31.05.2021 | 
Հասարակություն
«ՉՍՊԻԱՑԱԾ ՎԵՐՔ» ԵՌԱՀԱՏՈՐ ՎԵՊԸ՝ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՅԵԼԻ
«ՉՍՊԻԱՑԱԾ ՎԵՐՔ» ԵՌԱՀԱՏՈՐ ՎԵՊԸ՝ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՅԵԼԻ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ գրող Ստեփան Ալաջաջյանի «Չսպիացած վերք» եռահատոր վեպի վերահրատարակման շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ տարբեր  ֆակուլտետների դեկաններ, ուսանողներ, Ստեփան Ալաջաջյանի դուստր Թերեզա Ալաջաջյանը:

 

Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը. «Մենք հավաքվել ենք մեկ անգամ ևս մեծարելու հայ մարդուն, հայ գրողին. մարդ, որն ունեցել է բավականին բարդ, հետաքրքիր, հակասական տվայտանքներով, որոնումներով ապրած կյանքի ուղի: Այս մարդը տասնյակ գրքերի հեղինակ է, հայրենիքի նվիրյալ, նրա գրականությունն այսօր էլ շատ ուսանելի պատգամներ է հղում մեզ, իսկ ինքը՝ իր գրականությամբ ու վաստակով,  շարունակում է ներկա լինել մեր հոգիներում»:

 

Նա տեղեկացրեց, որ միջոցառումը նախաձեռնել և իրականացվում է պրոֆեսոր  Գուրգեն Մելիքյանի ջանքերով:

Ստեփան Ալաջաջյանի գրական գործունեությանը, մաքառումներով ու փորձություններով լի կյանքի ուղուն անդրադարձավ Գուրգեն Մելիքյանը:

 

Ներկայացնելով նրա բեղմնավոր ուղին՝ պրոֆեսորը նշեց, որ գրչին նվիրված լինելուց զատ՝ Ստեփան Ալաջաջյանն առաջին հերթին հայրենիքի նվիրյալ զավակն էր:

 

Գրողին չի խանգարել հայրենիքից հեռու լինելու հանգամանքը: Նա մշտապես հետաքրքրվել է հայրենակիցների խնդիրներով, փորձել է աջակցել ինչով հնարավոր է. պարբերաբար ֆինանսավորել է Քաշաթաղի բազմազավակ ընտանիքիների հիմնադրամին»:

 

Անդրադառնալով վեպի բովանդակությանը՝ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը նշեց. «Վեպի խորագիրն արդեն շատ բանի մասին է պատմում: Հայության ողբերգությունն իր սկիզբն ունի, ինչպես այսօրվա մեր իրականությունն է ցույց տալիս, ավարտը չի երևում: Սա մեր քաղաքական ճակատագիրն է: «Չսպիացած վերքն» ավելի քան արդիական է ու ստիպում է մտածել, խորհել տեղի ունեցածի մասին, դասեր քաղել պատմության էջերից, հասնել կատարյալ ինքնաճանաչողության, լինել զգոն, զգաստ: Ահա թե ինչու ենք մենք վերահրատարակել հենց այս վեպը»,- ամփոփեց Գուրգեն Մելիքյանը:

Այլ նորություններ
«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆԻ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
«ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՓՈԽՎԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին: