23.04.2021 | 
Մշակույթ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 12-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 12-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ֆրանսիական երգի փառատոն:

Յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում իրականացվում են Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ:

 

Այսօրվա միջոցառումն անցկացվում էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների համատեղ ջանքերով:

Ֆրանսիական երգի փառատոնին ներկա էին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետներից ուսանողներ:

Միջոցառման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի և Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակները:

 

Ներկաներին ողջունեց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, որը կարևորեց ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում նմանաբնույթ միջոցառումների կազմակերպումը. «Մշակույթի կենտրոնը  դարձել է յուրատեսակ օազիս, որն այս դժվարին պայմաններում միավորում ու համախմբում է ուսանողներին՝ կատարելագործելով նրանց կարողությունները»:

 

Վերջինս փաստեց, որ այս միջոցառումը յուրօրինակ հնարավորություն է լսելու և յուրացնելու ֆրանկոֆոն երկրների լեզուն, պատմությունը, մշակույթն ու արվեստը:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ նշեց, որ ֆրանսիական երգի փառատոնի անցկացման օրը պատահական չէր ընտրված. «Միջոցառման ընտրված օրը Մեծ եղեռնի նախօրյակն է: Եկեք չմոռանանք, որ դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում կարևոր դեր ունի Ֆրանսիան: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն այս տարի միացել է փառատոնի կազմակերպմանը, ներկայացնելու է ՖՄԿ-ում ներգրավված երկրներից չորսի՝ Բելգիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Կանադա քաղաքական մոտեցումներն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված նրանց անդրադարձները»:

 

 

Դիվանագիտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից Կ. Դավթյանը կարևորեց նաև լեզվի և միջմշակութային հաղորդակցության դերը, որը լավագույնս զարգացնում ու հարստացնում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը:

 

 

Նշենք, որ փառատոնի ընթացքում երաժշտական յուրօրինակ կատարումներով ելույթ ունեցավ  նորաստեղծ «YSU band»-ը, որի ղեկավարն է աշխարհահռչակ օպերային երգիչ Սարգիս Բաժբեուկ-֊Մելիքյանը։ 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ մշակույթի կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼՈՒ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՆԿԱԽ ՀԱՐԹԱԿ
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը և արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանը նախաձեռնել ու իրականացնում են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» («Monument Watch») ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ակադեմիական անկախ հարթակ, որն արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնելու և մեկնաբանելու է դրանք մասնագիտական գիտելիքի ու ակադեմիական բարեկրթության սահմաններում: