29.11.2016 | 
Քաղաքականություն
ՆԱՆՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ
ՆԱՆՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի և Արևելագիտության ֆակուլտետների ներկայացուցիչները հյուրընկալել էին Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը:

ԵՊՀ ռեկտորը ողջունեց հյուրերին, ներկայացրեց համալսարանի պատմությունը, գիտահետազոտական կենտրոնները, ինստիտուտները, ինչպես նաև արտասահմանյան հեղինակավոր բուհերի հետ համագործակցությունները: Կարևորվեց երկու երկրների բարեկամական կապերը, որոնք էլ կնպաստեն հետագա համագործակցությունների ամրապնդմանը:

 

Պարոն Սիմոնյանը ներկայացրեց, թե նանոտեխնոլոգիաների ոլորտում Մայր բուհը ինչ գործունեություն է ծավալում, ինչ խնդիրներ կան, և որոնք են այն հիմնական մարտահրավերները, որոնց լուծման բացակայության պատճառով մեր երկրում ոլորտն այնքան էլ զարգացում չի ապրում: Այնուամենայնիվ, պարոն Սիմոնյանը կարծում է, որ պարբերաբար կատարվող քննարկումների, փոխայցելությունների միջոցով երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև համագործակցության նոր ուղիներ և ճանապարհներ կդրվեն:

 

Այնուհետև Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Սաեդ Սարկարին խոսեց իրենց հաջողությունների և գիտական ձեռքբերումների մասին: Նա նշեց, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում իրենք հետազոտական կենտրոններ ունեն, ինչն էլ ապահովում է ուսումնասիրությունների կատարումը և մասնագիտական ներուժը. «Մեր դասախոսների, ուսանողների համար մենք գործի ենք դրել մասնագիտական ուսուցողական վորքշոփեր, հրավիրել ենք արտասահմանյան մասնագետների, որպեսզի նրանցից նոր բան սովորենք: Կարծում եմ՝ այդ ամենը կարող ենք կազմակերպել նաև մեր երկու երկրների մասնագետների համար, որպեսզի նրանք աշխատեն իրար հետ»:

 

Իրանից ժամանած հյուրերը ցանկություն հայտնեցին ծանոթանալ Հայաստանի գիտնականների հետ, կառուցել գործնական կապեր: Մայր բուհը առաջիկայում պատրաստվում է սերտ համագործակցության մեջ մտնել Իրանի նանոտեխնոլոգիական ոլորտի առաջատար գիտակրթական և հետազոտական կազմակերպությունների հետ:

 

Այնուհետև հյուրերը շրջեցին ԵՊՀ ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում, ծանոթացան լաբորատոր հնարավորություններին, դրանց պայմաններին, կատարվող ուսումնասիրություններին, հանդես եկան առաջարկություններով և պատասխանեցին մասնագետների հարցերին:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները:
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ԵՊՀ գիտխորհրդի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: