23.07.2014 | 
Քաղաքականություն
ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 3134 ԴԻՄՈՐԴ
ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 3134 ԴԻՄՈՐԴ
2014-2015 ուստարվա ընդունելության համար ԵՊՀ-ում երկու փուլը միասին հայտագրվել էր 3720 դիմորդ:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանի հավաստմամբ` անցած տարվա համեմատ` ընդհանուր դիմորդների թիվը նվազել է շուրջ 2000-ով, ինչը պայմանավորված է շրջանավարտների թվի նվազմամբ:

 

Այս տարի ԵՊՀ-ն հայտագրել էր 356 անվճար և 3046 վճարովի տեղեր. անվճար համակարգ են ընդունվել 389 հոգի, որոնցից 358-ը՝ հիմնական մրցույթով, 29-ը՝ այլ արտոնություններով, իսկ 2-ը ԼՂՀ-ից եկած դիմորդներն են: Դիմորդներից 2745-ը ընդունվել են վճարովի համակարգ:

 

Հուլիսի 15-20-ը անցկացվեց թափուր տեղերի համար մրցույթը, որը դրական միավորներով դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տալիս ընտրելու այլ մասնագիտություններ:

 

«Այս տարի, ցավոք սրտի, թափուր տեղեր շատ ունեինք՝ 461, որի համար դիմել էր 70 հոգի: Մինչև հուլիսի 25-ը կհրապարակվեն թափուր տեղերի համար մրցույթի արդյունքները, և առկա ուսուցման համակարգի ընդունելությունը կավարտվի: Այն դիմորդները, ովքեր պատրաստվում են զորակոչվել բանակ, 118-ն են: Նրանք կարող են վճարել մեկ կիսամյակի ուսման վարձը` այսօրվա գործող վարձաչափով, և հրամանագրվել որպես ուսանող կամ վճարել զորացրվելուց հետո` այդ ժամանակ գործող վարձաչափով»,- ասում է պարոն Գալստյանը:

 

Այս տարի մրցակցությունը բարձր էր հատկապես Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի թևում, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում: Տեղերը թափուր են մնացել հիմնականում Ֆիզիկայի, Կենսաբանության, Ռուս բանասիրության, Աստվածաբանության ֆակուլտետներում:

 

«Ընդհանուր առմամբ ընդունելության գործընթացը գոհացուցիչ է: Մտահոգության տեղիք է տալիս որոշ ֆակուլտետներում չափից ավելի թափուր տեղերի քանակը: Դա, սակայն, նաև ազդակ է մեզ համար, որպեսզի հասկանանք՝ ինչ փոփոխություններ է  պետք անել մյուս տարվա ընդունելության համար: Այս տարի մասնագիտությունների ցանկում կատարել ենք բավականին շատ փոփոխություններ, ինչը արդյունք տվեց: Օրինակ՝ գոհ ենք ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների համալրումից»,- առաջիկա ուստարվա ընդունելության արդյունքներն է ամփոփում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Ի դեպ, առաջին կուրսեցիների վարձավճարների վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է: Այդ ընթացքում վճարումները կատարած ուսանողները կհրամանագրվեն և բուհի հետ պայմանագիր կստորագրեն: Վարձավճարները կարելի է մուծել ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկում հետևյալ հաշվեհամարով՝ 247010000906:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: