14.11.2018 | 
Հասարակություն
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. ՊՐՈՖԵՍՈՐ Գ. ՀԱՋՅԱՆԸ ԳՐԻԳՈՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ՄԱՍԻՆ
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ.  ՊՐՈՖԵՍՈՐ  Գ.  ՀԱՋՅԱՆԸ  ԳՐԻԳՈՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Հիանալի մարդ, հիանալի դասախոս, հիանալի գիտնական»: Այս խոսքերը, որով ուսանողները վերջին սոցհարցումների միջոցով գնահատել են ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, երկարամյա դասախոս Գրիգոր Ալավերդյանին, լավագույն նվերն են նրա ծննդյան 70-ամյակին:

Գրիգոր Ալավերդյանը ծնվել է 1948 թ. հոկտեմբերի 18-ին պատմական Հայաստանի Գարդման գավառի Փիփ (սովետական ժամանակներում Զագլիկ) գյուղում, ուսուցչի ընտանիքում: Նրա հայրը Բախշի Ալավերդյանը եղել է այդ գյուղի դպրոցի ֆիզիկայի վաստակաշատ ուսուցիչը: Նա նվիրված աշխատանքով աշակերտների մեջ սերմանել է մեծ սեր և հետաքրքրասիրություն բնական գիտությունների նկատմամբ:

Տոգորված հենց այդ սիրով 1966 թ.-ին Գ. Ալավերդյանը, ավարտելով գյուղի դպրոցը, մեկնում է Երևան ԵՊՀ-ում ուսումը շարունակելու մտադրությամբ: Ֆիզիկայի քննական հանձնաժողովի անդամները հիացած էին հեռավոր գյուղի դպրոցի սանի գիտելիքների խորությամբ ու բարձր մակարդակով:

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում սովորելու տարիներին նա ցուցաբերել է բարձր առաջադիմություն և հայտնի էր ընկերներին օգնելու պատրաստակամությամբ ֆիզիկայի ու մաթեմատիկայի դժվար խնդիրները լուծելիս:

 

Գ. Ալավերդյանը մասնագիտանում է տեսական ֆիզիկայի ուղղությամբ: Նրա ֆիզիկայի իմացության և մաթեմատիկական պատրաստվածության բարձր մակարդակը լիովին համապատասխանում էին այդ ընտրությանը: Ինչպես դիպլոմային աշխատանքը, այնպես էլ հետագայում ասպիրանտական տարիներին նրա կատարած հետազոտությունները նվիրված էին տարրական մասնիկների տեսության հրատապ հարցերին:

 

Դիպլոմային աշխատանքը կատարելու համար Ալավերդյանը գործուղվում է Մոսկվա՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (JINR), Դուբնա: Թեման ուժեղ փոխազդող մասնիկների բնութագրերի վրա ցրման ամպլիտուդի անալիտիկությունից հետևող սահմանափակումներն էին: Փայլուն կերպով իրականացնելով այդ խնդրի լուծումը՝ 1971 թ. նա ավարտում է համալսարանը և նշանակվում աշխատանքի ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ որպես ասիստենտ: Այդ ամբիոնում, ըստ ավանդույթի, լավագույն շրջանավարտները մեկ-երկու տարվա ուսումնական աշխատանքից հետո ուսումը շարունակում էին ասպիրանտուրայում:

 

1974-1977 թթ. Ալավերդյանը Տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ էր Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում:

 

Այդ տարիներին նրա գիտական հետաքրքրությունները սևեռված էին ատոմական միջուկներում հադրոնների ոչ առաձգական բազմակի ցրումների երևույթի ուսումնասիրման վրա: Ալավերդյանի ստացած տեսական արդյունքները կարևոր էին միջուկների վրա մեծ էներգիաներով հադրոնների ցրման առանձնահատկությունների լուսաբանման համար:

 

Թե՛ դիպլոմային աշխատանքի և թե՛ թեկնածուական թեզի վրա աշխատելիս Ալավերդյանը ցուցաբերել է տեսական ֆիզիկայի խորը իմացություն: Ասպիրանտուրան ավարտելուց հետո Ալավերդյանը հնարավորություն ուներ մնալու Մոսկվայում և շարունակելու հետազոտական աշխատանքը տարրական մասնիկների ֆիզիկայի ուղղությամբ: Սակայն, նա նախընտրում է վերադառնալ Երևան՝ հարազատ համալսարան:

