20.06.2014 | 
Քաղաքականություն
ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ Է
ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ Է
Հունիսի 20-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության 2014 թ-ի տարեկան գիտաժողովը:

Գիտաժողովի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, ինչպես նաև հայաստանյան և արտասահմանյան բուհերի ներկայացուցիչներ:

 

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքով, որում ընդգծված էր գիտելիքահեն հասարակության կարևորությունը՝ որպես ՀՀ տնտեսության զարգացման հիմնական ուղղություն:


«Բավականին դրական եմ գնահատում Հայկական տնտեսագիտական միության աշխատանքները, քանի որ միությունն այս տարիների ընթացքում կարողացել է համախմբել տնտեսագիտության ոլորտի հայաստանյան և Սփյուռքի հայ գիտնականներին, ովքեր փորձի ու գիտելիքների փոխանակման միջոցով կարող են լուրջ արդյունքներ գրանցել և խնդիրների հաղթահարման բավականին արդյունավետ լուծումներ առաջ քաշել: Այս գիտաժողովի ծրագիրն ընդգրկում է առևտրի, արդյունաբերության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտների մարտահրավերները, որոնք ուղղակիորեն առնչվում են ՀՀ տնտեսության հիմնախնդիրներին, և վստահ եմ, որ քննարկումների արդյունքները գոհացնող կլինեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

ՀՀ վարչապետը հավելեց, որ ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականության հիմքում ՀՀ քաղաքացին է, որի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման լավագույն ճանապարհը տնտեսության, հատկապես մասնավոր հատվածի զարգացումն է, ուստի երկրի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու ներդրումային ծրագրերին, ինչն էապես նպաստում է տնտեսության զագացմանը:


Բացման խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով կարևորեց նմանաբնույթ միջոցառումները և Մայր բուհի ընդգրկվածությունը երկրի տնտեսական կայունությանն ու շարունակական զարգացմանն ուղղված ծրագրերում:


«Հայկական տնտեսագիտական միությունը տարեցտարի ընդլայնում է գիտաժողովի մասնակիցների շրջանակը, ինչը բավականին լավ է անդրադառնում գիտաժողովի աշխատանքների վրա: Պետք է նշել, որ այն որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև ակադեմիական գիտության իմաստով, քանի որ մեր երիտասարդ գիտնականների և ուսանողների համար շատ օգտակար է: Գիտաժողովը ոչ թե տեսական, այլ կիրառական բնույթ ունի, և շատ կարևոր է, որ համալսարանականներն իրենց ներդրումն ունենան այդ գործընթացում: Վստահ եմ, որ այլ բուհերի մեր գործընկերների հետ համագործակցությունը նույնպես դրական ազդեցություն կունենա, և գիտաժողովի արդյունքում մենք դրական արդյունքներ կգրանցենք»,- նշեց Արամ Սիմոնյանը:


ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը ողջույնի խոսքից հետո անդրադարձավ մի շարք հիմնախնդիրների, որոնք խոչընդոտում եմ ՀՀ տնտեսության արդյունավետ զարգացմանը: Մասնավորապես խոսվեց ՀՀ բնական ռեսուրսների և երկրի տնտեսության զարգացման գործում բարձրագույն կրթության դերի ու նշանակության մասին:


ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ Կառավարությունը քաջատեղյակ է խնդիրներից, կիսում է գիտնականների մտահոգությունները և գիտակցում կրթության կարևորությունը պետության զարգացման գործում:


Այնուհետև Հայկական տնտեսագիտական միության նախագահ Զարեհ Ասատրյանը ներկայացրեց գիտաժողովի օրակարգը, ինչպես նաև գիտաժողովի ընթացքում ներկայացվելիք զեկույցների թեմաներն ու քննարկման առարկաները:


Քառօրյա գիտաժողովի կազմակերպիչներն են Հայկական տնտեսագիտական միությունը, Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական տնտեսագիտական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանները:


Բուհերի ներկայացուցիչները գիտաժողովի բաժանմունքներում հանդես կգան մի շարք զեկույցներով, որոնք կներկայացնեն տնտեսության տարբեր ճյուղերում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված բոլոր հնարավոր ճանապարհները:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: