08.09.2020 | 
Մշակույթ
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ԷՋ
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ԷՋ
2020 թ. Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում մեծ շուքով նշվում է ղազախական նոր գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի 175-ամյակը:

Հայաստանում Ղազախստանի դեսպանության, Երևանի պետական համալսարանի և «ԲԶԵԶ» հրատարակչության համագործակցության արդյունքում հոբելյանական տարում լույս են տեսել Մուխթար Աուեզովի «Աբայ» վեպի՝ Հ. Բոռոզանյանի թարգմանության երկրորդ հրատարակությունը (Վարուժան Խաստուրի խմբագրությամբ) և աշխարհի բազմաթիվ լեզուներով թարգմանված Աբայի «Սև խոսքերի» հայերեն առաջին թարգմանությունը (թարգմանիչներ՝ Ալեքսանդր Սաֆարյան, Վարուժան Խաստուր, Արման Սաֆարյան, խմբագիր՝ Ալեքսանդր Սաֆարյան):  

 

Գրքերը հրատարակության են երաշխավորել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդները: Հատկանշական է, որ Աբայի «Սև խոսքերի»՝ հայերեն հրատարակության նախապատրաստման գործընթացում բնագրի ակադեմիական հրատարակության հետ են համեմատվել տարբեր տարիների ռուսերեն, թուրքերեն, անգլերեն թարգմանությունները, ծանոթագրություններում ճշգրտվել են բնագրում գրված որոշ արաբերեն, պարսկերեն, ռուսերեն բառեր և արտահայտություններ, տրվել են համապատասխան բացատրություններ:

 

Ուշագրավ է՝ «գրական դիպտիխի» առաջաբանների համահեղինակները՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը և ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, ընդգծել են. «Աբայն այժմ արդիական է, քան երբևէ, քանզի նրա լուսավորչական ու մարդասիրական իմաստասիրությունը պատասխանում է XXI դարի մարտահրավերներին, երբ մեր ժամանակակիցը ստիպված է ընտրել անձնական զարգացման վեկտորը՝ մնալով առաջընթացի հորձանուտում, կարծես անցնելով «ազգային պարփակվածության և մշակութային գլոբալ տարալուծման՝ Սկիլլայի և Քարիբդիսի» միջով»:

 

Գրքերի հեռավար շնորհանդեսին մասնակցել են ԵՊՀ ռեկտորի ժ.պ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը, նախկին ռեկտոր, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հայ և ղազախ բարձրաստիճան դիվանագետներ, ճանաչված գիտնականներ ու մշակույթի գործիչներ:

 

Գրքերի հրատարակության առիթով զրուցել ենք պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի հետ, որը մասնավորապես նշել է. «Անթաքույց հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ այսօր մեր համալսարանականները, գրողները և թարգմանիչները երկու ինքնիշխան երկրներում շարունակում են հայ-ղազախական արդյունավետ մշակութային համագործակցությունը, որի ակունքներում կանգնած են եղել խորհրդահայ գրականության դասականներ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը և Պարույր Սևակը»:

 

Հատկանշական է նաև, որ Աբայի հոբելյանին ձոնված հայաստանյան հրատարակություններին մեծ ջերմությամբ անդրադարձել են ղազախստանյան առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցները:

Այլ նորություններ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 12-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ֆրանսիական երգի փառատոն:
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը: