25.02.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ ՏԱՊԱԼՎԱԾ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ ՏԱՊԱԼՎԱԾ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն իր վրդովմունքն է հայտնել փետրվարի 20-ին Հոգաբարձուների խորհրդի ձախողված նիստի մասին և հանդես եկել հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ այդ օրը հրավիրված նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:

 

Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդում:

 

Սակայն Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: Ընդ որում՝ նիստին ներկա չէին ինչպես համալսարանականներ, այնպես էլ լիազոր մարմնի կողմից առաջադրված և ԵՊՀ գործընկեր գործատուներ համարվող  անդամներ: Բացի դրանից՝ իրենց ներկայությունը չէին ամրագրել նաև ուսանող անդամները՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատման վերաբերյալ:

 

Տապալված նիստից հետո Արթուր Վաղարշյանը հանդես է եկել հայտարարությամբ, ինչն ամբողջովին ներկայացնում ենք ստորև.

 

«Մոտ մեկ տարվա գործընթացներում փորձել եմ գործել հանուն օրինականության և համալսարանի: Երբ որ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմի մրցույթը, ցանկանում էի մասնակցել մրցույթին։ Փորձեցի գնահատել աշխատանքային գրաֆիկս կես տարվա կտրվածքով, հասկացա, որ այն բավականին բարդ է` ծանրաբեռնված հաստիքային աշխատանք, շվեդական համալսարանի հետ համատեղ անգլերեն մագիստրատուրա բացելու բանակցային գործընթաց, բովանդակային լրիվ նոր մագիստրոսական ծրագրի մշակում, և այդ ամենը պետք է իրականցվեր մինչև ամառ:

 

Հասկացա, որ կձախողեմ: Հանրապետական քաղաքական իրավական գործընթացնե՞ր, թե՞ համալսարան: Ես ընտրեցի համալսարանը: Սակայն հիմա՝ այս հետաքրքիր օրը, 20.02.2020 թվականին, ինձ պարտված եմ զգում: Պարտված, որովհետև համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը` մեկ տարվա ընթացքում չկարողանալով կենտրոնանալ հավակնություններ ունեցող համալսարանական մեկ թեկնածուի վրա, առաջադրել նրան: Տանուլ տվեցին նաև իշխանությունները, որովհետև նրանք մեկ տարվա ընթացքում չկարողացան ներկայացնել մեկին և հստակ ասել` նա է ԵՊՀ ռեկտորի թեկնածուն:

 

Ինչու իրադարձություններն այսպիսի ընթացք ստացան: Շատ տեղեկացված չեմ, որովհետև խորհրդի եզակի անդամներից եմ, ում հետ ոչ մի ներհամալսարանական և արտահամալսարանական ուժ չի փորձել երբևիցե բանակցել: Դա մի կողմից լավ էր, որովհետև պահպանել եմ իմ ինքնուրույնությունը: Սակայն մյուս կողմից էլ հայտնվեցի բոլոր` և՛ դրսի, և՛ ներսի ուժերի թիրախում:

 

Գործընթացները դուրս են եկել իրավական հունից: Ո՞րն է ապագան: Կարծում եմ` գործընթացները գնալու են անկառավարելիության էֆեկտի ստեղծմանը, որն ունի երեք ելք:

 

Եթե Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ավարտին չմնար մեկ ամիս, հրաժարական կտայի: Հաջորդ կազմին չեմ ցանկանում մասնակցել: Չեմ հարգում մարդկանց, որոնք սիրում են իրենց համալսարանում, այլ ոչ թե համալսարանն իրենցում: Մարդկանց, որոնք ոչինչ չեն արել համալսարանի համար, բայց պահանջում են անվերջ, մարդկանց, որոնք օրվա ընթացքում մի քանի գույն են ընդունում»։

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՄԻՆԱՆՏ ԱՌԱՐԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՉԷ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է իր երկրորդ՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գիրքը, որտեղ դիտարկվել են տեղեկատվական հեղափոխության դերն ու նշանակությունը մարդկության և հասարակական ոլորտների զարգացման գործընթացում: Տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք գրքի, դրանում արծարծված թեմաների ու առաջիկա ծրագրերի մասին:
«ԱՐՑԱԽԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ. ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ». ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Արցախը և միջազգային քրեական դատարանը. նոր հեռանկարներ» խորագրով առցանց սեմինար, որը վարել է Միջազգային քրեական դատարանի ավագ դատական ծառայող Էդուարդո Տոլեդոն։