29.10.2014 | 
Քաղաքականություն
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ
Այսօր ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ հանդիպման էր եկել Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովը:

Նրա հետ Հայաստան են ժամանել նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը և Յուրի Նավոյանը, ով, ի դեպ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ է: Նրանք եկել են մասնակցելու Գյումրիում անցկացվելիք «Կովկասյան ճակատ. Հայրենական մեծ պատերազմի 100-ամյակ. մոռացված հաղթանակներ» խորագրով կոնֆերանսին:

 

ԵՊՀ-ում նրանք նախ առանձնազրույց ունեցան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, քննարկեցին գիտական համագործակցությունը հայկական և ռուսական բուհերի միջև և ձեռք բերեցին կոնկրետ պայմանավորվածություններ:

 

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռուսական բուհերի հետ մեր կապերն ընդհատվեցին: Հիմա աստիճանաբար վերականգնում ենք: Մենք ունենք ավանդական այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Ռոստովի, Բելգորոդի պետական համալսարանները, այժմ հարաբերություններ ենք հաստատում Ռյազանի համալսարանի հետ: Բավականին ակտիվ համագործակցում ենք Ցանցային համալսարանի շրջանակներում և այլն»,- նշեց ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրենն ու ԵՊՀ ռեկտորը քննարկեցին նաև համալսարանում ռուսերեն դասավանդող դասախոսների վերապատրաստման, ռուսալեզու գրականության ձեռքբերման հարցերը: Պարոն Ռեշետնիկովը պատրաստակամություն հայտնեց մասնագետներ գործուղելու ԵՊՀ՝ դասախոսություններ կարդալու, ԵՊՀ մասնագետների համար էլ վերապատրաստում կազմակերպելու:

 

Իսկ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում պարոն Ռեշեդնիկովը ներկայացրեց իրենց ինստիտուտն ու դրա գործունեությունը, աշխատակազմը: «Ինստիտուտի հիմնադիրը Ռուսաստանի նախագահն է, մենք աշխատում ենք որպես դաշնային բյուջետային հաստատություն: Ինստիտուտն ունի 207 աշխատակիցներ, որոնցից շուրջ 130-ը զբաղվում են ժամանակակից այն գործընթացների վերլուծությամբ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Ռուսաստանին»,- նշեց նա:

 

Ռուսաստանից ժամանակ հյուրն անդրադարձավ նաև ուկրաինական կոնֆլիկտին, ներկայացրեց ռուսական դիրքորոշումը, անդրադարձավ նաև ռուս-ամերիկյան, հայ-ռուսական և եվրոպական երկրների հետ հարաբերություններին:

 

Միջազգային կոնֆերանսի կազմակերպման կապակցությամբ հատվել են անվանական մեդալներ, որոնցից մեկը նա հանձնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, իսկ ԵՊՀ-ն ռուս հյուրերին նվիրեց Հայաստանի մասին պատմող մի քանի գրքեր:

 

Ի դեպ, այսօր կայացել է նաև Լեոնիդ Ռեշետնիկովի «Վերադարձ Ռուսաստան» (“Вернуться в Россию”)  գրքի շնորհանդեսը:

 

Նշենք, որ Լեոնիդ Ռեշեդնիկովն ավարտել է Խարկովի համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև ստացել գիտությունների թեկնածուի աստիճան: Աշխատել է հիմնականում Արևելյան Եվրոպայում՝ ռազմական հետախուզությունում: 2009 թ-ից ՌԴ նախագահի հրամանով ղեկավարում է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: