23.01.2015 | 
Քաղաքականություն
«HEN-GEAR» ՆԱԽԱԳԻԾԸ ԿՀԵՇՏԱՑՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
«HEN-GEAR» ՆԱԽԱԳԻԾԸ ԿՀԵՇՏԱՑՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
Նախագծի շրջանակներում կստեղծվի շրջանավարտների տվյալների բազա, որը թույլ կտա լուծել շրջանավարտների զբաղվածությանն ու կարիերային առնչվող մի շարք խնդիրներ:

«HEN-GEAR» նախագիծը, որի տևողությունը 3 տարի է, ԵՊՀ-ում մեկնարկել է դեռևս 2012 թ-ին: Արդեն 2014 թ-ի աշնանը մեկնարկեց ԵՊՀ 2013-2014 ուստարվա շրջանավարտների գրանցման հիմնական գործընթացը: Նորաստեղծ պորտալի միջոցով շրջանավարտներին հնարավորություն է ընձեռված գրանցվելու համակարգում, և բուհի վարչական որոշ տվյալների հաստատումից հետո  գրանցված գործատուները հնարավորություն կունենան որոնելու իրենց անհրաժեշտ մասնագետներին:

 

Ծրագիրն աջակցում է Հայաստանի համալսարաններին զարգացնելու համապատասխան  գործիքներ և մեթոդաբանություն՝ կիրառելով իտալական համալսարանների «Alma Laurea» կոնսորցիումի մոդելով կառուցված տվյալների բազան:

 

Ըստ ծրագրի՝ շրջանավարտն այցելում է համալսարանի ինտերնետային համապատասխան էջ ու լրացնելով տվյալներ՝ գրանցվում այդ համակարգում և պատասխանում հարցաթերթի հարցերին, որոնք վերաբերում են կրթության որակին, ուսմանը, շրջանավարտների հմտություններին, ցանկալի աշխատանքային ոլորտին և այլն: Այս համակարգը հնարավորություն է ընձեռում նաև գործատուին ինտերնետային համապատասխան CV-ի միջոցով ընտրելու և առաջարկություն ներկայացնելու իր աշխատողին:

 

Շրջանավարտների զբաղվածության «HEN-GEAR» պորտալում գրանցվելու համար շրջանավարտին անհրաժեշտ է կատարել մի շարք պարզ գործողություններ՝ http://hen-gear.ysu.am հասցեով մուտք գործել համակարգ, ընտրել «գրանցում» հրամանը, այնուհետև համապատասխան համալսարանը, ֆակուլտետը, կրթական աստիճանը (առաջին մակարդակ՝ բակալավր, երկրորդ մակարդակ՝ մագիստրատուրա) և այլն:

 

Գործատուները համակարգում որոնումներ կատարելու համար նույնպես պետք է գրանցվեն համակարգում: Գրանցման պայմաններն ու ընթացակարգը սահմանվում են համապատասխան բուհի կողմից: Գործատուները, ընտրելով «գրանցում» դաշտը, պետք է տրամադրեն համապատասխան տեղեկատվություն (անվանում, ՀՎՀՀ, ոլորտ, հասցե և այլն): Գրանցվելուց հետո գործատուները կարող են որոնումներ կատարել համակարգում, տեղադրել աշխատանքի առաջարկություններ:

 

Ծրագրին, ԵՊՀ-ից բացի, հայաստանյան բուհերից մասնակցում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի պետական տնտեսագիտական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական, Հայաստանի ազգային ագրարային, Գավառի պետական համալսարանները, ինչպես նաև Գեղարվեստի ակադեմիան և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Ծրագրի ավարտին յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կունենա իր բազան:

 

Ստեղծված համակարգն ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ: Համակարգը պատշաճ շահագործելու արդյունքում ձևավորվում է վիճակագրական տվյալների բազա, որը կօգտագործվի կրթական համակարգի բարեփոխումների որակի ապահովման գործընթացում:

Համակարգի մասնակից բուհերը պարբերաբար կազմակերպում են խորհրդաժողովներ, որտեղ գործընկերները քննարկում են տվյալների բազայի ստեղծման գործընթացի մանրամասները, ներկայացնում իրենց փորձը և նախանշում հետագա անելիքները: ԵՊՀ-ում նույնպես կազմակերպվում են հանդիպումներ և քննարկումներ:

 

Հունվարի 20-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ ծրագրի հերթական հանդիպումը, որտեղ քննարկվեց ծրագրի իրականացման ընթացքը: Մասնակից բուհերի ռեկտորներն ու պրոռեկտորները ողջունեցին ստեղծված համացանցային գործիքը և հույս հայտնեցին, որ այն կնպաստի բուհ-ձեռնարկություն և բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ներկայացրեց ԵՊՀ-ում ստեղծված շրջանավարտների զբաղվածության կայքը և համալսարանականների գրանցման գործընթացը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: