04.07.2014 | 
Քաղաքականություն
ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԵՊՀ մասնագետներն այսօր հանդիպել են լրագրողների հետ և մասնագիտական տեսանկյունից ներկայացրել հայ-քրդական առնչությունները տարածաշրջանային արդի զարգացումներում:

«Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում հյուրընկալվել էին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, պատմ. գիտ. թեկնածու, թուրքագետ-քրդագետ Վահրամ Պետրոսյանը, աշխատակիցներ պատմ. գիտ. թեկնածու, իրանագետ Ռուդիկ Յարալյանը և արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

 

Մասնագետները հրավիրել էին լրագրողների, որպեսզի ներկայացնեին վերջին շրջանում իրենց կատարած դիտարկումներն ու դրանց վերլուծությունը՝ հատկապես կենտրոնանալով հայ-քրդական ներկայիս և պատմական առնչությունների, արևելյան երկրներում կատարվող վերաձևումների վրա:

 

«Քրդական խնդրին անդրադառնալիս հաճախ նկատի են ունենում բացառապես Թուրքիայում գործող քրդական շարժումները, մենք ցանկանում ենք խնդիրը դիտարկել տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում՝ հաշվի առնելով, որ իրաքյան Քուրդիստանում արդեն ձևավորվել է առանձին ֆեդերալ միավորը, իսկ 2003 թ-ի իրաքյան պատերազմից հետո էլ ի հայտ եկավ Իրաքյան ֆեդերալ ինքնավարությունը՝ սահմանադրորեն ճանաչված»,- նշեց պարոն Պետրոսյանը:

 

Բանախոսներն առանձին անդրադարձան նաև սիրիական ու լիբանանյան իրողություններին, ինչպես նաև Իրանին:

 

«Տարածաշրջանային բուռն զարգացումները կարելի է համեմատել եռացող ջրով լի կաթսայի հետ»,- նշեց Սարգիս Գրիգորյանը և հավելեց, որ քրդերն այսօր Սիրիայում այն ուժն են, որոնք ունեն ինքնակառավարման մարմիններ, ինքնակառավարման ջոկատներ և վերջին երեք տարիների ընթացքում տարածքային կորուստներ չեն ունեցել:

 

Ռուդիկ Յարալյանն էլ կարծում է, որ քրդական գործոնի միաժամանակյա ակտիվացում միևնույն դրսևորումներով հնարավոր չէ ակնկալել Մերձավոր Արևելքի քրդաբնակ բոլոր տարածքներում, քանի որ քրդերի պարագայում գործ ունենք քաղաքական տարբեր նպատակներ հետապնդող կուսակցությունների և խմբավորումների հետ:

 

«Իրանական քրդերի խնդիրը տարբերվում է իրաքյան հատվածի քրդերի խնդիրներից: Ինչ վերաբերում է մեզ, ես կարծում եմ՝ մեզ համար Իրանի տարածքային ամբողջականությունը շատ կարևոր հանգամանք է, անընդունելի է ցանկացած ոտնձգություն այդ տարածքում, քանի որ դա շղթայաբար կարող է ապակայունացնել նաև Հարավային Կովկասը»,- ասում է պարոն Յարալյանը:

 

Իսկ Լիբանանի քրդերի վերաբերյալ Սարգիս Գրիգորյանն ասում է, որ նրանց ներգրավվածությունը երկրում շատ թույլ է, ինչն էլ խոչընդոտում է հայ-քրդական առնչությունների զարգացմանը:

 

Վահրամ Պետրոսյանի խոսքերով՝ հայ-քրդական առնչությունները սկիզբ են առել դեռևս 19-րդ դարում, և ընդհանուր առմամբ այդ հարաբերությունները բարիդրացիական են, եթե հաշվի չառնենք ադրբեջանցի քրդերին, ովքեր տեղափոխվել են Քաշաթաղից ու Քարվաճառից և հայերին համարում են թշնամիներ:

 

Այսօրվա քաղաքական զարգացումներում առկա է հայկական ու քրդական շահերի համընկնում, որը, սակայն, չի զուգակցվում համագործակցությամբ:

 

«Պետք է խնդիրն այլոց դաշտից տեղափոխենք մեր դաշտ: Ցավոք, համախմբված քայլեր չկան, կան ուղղակի առանձին կուսակցությունների համագործակցություններ: Անհրաժեշտ է համախմբված մոտեցման մշակում, որն առաջին հերթին մեզ է պետք»,- վստահեցնում է պարոն Պետրոսյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: