկե, լուրջ խնդիրներ, բացեր ու թերություններ կան, սակայն կարևոր են նաև հանրության իրազեկման և էկոկրթության հարցերը: Յուրաքանչյուր ոք իրեն պետք է պատասխանատու զգա շրջակա միջավայրի պահպանության համար: Այս ուղղությամբ նույնպես լուրջ անելիքներ կան: Բնապահպանության ոլորտում 1000 մղոն ճանապարհ ունենք անցնելու, և առաջին քայլերն արդեն արված են»,- ասաց նախարարը:

 

 

Մարատ Գրիգորյանը նախարարին առաջարկեց բուհ-նախարարություն համագործակցությունն էլ ավելի սերտացնել. «Մեր ֆակուլտետի մասնագետները բնապահպանության ոլորտի առաջնահերթ բոլոր խնդիրների վերաբերյալ պարբերաբար լուրջ ուսումնասիրություններ են իրականացնում, որոնք ներկայացվում են պատկան մարմիններին, սակայն դրանք գրեթե միշտ որևէ արձագանքի չեն արժանանում: Կարծում եմ, որ պետք է որոշակի քաղաքականություն մշակել մեր համագործակցությունն ավելի առարկայական դարձնելու համար»:

 

Նախարարը խոստացավ խնդրի ուղղությամբ քննարկումներ կազմակերպել, այնուհետև պատասխանեց համալսարանականների հարցերին, որոնք ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական բովանդակություն ունեին:

 

 

Վարդուհի Զաքարյան

 

 

 

Այլ նորություններ
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ 2021 Թ. ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ամփոփվել են ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 102-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ դիմելով բոլոր համալսարանականներին։
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...