 

1978-1982 թթ. Ալավերդյանը ԵՊՀ գիտահետազոտական մասում խմբի ղեկավար էր: Այս աշխատանքում դրսևորվում են նրա կազմակերպչական հմտությունները: 1982 թ.-ից Գրիգոր Ալավեդյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի դոցենտ է: 1993-2001 թթ.-ին նա Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալն էր, իսկ  1984-2009 թթ.՝ ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղարը: 2013-2018 թթ. Ալավերդյանը ղեկավարել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնը: Այս չոր աշխատանքային կենսագրական տվյալները խիստ թերի կլինեն, եթե չնշենք ցանկացած աշխատանքի նկատմամբ նրա արտակարգ պարտաճանաչությունը, ուղղամտությունը և կարգապահությունը:

 

Նրա մատուցմամբ «Մեխանիկա», «Ատոմի և միջուկի ֆիզիկա», «Էլեկտրադինամիկա» և «Ճառագայթման տեսություն» դասընթացների դասախոսությունները թե՛ ձևով և թե՛ բովանդակությամբ աչքի են ընկնում իրենց բարձր մակարդակով: Ամենաբարդ հարցերն անգամ Ալավերդյանն ուսանողներին բացատրում է պարզ ու հասկանալի ձևով: Նա ոչ միայն բարձրակարգ դասախոս է, այլ նաև հմուտ, ուսանողների նկատմամբ սրտացավ մանկավարժ: Նա մտահոգված է մեր երիտասարդներին ոչ միայն գիտելիքներ տալու խնդրով, այլև մեր երկրի համար ազնիվ քաղաքացիներ պատրաստելու հարցով: Նրա այս հատկությունները և արդար խստապահանջությունը միշտ արժանանանում են ուսանողների բարձր գնահատականներին:

 

Մեծածավալ ուսումնական աշխատանքն Ալավերդյանը համատեղում է ամբիոնում գործող գիտական խմբում գերխիտ աստղային նյութի և կոմպակտ երկնային մարմինների ֆիզիկայի հետազոտությունների հետ: Գերխիտ նյութի ֆիզիկային և դրանց աստղաֆիզիկական դրսևորումներին նվիրված հետազոտությունների բազմաթիվ արդյունքներ հրապարակված են միջազգային գիտական պարբերականներում և զեկուցված տարբեր գիտաժողովներում: Վերջին ժամանակներում Ալավերդյանի գիտական հետաքրքրությունները սևեռված են գերխիտ աստղերում հադրոն-քվարկային նյութ փուլային անցման առանձնահատկությունների ուսումնասիրությանը, որ շատ կարևոր է բաբախիչների զանգվածի հնարավոր առավելագույն արժեքի որոշման համար:

 

Գերխիտ նյութի և դրա աստղաֆիզիկական դրսևորումների ուսումնասիրությամբ աշխարհի տարբեր երկրներում գիտնականների մի մեծ բանակ է զբաղված: Այս ուսումնասիրությունների արդյունքների և աստղերի դիտողական տվյալների համադրմամբ մեր նյութական աշխարհի ֆիզիկայի վերաբերյալ այնպիսի հարցերի պատասխաններ կարելի է ստանալ, որն այսօր անհնար է իրականացնել երկրային լաբորատորիաներում:

 

Համալսարանում  երկարամյա աշխատանքի համար Ալավերդյանը պարգևատրվել է տարբեր պատվոգրերով և ԵՊՀ ոսկե մեդալով:

Շնորհավորում ենք Գրիգոր Բախշիի Ալավերդյանին ծննդյան  70-ամյակի կապակցությամբ և մաղթում նրան քաջառողջություն ու նոր հաջողություններ անձնական, աշխատանքային ոլորտներում:

 

ԱՊՏՖ ամբիոնի պրոֆեսոր Գ. Ս. Հաջյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։