16.05.2009 | 
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Երեւանի պետական համալսարանը նշում է իր հիմնադրման 90-ամյակը:

«Անհրաժեշտ է հիմնադրել հայկական համալսարան, որտեղ բարձրագույն գիտությունները ավանդվեն հայերեն լեզվով… Մեր մանր ու մեծ ճրագների մեջտեղը պետք է վառել մի մեծ ջահ` հայկական համալսարանը».- Հովհաննես Թումանյանի այս խոսքերը մարգարեաբար էին հնչում 1916 թվականին: Արդեն 1919 թվականի մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը քննարկում եւ Երեւանում համալսարան հիմնելու մասին որոշում է ընդունում:

 

Հիմնադրվում է Երեւանի համալսարանը: 90 տարի անց` 2009 թվականի մայիսի 16-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տոն էր: Մայր բուհի 90-ամյա հոբելյանը նշելու էին եկել գրեթե բոլոր համալսարանականները` դասախոսներ, շրջանավարտներ, ուսանողներ, ԵՊՀ նախկին ռեկտորներ: Ներկա էին ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդը, Երեւանի քաղաքապետը, նախարարներ եւ պաշտոնատար այլ անձինք:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բեմ ելավ օրվա հանդիսավորությանը պատշաճ` եվրոպական ավանդական հանդերձանքով` ռեկտորի պատմուճանով. «Թեեւ 90-ամյա պատմությունը շատ մեծ չէ մեզ նման հինավուրց` երկրի բարձրագույն կրթության հարուստ ավանդույթներ ունեցող ժողովրդի համար, այնուամենայնիվ, Հայաստանի Մայր բուհն այդ ընթացքում անցել է հասարակական լրջագույն փոփոխությունների բովով` հեղափոխություն, պատերազմներ, անկախություն… Այսօր, իրավամբ, կարող ենք փաստել, որ ԵՊՀ-ն իր իրականացրած գիտակրթական բարձրաժեք գործունեությամբ Հայաստանի համար դարձել է կրթամշակութային եւ ազգապահպան կենտրոն»: Հայկ նահապետի նետի սլացքում, Տիգրան Մեծի հաղթական արշավների ժամանակ, Մաշտոցի եւ հայ ժողովրդի հոգում ապրող երազանքը` համալսարանը, այսօր հասել է իր հանգրվանին:

 

Ու վեհորեն խոյացող Երեւանի պետական համալսարանը դարձել է կենսակերպ ու հոգեբանություն յուրաքանչյուրի համար, ով երբեւէ ոտք է դրել այստեղ: «Ես վեհություն եմ զգում, հզոր եմ զգում ինձ, ավելի ամուր: Արմատներս ավելի խորը մխրճվեցին հողի մեջ»,- ասում է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, անխառն համալսարանական Գուրգեն Մելիքյանը: Հողում արմատներ ձգելու երազանքով էին համակված նաեւ 1991 թվականին անկախացած երկրի ակտիվ համալսարանականները: Ուսանողների ներհամալսարանական կյանքի կազմակերպման եւ նրանց շահերի ու իրավունքների պաշտպանության համար մի խումբ սրտացավ եւ եռանդուն երիտասարդներ 1994 թ-ին ստեղծեցին ԵՊՀ ուսանողական խորհուրդը:

 

Այսօր այն 15 տարեկան է: Մայր բուհի 90-ամյա հոբելյանի շրջանակներում նշվեց ուսանողական այս կառույցի տարեդարձը եւս: Ձեւավորման պահից մինչ օրս 7 գումարում ունեցող ուսխորհրդի տարբեր տարիների առաջամարտիկներից մի քանիսը` Հայկ Չոբանյանը, Էլեոնորա Մանանդյանը, Արսեն Քարամյանը, Վազգեն Խաչիկյանը, Արտակ Զաքարյանը, Աշոտ Ալեքսանյանը եւ ՈՒԽ ներկայիս նախագահ Ցոլակ Ակոպյանը Մայր բուհի կողմից պարգեւատրվեցին արծաթե հուշամեդալներով եւ պատվոգրերով: Միջոցառման գեղարվեստական մասն ապահովել էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների, Հայաստանի ճանաչված երգիչ-երգչուհիների եւ երգիծաբան Սամվել Բաղդասարյանի ելույթները: Իսկ ծննդյան օրն ավարտվեց հրավառությամբ եւ ԵՊՀ-ական ջահակիրների` բուհի 90-ամյակը պատկերող դրվագով: