16.04.2021 | 
Հասարակություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԻ «ԹԱՓՈՆՆԵՐԻՑ` ԿԵՆՍԱՋՐԱԾԻՆ» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԻ «ԹԱՓՈՆՆԵՐԻՑ` ԿԵՆՍԱՋՐԱԾԻՆ» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմը մասնակցել է «UNDP Armenia’s ImpactAIM»-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և «ISTC - Innovative Solutions and Technologies Center Foundation»-ի կողմից կազմակերպված «Climate Change Tech Accelerator (CCTA)» աքսելերացիոն ծրագրին, ներկայացրել «Թափոններից`կենսաջրածին» ստարտափ նախագիծը և դարձել մրցանակակիր:

«Climate Change Tech Accelerator (CCTA)» աքսելերացիոն ծրագրի նպատակն է տրամադրել ռեսուրսներ, կազմակերպել մենթորշիփեր և այդպիսով աջակցել ստարտափներին, որոնք առաջարկում են կլիմայական ռեսուրսների արդյունավետ կիրառման նախագծեր: Ծրագրի կազմակերպիչների կարծիքով, կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել, որի համար անհրաժեշտ է մեկտեղել տեխնոլոգիական, նորարարական գաղափարներն ու լուծումները:

 

Ծրագիրը մեկնարկել է դեռևս դեկտեմբերին: Մրցույթի  առաջին փուլին մասնակցել է աշխարհի ավելի քան 30 թիմ: ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը ներկայացրել են ֆակուլտետի կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Միրզոյանը, ասպիրանտ Հեղինե Գևորգյանը, մագիստրոսներ Լիանա Վանյանը և Հռիփսիմե Պետրոսյանը: Թիմի խորհրդատուն է եղել Կարեն Թռչունյանը:

 

Մեզ հետ զրույցում թիմի անդամ Լիանա Վանյանը պատմեց, որ ծրագրի առաջին փուլում բոլոր թիմերը մասնակցել են դասախոսությունների և մասնագիտական քննարկումների, որից հետո նրանք ներկայացրել են իրենց գաղափարները. «Գաղափարների ներկայացումից հետո հանձնաժողովն ընտրել է լավագույն 7 թիմ՝ 4 հայկական և 3 արտասահմանյան: Երկրորդ փուլում արդեն մասնակցել ենք տարբեր քննարկումների, մասնագիտական աշխատաժողովների, մենթորների հետ հանդիպումների և խորհրդատվությունների»:

 

Թիմի ավագ Սաթենիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կենսաբանության ֆակուլտետի թիմը ներկայացրել է «Թափոններից`կենսաջրածին» նախագիծը, որն առաջարկում է տեխնոլոգիա, որի միջոցով կարելի է տարբեր թափոնների կիրառումից ստանալ կենսաջրածին, ինչի շնորհիվ էլ կարելի է էկոլոգիապես մաքուր ճանապարհով ստանալ էլեկտրականություն:

 

Սաթենիկ Միրզոյանը վստահեցրեց, որ առաջարկած տեխնոլոգիան հիմնված է գիտահետազոտական տարբեր փորձերի վրա. «Մեր թիմը գիտական տարբեր ուսումնասիրություններ է իրականացնում այս թեմայով: Ունենք տպագրված բազմաթիվ գիտական հոդվածներ ազդեցության բարձր գործակից ունեցող միջազգային ամսագրերում»:

 

Կենսաբանության ֆակուլտետի թիմի առաջարկած նախագիծը հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել և դարձել երկու մրցանակային տեղերից մեկի հաղթողը՝ ստանալով հինգ հազար ամերիկյան դոլարի չափով դրամաշնորհ:

 

Մեզ հետ զրույցում թիմի անդամները վստահեցրին, որ մրցանակը կօգնի հետագայում տեխնոլոգիան առավել լայնամասշտաբ փորձարկել և այն ավելի արդյունավետ դարձնել:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ
«PMI Science» գիտահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ նվիրված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին, որի ընթացքում մագիստրոսական ծրագրի 2021 թվականի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները։
ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ազդարարելով համագործակցության նոր սկզբի մասին: