17.04.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
ԱՌԱՋԱՏԱՐ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՌԱՋԱՏԱՐ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աշխարհի ամենահռչակավոր սոցիոլոգներն ամռանը կժամանեն Հայաստան:

2009 թվականի հունիսի 11-14-ը Երեւանի պետական համալսարանում կանցկացվի Սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսը, որ կրելու է «Սոցիոլոգիան խաչմերուկներում» խորագիրը: Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսի համակազմակերպիչներն են Երեւանի պետական համալսարանը եւ Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումը:

 

Կոնգրեսի ընթացքում քննարկվելու են սոցիալական գիտությունների տեսական եւ մեթոդաբանական նվաճումները, մարդկության առջեւ ծառացած արդի երկընտրանքները, գլոբալ ճգնաժամը, դրա հետեւանքները եւ հաղթահարման հնարավորությունները, հասարակությանը, անձին եւ պետությանը միտված մարտահրավերները, դե ֆակտո պետությունները ժամանակակից աշխարհում, սփյուռքի եւ հայրենիքի պատկերացումները, ցանցային հասարակության առանձնահատկությունները, հետխորհրդային երկրների մոդեռնացման գործող մոդելները, ցեղասպանության, զանգվածային բռնության եւ պատերազմի հիմնահարցերը եւ արդիականության բազում այլ կարեւոր հիմնախնդիրներ:

 

Կոնգրեսին մասնակցելու են սոցիալական գիտությունների ակնառու ներկայացուցիչներ Իմանուել Վալերսինը, Գրեկ Կոլհունը, Միշել Վիվյորկան, Էդվարդ Թիրյաքյանը, Բյորն Վիտրոկը, Պիտեր Հենսդստրոմը, Հանս Ջոասը, Լեւ Գուդկովը, Միխայիլ Գորշկովը եւ վաստակաշատ այլ տեսաբաններ: Ընդգրկված են 89 համալսարաններ եւ գիտահետազոտական կենտրոններ ավելի քան 50 երկրներից: Կոնգրեսը ներառում է հարյուրից ավելի պլենար, հատուկ, թեմատիկ նիստեր եւ կլոր սեղաններ:

 

Սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսին մասնակցելու հրավերներ կուղարկվեն Հայաստանի Հանրապետության բոլոր նախարարություններ, այդ թվում` Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանին, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին: Նախատեսվում է նաեւ Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, դեսպանների ներկայությունը:

Այլ նորություններ
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան հյուրընկալել էր Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի մասնակիցներին: