02.12.2013 | 
Գիտություն
«ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ԲԱՐԻ՞Ք, Թ՞Ե ՉԱՐԻՔ»
«ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ԲԱՐԻ՞Ք, Թ՞Ե ՉԱՐԻՔ»
Ժամանակակից տեխնոլոգիաների դրական և բացասական ազդեցությունների մասին բարձրաձայնում են ուսանողները:

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Տեխնոլոգիաներ. բարի՞ք, թ՞ե չարիք» խորագրով ուսանողական գիտաժողովը, որը կազմակերպել էր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն:

 

Գիտաժողովը համախմբել էր ոչ միայն համալսարանականներին, այլև այլ բուհերի ուսանողներին. զեկույցներով հանդես եկան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ապագա մանկավարժներն ու բանասերները: Իսկ արդեն վաղը, Մայր բուհի ներկայացուցիչներից բացի, զեկույցներ կկարդան նաև Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական և Հայաստանի ամերիկյան համալսարանների ուսանողները:

 

Բացման խոսք ասաց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, ով կարևորեց նմանաբնույթ միջոցառումների արդիականությունը և ուսանողների նախաձեռնությունը:

 

«Գիտաժողովի թեման բավականին ակտուալ է, քանի որ այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որն անհնար է պատկերացնել առանց ժամանակակից տեխնոլոգիաների: Ողջունելի և գոհացնող է նաև այն փաստը, որ գիտաժողովին մասնակցում են այլ բուհերի ուսանողներ»,- ասաց ֆակուլտետի դեկանը:

 

Առաջին զեկույցը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Տիգրան Զալինյանինն էր, ով բավականին հետաքրքիր  բովանդակությամբ և ձևաչափով էր ներկայացրել իր աշխատանքը: Ապագա ֆիզիկոսն իր «Ժամանակակից տեխնոլոգիաները և գիտության հիմնական հարցը» վերտառությամբ զեկույցը սկսեց հետևյալ տողերով. «Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե իր ձեռքում գտնվող դանակով ինչ անի՝ հաց կտրի՝ դիմացինին հյուրասիրելու կամ սեփական քաղցը կոտրելու համար, թե մարդ սպանի»:

 

Ուսանողներից յուրաքանչյուրն իր աշխատանքում փորձում էր խոսքի, փաստի, լուսանկարների կամ էլ աղյուսակների միջոցով համադրել տեխնոլոգիաների դրական և բացասական կողմերը:

 

Գիտաժողովին մասնակցում էին նաև Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ովքեր ուսանողների հետ բավականին ակտիվ քննարկումներ էին ծավալում և կարծիքներ արտահայտում:

 

Ուսանողական գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: Զեկույցներից հետո տեղի կունենա գիտաժողովի հանդիսավոր փակման արարողությունը, որի ժամանակ մասնակիցները կստանան հավաստագրեր:

Այլ նորություններ
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԸ՝ «TOPAS» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Երևանի պետական համալսարանը մասնակցում է Ագրագիտության տեսական կողմնորոշվածությամբ գործնական ուսուցում «Erasmus+ KA-2»-ի կողմից ֆինանսավորվող «TOPAS» ծրագրին։